Լրամփոփ | հունիս 2026

30-06-2026

Եռօրյա հանդիպում Հայաստան նոր եկած ԼԳԲՏ+ անձանց համար

Հունիսի 12-14-ը տեղի ունեցավ եռօրյա հանդիպում Հայաստան նոր եկած ԼԳԲՏ+ անձանց համար, որի նպատակն էր մասնակիցներին տրամադրել գործնական տեղեկատվություն, աջակցություն և անհրաժեշտ հմտություններ՝ Հայաստանում իրենց նոր կյանքը կազմակերպելու և տարբեր համակարգերում ավելի վստահ կողմնորոշվելու համար։

Հանդիպմանը ներկա էր ԼԳԲՏ+ համայնքից 16 մասնակից՝ տարբեր երկրներից, այդ թվում՝ Իրանից, Հնդկաստանից, Նիգերիայից, Ալժիրից, Ռուսաստանից և այլ երկրներից։

Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ստանալ օգտակար տեղեկություններ, այլև կիսվել սեփական փորձով, բարձրաձայնել իրենց մտահոգությունները և քննարկել Հայաստանում ապրելու ընթացքում հանդիպող դժվարությունների մասին։

Փինքի թիմը ընտրություններին որպես՝ դիտորդ

Ընտրությունների ընթացքում մեր թիմի անդամներից՝ Սեդան, Էդգարը, Կարինեն և Արան ներգրավված էին որպես դիտորդներ, փաստաբաններ և իրավաբաններ՝ աջակցելով ընտրական գործընթացի մոնիթորինգին և արձագանքելով հնարավոր խնդիրներին:

Փինքը շարունակելու է նպաստել մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը Հայաստանում:

Ես լռում եմ, որովհետև…

«Ես լռում եմ, որովհետև…» արշավի շրջանակներում Փինքի յութուբյան ալիքում հրապարակվեց 6 տեսանյութեր, որտեղ ԼԳԲՏ+ մարդիկ կիսվեցին իրենց պատմություններով՝ խոսելով լռության պատճառների, դրա հետևանքների և այն դժվարությունների մասին, որոնց նրանք բախվում են առօրյա կյանքում։

Հպարտության ամսվա միջոցառումներ

Մեր ներկայացուցիչները ներկա են եղել Քիշինևում և Լյուբլյանայում անցկացվող փրայդ միջոցառումներին՝ կիսելով փորձը, ոգեշնչվելով միջազգային համայնքներից և ներկայացնելով Հայաստանի ԼԳԲՏ+ համայնքը։

Հպարտության Ճամբար 2026

Հունիսի 26-28-ը տեղի ունեցավ Հպարտության ամսվա ամենամյա ամփոփիչ միջոցառումը՝ 6-րդ Հպարտության ճամբարը, որն այս տարի անցկացվեց «Ես եմ» խորագրի ներքո։ Ճամբարը միավորեց Հայաստանի տարբեր համայնքներից 21 ԼԳԲՏ+ մասնակցի՝ ապահովելով անվտանգ և ներառական միջավայր, որը նպաստեց ինքնաճանաչման, ինքնության արժևորման, փորձառությունների փոխանակման և համայնքային կապերի ամրապնդմանը։

Ծրագրի շրջանակում իրականացվեցին քննարկումներ, ինքնաճանաչմանն ուղղված գործնական վարժություններ, խմբային աշխատանքներ և փորձի փոխանակման ձևաչափեր, որոնք նպաստեցին փոխադարձ վստահության, համերաշխության և փոխաջակցության մշակույթի զարգացմանը։ «Ես եմ» խորագիրն ընդգծեց սեփական ինքնության ճանաչման և ընդունման կարևորությունը՝ որպես անհատական զարգացման, համայնքային համախմբման և հզորացման հիմնարար նախապայման։

ԼԳԲՏ+ անձանց ծնող դառնալու մասին հետազոտություն

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացնում է հետազոտություն Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց ծնող դառնալու փորձառության և մարտահրավերների վերաբերյալ:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց, այդ թվում՝ զույգերի երեխա ունենալու հնարավորությունները:

Հարցումն ամբողջությամբ անանուն է։