Օգնող մասնագետները ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքի մասին. մաս 2

29-03-2024

Բռնությունը անձի կամքին հակառակ կատարվող հոգեբանական, ֆիզիկական, սեռական, տնտեսական բնույթ կրող գործողություն է, որն ուղղված է բռնության ենթարկվող անձին ֆիզիկական և/կամ հոգեկան տառապանք, վնաս պատճառելուն: Որպես այդպիսին՝ բռնության նպատակն է դիմացինին ենթարկեցնել սեփական պահանջներին` գործադրելով ուժ, ստիպողականություն, իշխանություն կամ սպառնալիք: Այն կարող է արտահայտվել մարդկային ցանկացած հարաբերությունում՝ քույր-եղբայր, ամուսիններ, զուգընկերներ, ընկերներ, դասընկերներ, գործատու-աշխատակից և այլն: 

Բռնության տեսակներից ամենաքիչը թերևս խոսվում է զուգընկերային բռնության մասին, քանի որ մարդիկ հաճախ հավատում են նրան, որ զուգընկերային հարաբերություններն առավել ապահով հարաբերություններ պետք է լինեն՝ զերծ բռնությունից։ Գույներն ավելի են խտանում, երբ խոսում ենք նույնասեռ զույգերի մասին, քանզի այս դեպքում հաճախ կա նայիվ հավատ, որ նույնասեռ հարաբերությունները, լինելով թիրախավորված հասարակության լայն շերտերի կողմից, պետք է ինքնին բացառեն բռնության ցանկացած դրսևորում, սակայն վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ նույնասեռ հարաբերություններում նույնպես առկա է զուգընկերոջ կողմից բռնություն։ Բռնության այս ենթատեսակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ զույգը սովորաբար կիսում է մեկ ընդհանուր տարածք, կենցաղ, ժամանակ, ուստի բռնության այս տեսակը կարող է համարվել ընտանեկան բռնության ենթատեսակ և իր մեջ կրել այն բոլոր հատուկ դրսևորումները, որոնք կան ընտանեկան բռնության պարագայում։ 

Հետերոնորմատիվ աշխարհում առաջնային են համարվում ամուսնու/տղամարդու կարիքները՝ այդ թվում նաև սեռական ցանկությունները, ինչից ելնելով էլ հենց կնոջն է պարտադրվում այդ կարիքների բավարարումը: Հայկական իրականության մեջ հաճախ զուգընկերների միջև սեռական հարաբերություն ունենալը համարվում է  «պարտականություն», պարտադիր գործողություն, որը պետք է իրականացվի անկախ կամքի առկայությունից: Այս պարագայում սեռական հարաբերությունը հիմնականում տեղի է ունենում այն ժամանակ, երբ ամուսինն է ցանկանում՝ անկախ կնոջ ցանկությունից, զգացողությունից, ֆիզիկական վիճակից և այլն: Ուժն ու իշխանությունը ձևավորվում են նաև այն հանգամանքից, թե որքանով է տվյալ անձը խոցելի կարգավիճակում, որքանով ունի աջակցող ցանց, ինչ հոգեկան/հոգեբանական կամ ֆիզիկական վիճակում է գտնվում և կարող է ինքնուրույն ընդգծել իր սահմանները կամ դուրս գալ բռնարարի հետ հարաբերություններից: Այս վերագրումները առկա են նաև նույնասեռ զույգում, քանի որ հայրիշխանական հայեցակարգի պատկերացումներն ու սպասելիքները արտապատկերվում են նաև այս հարաբերություններում։ Հաճախ բռնության ենթարկվող անձը կարող է չգիտակցել, որ այն, ինչ իր հետ կատարվում է՝ բռնություն է, անառողջ է, քանի որ իր ընկալումներում դրանք հարաբերությունների մաս են, և «եթե ցանկանում ես հարաբերությունները պահել, ապա պետք է ինչ-որ բաների դիմանալ, ինչ-որ բաներից հրաժարվել,սահմանների մասին մոռանալ, դադարեցնել հարաբերությունները նախկին շրջապատի, ընկերների հետ, հարմարվել զուգընկերոջ պահանջներին՝ առանց սեփական կարիքները հաշվի առնելու», քանի որ հենց այդպիսին է հայրիշխանական հասարակության «իդեալական հարաբերությունների» ընկալումը, իսկ բռնությունը ձևավորվում և խրախուսվում է նաև հայրիշխանական հայեցակարգում առկա պատկերացումների, կարծրատիպերի, նախապաշարմունքների պատճառով:  

Այստեղ կարևոր է ընդգծել մասնագիտական աշխատանքում դրսևորվող զգայուն վերաբերմունքը բռնության ենթարկվող անձի նկատմամբ։ Մասնագետները պետք է զերծ մնան  աջակցության դիմած մարդուն կրկնակի զոհականացման ենթարկելուց։ Կարևոր է հիշել, որ բռնության համար պատասխանատու է միայն այն կողմը, որը կիրառում է բռնություն։ 

Թե՛ բռնության դեպքերով, թե՛ սուիցիդալ վարքի հետ աշխատանքի յուրահատկությունների արդյունքում (տե՛ս հոդվածի 1-ին մասը) մասնագետները գտնվում են աննուղղակի/երկրորդային տրավմատիզացիա ստանալու ռիսկային խմբում, քանի որ լսում և տեղեկանում են տրավմատիկ փորձառություն ունեցող անձանց պատմությունների, հուզական տարբեր դրսևորումների մասին, ապրումակցում նրանց: Երկրորդային տրավմատիզացիան իր մեջ կարող է ներառել հետտրավմատիկ սթրեսային խանգարման սիմպտոմները: Դրանք են՝ տրավմատիկ փորձառության վերապրումը՝ հիշողության և երազների միջոցով, մղձավանջային երազները, կպչուն մտքերը, խուսափումը ցանկացած իրավիճակից, մտքից, զգացողությունից, որը կարող է հիշեցնել տրավմատիկ փորձառությունը, բարձր զգոնությունը, նաև կարող դիտվել դեպրեսիայի և տագնապի սիմպտոմներ: Հայաստանյան իրականություն մեջ՝ հաշվի առնելով մշակութային առանձնահատկությունները ևմտածողությունը, ինչպես նաև վերջին ժամանակահատվածի պատերազմները և դրանց հետևանքները, առավել հաճախ կարելի է հանդիպել հուզական այրման ու երկրորդային տրավմատիզացիայի դրսևորումներ:  

Հարկ է նշել նաև, որ մեր իրականությունում դեռ կան օգնող մասնագետներ, որոնք ունեն նախապաշարմունքներ ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքի հետ կապված։ Այս մոտեցումները հակասում են գիտականության սկզբունքներին և մասնագիտական էթիկային։ Բացի այդ, այն մասնագետները, որոնք պատրաստակամություն են հայտնում իրենց մասնագիտական պարտքն իրականացնել հակախտրական մոտեցումների համաձայն՝ հաճախ թիրախավորվում են իրենց մասնագիտական համայնքներում, որը լրացուցիչ սթրեսի և լարվածության պատճառ է դառնում։ Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ ի վերջո քիչ քանակությամբ օգնող մասնագետներ ստիպված են լինում վերցնել միառժամանակ մի քանի դժվար տրավմատիկ յուրահատկություն ունեցող դեպքեր։ Սա նույնպես նպաստում է օգնող մասնագետների հուզական այրմանը և երկրորդական տրավմատիզացիային։ Ուստի շատ կարևոր է, որ օգնող մասնագետները նույնպես հոգ տանեն իրենց մասին, և զբաղվեն ինքնախնամքով, որպեսզի կարողանան հետագայում օգնել նաև կարիքի մեջ գտնվող իրենց այցելուներին։ Ինչպես ասում են՝ օդանավում սկզբից միշտ հարկավոր է ամրացնել սեփական թթվածնային դիմակը, նախքան դիմացինին օգնելը։