Փինքն ունի նոր գործադիր տնօրեն

15-08-2023

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն արդեն ունի նոր գործադիր տնօրեն։ Օգոստոսի 1-ից գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Հռիփսիմե Կիզոգյանը։

Հռիփսիմեն աշխատում է Փինք իրավապաշտպան ՀԿ-ում 2019 թվականից ի վեր։ Ի սկզբանե Հռիփսիմեն Փինքում աշխատել է որպես ծրագրի համակարգող, իսկ 2021 թ․-ից սկսած նրա հաստիքը փոխվել է, և նա սկսել է աշխատել որպես կազմակերպության մոնիթորինգի և գնահատման մասնագետ։ Այդ ընթացքում Հռիփսիմեն մշակել է մոնիթորինգի և գնահատման համապարփակ պլան, իրականացրել է տվյալների հավաքագրում և լրատվամիջոցների մշտադիտարկում ԼԳԲՏ անձանց առնչվող թեմաներով։ Նա իր աշխատանքին ամբողջապես նվիրված մասնագետ է, ով պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության, ադվոկացիայի և սոցիալական բարեփոխումներ իրականացնելու համար։

Հռիփսիմեն սովորել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում, ինչի արդյունքում ստացել է սոցիոլոգի որակավորում։ Իր մասնագիտական զարգացման ճանապարհին նա մասնակցել է բազմաթիվ դասընթացների, ինչպես նաև վերապատրաստումներ է անցել մոնիթորինգի և գնահատման ոլորտում՝ ձեռք բերելով տվյալների հավաքագրման և փաստերի ստուգման հարուստ մասնագիտական փորձ։ Իր ուժեղ վերլուծական հմտություններով, ուշադրությամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու եռանդով Հռիփսիմեն կարևորագույն ներդրում ունի կազմակերպության գործունեության մեջ, քանի որ աշխատանքում նա մշտապես ձգտում է դրական ազդեցություն ունենալ և ջատագովել սոցիալական փոփոխությունների հասնելու համար։