Լրամփոփ | սեպտեմբեր 2023

11-10-2023

Սեպտեմբերը կրկին դարձավ ծանր ամիս հայաստանյան հասարակության համար, հերթական անգամ ադրբեջանական ագրեսիայից տուժեցին հազարավոր հայրենակիցներ, սպանվեցին և վիրավորվեցին իրենց ընտանիքներն ու բնակավայրերը պաշտպանելու համար։ Երկար ձգվող հումանիտար աղետը Արցախի բնակչության համար հասավ այն ծայրահեղ կետին, որ նրանք բռնի կերպով հեռացվեցին իրենց բնակավայրերից և մնացին անօթևան, և այժմ ակտիվիստները, հասարակական կազմակերպություններն ու պետությունը ջանքեր չեն խնայում տեղահանված անձանց Հայաստանում վերաբնակեցնելու և աջակցություն տրամադրելու համար։ Փինքը Հայաստանում գործող կոալիցիաների և համագործակցային ցանցերի միջոցով ևս ներգրավված է այդ աշխատանքներում։ Իսկ մեր կամավորները Գորիսում և Վայքում ներգրավված են բռնի տեղահանված անձանց գրանցման և աջակցման աշխատանքներում։

Փինքի նոր աջակցության ծրագիրը արցախցիների համար

Պայմանավորված 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի կողմից իրականացված բռնի գործողությունների և ներկայում բռնի տեղահանման արդյունքում մարդկանց մեծ հոսքով Հայաստան՝ Փինքը ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր Արցախից տեղահանված ԼԳԲՏՔ+ անձանց և հարազատների համար։ Կազմակերպությունը կարող է ապահովել մարդկանց առաջնային աջակցությունը՝ կեցության, սննդի ու առողջապահական հարցերով։ Հասանելի կլինի նաև ԼԳԲՏՔ+ զգայուն մասնագիտական աջակցությունը և ծառայությունները (սոցիալական աշխատող, հոգեբան, իրավաբան)՝ ներառյալ ուղղորդումները համապատասխան կառույցներին։

Սոցիալական աջակցության հարցով կարող եք կապ հաստատել Փինքի թեժ գծով՝ 033 522533, կամ գրել կազմակերպության էլ․ հասցեին՝ [email protected]:

Տոկունության ձայներ հոգեբանական խմբակներ

Գաղտնիք չէ, որ պատերազմի և ռազմականացման կոնտեքստում խոցելի խմբերը էլ ավելի խոցելի են դառնում։ Այս համատեքստում մեծ նշանակություն է ձեռք բերում հոգեբանական աջակցության առկայությունը՝ որպես սթրեսային ազդեցությունները թուլացնող և ապաքինող գործիք։ Արդեն վաղուց ապացուցված է, որ փոխաջակցության և համայնքահեն հոգեբանական աջակցության խմբերը շատ արդյունավետ են աշխատում այնպիսի իրավիճակներում, որտեղ մարդիկ նմանատիպ փորձառություն են ապրում և կյանքի պայմանները համընկնում են։ Հաշվի առնելով այս ամենը՝ Փինքում մեկնարկել են հոգեբանական աջակցության խմբեր կանանց, քվիր և ինտերսեքս անձանց համար։ Խմբերն անդրադառնալու են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ սթրեսային իրավիճակներում արձագանքման հմտությունների ձեռքբերում, տոկունության բարձրացում, ինքնաազնվացում, ինքնաճանաչում և այլն։ Այս աշխատանքներն իրականացվում են “Կանանց Հիմնադրամի” ֆինանսական աջակցությամբ։ Համայնքի շրջանում հոգեբանական խմբերին մասնակցության հանդեպ մեծ հետաքրքրությունը փաստում է այն մասին, որ դրա կարիքն առավել, քան երբևէ բարձր է։ Դժվար իրավիճակներում հոգեկան առողջության պահպանումը մարտահրավերային է դառնում, ուստի Փինքը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, փորձում է ստեղծել տարածքներ, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան հոգ տանել իրենց հոգեկան առողջության և բարեկեցության մասին։

Անգլերենի խոսակցական խմբակ

Փինքը հուլիս ամսից մեկնարկել է անգլերենի խոսակցական խմբակի դասընթացը։ Դասընթացն իրականացնում է կազմակերպության կամավորներից մեկը, ով անգլերենի մասնագետ է։ Քննարկման թեմաներն ընտրում է խումբը․ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվում են տարբեր թեմաներ՝ միայն անգլերենով, որպեսզի խումբը զարգացնի խոսակցական հմտությունները։

Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական երկու անգամ։