Լրամփոփ | դեկտեմբեր 2023

27-12-2023

ԼԲՏ+ կանանց և նույնասեռ զույգերի շրջանում բռնության դեպքերն ու դրանց միտումները Հայաստանում

«ԼԲՏ+ կանանց և նույնասեռ զուգընկերների շրջանում բռնության դեպքերն ու դրանց միտումները Հայաստանում» հետազոտության ներկայացումը և դրա քննարկումը տեղի ունեցավ 2023թ․ դեկտեմբերի 13-ին։ Միջոցառումը իրականացվեց «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համատեղ ջանքերով՝ ՄԱԿ-ի կանանց աջակցման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում։

Միջոցառմանը ներկայացվեց հետազոտությունը, որի հիմնական նպատակն էր տարբեր կողմերից ուսումնասիրել լեսբի, բիսեքսուալ կանանց ու տրանս+ մարդկանց (ԼԲՏ+) նկատմամբ և զուգընկերների միջև բռնության դրսևորումները հենց Հայաստանյան համատեքստում։ Այն ամփոփում էր Հայաստանում առկա իրավակարգավորումների և ԼԲՏ+ կանանց նկատմամբ ու զուգընկերոջ կողմից բռնության դեպքերի ամփոփ զեկույցը, աջակցող օղակի շրջանակներում օրինաչափությունների դուրսբերմանն ուղղված ուսումնասիրությունը և դրա արդյունքները։

Ներբեռնել զեկույցը։

«Բռնության դեմքը․ մարդու իրավունքները և կանանց հիմնահարցերը» միջոցառումը Վանաձորում

Ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը Հայաստանում և միջազգայնորեն նշվում է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը։ Արշավի այս տարվա խորագիրն է «Միասի՛ն կարող ենք կանխել բռնությունը»։ Գենդերային բռնությունը վերաբերում է յուրաքանչյուրիս, և յուրաքանչյուրս էլ կարող ենք անել մեր քայլը՝ կանխելու գենդերային բռնության բոլոր տեսակների շղթաները։

2023թ․ դեկտեմբերի 6-ին «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ համատեղ իրականացրեց «Բռնության դեմքը․ մարդու իրավունքները և կանանց հիմնահարցերը» միջոցառումը` կիսելով 16-օրյակի այս տարվա ուղերձները։ Այն տեղի ունեցավ Վանաձորի սրճարաններից մեկում, որտեղ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին գենդերային խտրականության և կանանց նկատմամբ բռնության դրսևորումներից, ընտանեկան բռնության դեպքերի և երկրում առկա աջակցության մեխանիզմներից, կանանց սեռական ու վերարտադրողական առողջության ու իրավունքի ոլորտում առկա խնդիրներից, սեռական բռնության և ոտնձգության հարցերից։

Քվիր ճամբար

Դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցավ մարզում բնակվող ԼԳԲՏ+ անձանց ճամբարը։ Այն կազմակերպվել էր Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավի շրջանակներում և ներառում էր հանդիպումներ գենդերային ինքնության, սեռականության, զգայունության և իրավունքների հետ կապված արդիական հարցերի, համայնքային ռեսուրսների և ակտիվիստների ինքնակազմակերպման վերաբերյալ: Ճամբարին մասնակցել է շուրջ 20 մարդ Հայաստանի տարբեր մարզերից։

Մաղթում ենք ուրախ տոներ

Հարգելի ԼԳԲՏ+ համայնք, գործընկերներ և աջակիցներ,

Փինքն ունեցել է մարտահրավերներով և հաջողություններով լի տարի: Չնայած հասարակության խտրական վերաբերմունքին և ծանր իրադարձություններին, Փինքը զգալի ջանքեր է գործադրել ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության և պայքարի մասին իրազեկման ուղղությամբ։

Համայնքային միջոցառումների, հաղորդակցության արշավների և ջատագովությանն ուղղված ջանքերի միջոցով խթանեցինք միասնությունն ու տոկունությունը ԼԳԲՏ+ անձանց շրջանում: Կերտելով ավելի ներառական և ընդունող հասարակություն՝ Փինքը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել՝ բերելով որոշակի փոփոխություններ։

Հուսով ենք, որ գալիք տարին նոր հնարավորություններ կստեղծի փոփոխությունների, առաջընթացի և խաղաղության համար։ Մաղթում ենք ձեզ ուրախ տոներ։