Լրամփոփ | հունիս 2024
Հունիսը՝ Հպարտության ամիսը
Հունիսը Հպարտության ամիսն է` բարձրացնելու ԼԳԲՏ+ համայքի տեսանելիությունը և տոնելու ձեռքբերումներն ու առաջընթացը, ինչպես նաև բարձրաձայնելու այն խնդիրների մասին, որոնց բախվում են ԼԳԲՏ+ անձինք։
Հունիսին խոշոր կորպորացիաների տարբերանշանները դառնում են ծիածանագույն՝ ԼԳԲՏ+ անձանց աջակցելու և իրենց սոլիդարությունը հայտնելու համար, իսկ մենք մեր գույները նվիրեցինք բոլոր նրանց, ովքեր դեռ քաջություն գտնելու ճանապարհին են՝ ծածանելու իրենց հպարտության դրոշը:
Մի շարք մշակութային և սոցիալական միջոցառումներ կազմակերպվեցին Փինքի կողմից, որոնցից մի քանիսի մասին կարող եք կարդալ այս Լրամփոփում։
Այց Փարաջանովի թանգարան
Հպարտության ամսվա շրջանակներում այցելեցինք Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան Երևանում։ Այցելության շրջանակներում անդրադարձ կատարվեց Փարաջանովի թողած մեծ ժառանգությանը, այն հղումներին և խորհրդանիշներին, որոնք առկա են աշխարհահռչակ արվեստագետի աշխատանքներում։
Չնայած թանգարանի աշխատակիցները չեն սիրում խոսել Փարաջանովի ստեղծագործությունների քվիր խորհրդանիշների մասին, ավելին՝ դիմադրում են դրան, սակայն արվեստի գործերն առավել քան խոսուն էին նույնիսկ առանց մեկնաբանության։
Հպարտության ճամբար
Հպարտության ամսվա շրջանակում, տեղի ունեցավ ամենամյա չորրորդ Հպարտության ճամբարը։ Այս տարվա ճամբարը կառուցվել էր փոխհարաբերությունների և համաձայնության թեմայի շուրջ։
Այս անգամ ճամբարը միավորեց Երևանում և մարզերում բնակվող 16 ԼԳԲՏ+ անձանց և համախոհներին։ Թեմայի բավանդակությունը հնարավորություն էր տվել ճամբարի ընթացքում ընդգրկելու նաև քվիր և նույնասեռ զույգերին, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով և փոխհարաբերությունների մասին մտքերով։ Մասնակիցները նաև հնարավորություն ունեին հարաբերությունների մասին իրենց հուզող հարցերը տալ հոգեբաններին։ Ճամբարի օրակարգը լի էր հետաքրիր վարժություններով, ինտերակտիվ քննարկումներով և մի փոքր էլ հանգստով։
Հպարտության ճամբարը շարունակում է լինել համայնքի համար ապահով վայր միմյանց հետ ծանոթանալու, շփվելու և փորձով փոխանակվելու համար։ ԼԳԲՏ+ անձանց միջև հարաբերությունների մասին շատ քիչ է խոսվում հանրային տիրույթներում, հետևաբար ԼԳԲՏ+ անձանց հարաբերությունների շատ քիչ օրինակներ են տեսանելի։ Այսպիսով, մեզանից է կախված սովորել և բացահայտել մեզ համար դրական փոխհարաբերությունների մոդելը, իսկ հաջողելուց հետո նաև լինել այդ իսկ մոդելի վերարտադրողը։
Ծիածան թխուկներ
Ամսվա միջոցառումների շրջանակներում իրականացվեց մեր հերթական միջոցառումը՝ Ծիածան թխուկները: Միջոցառումն անցավ ջերմ և ուրախ միջավայրում, որտեղ բոլորը հնարավորություն ունեցան ստեղծագործելու և ինքնաարտահայտվելու:
Մասնակիցները զարդարեցին թխուկներ վառ և գունավոր ծիածանային սերուցքներով՝ ստեղծելով յուրահատուկ և գեղեցիկ ձևավորումներ: Զարդարելու ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց քվիր փորձառություններով՝ ստեղծելով մտերմիկ և ապահով միջավայր։
Միջոցառումը ոչ միայն հնարավորություն տվեց մասնակցիներին արտահայտել իրենց ստեղծագործականությունը, այլ նաև ամրապնդեց համայնքային ոգին՝ կապելով բոլորին ընդհանուր պատմությունների և փորձառությունների միջոցով:
Ընդհանուր առմամբ, միջոցառումը դարձավ հիշարժան և տպավորիչ փորձառություն բոլորի համար:
Տոնելով Հպարտության ամիսը
Հպարտության ամսվա շրջանակներում կազմակերպված մեր հերթական տպավորիչ հանդիպումներից մեկը՝ Տոնելով հպարտության ամիսը։ Այն համախմբել էր մարզերի տասնյակ ակտիվիստների և ԼԳԲՏ+ անձանց: Միջոցառումն անցավ ջերմ և ակտիվ միջավայրում, որտեղ բոլոր ներկաները տարածք ունեցան ծանոթանալու, արդյունավետ ժամանակ անցկացնելու, շփվելու, ինչպես նաև լսելու հպարտության ամսվա մասին:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր տեղերից ժամանած ԼԳԲՏ+ անձանց և համախոհների հետ, խոսելու իրենց հետաքրքրող թեմաներից ու խաղերի միջոցով ծանոթանալու մյուսների կարծիքներին ու փորձառություններին։
Միջոցառումը ոչ միայն հնարավորություն տվեց մասնակցիներին ծանոթանալ հպարտության ամսվա պատմությանը, այլև տոնելու ու ավելի ապահով զգալու միմյանց հետ։
Հպարտության երթեր
Փինքի ներկայացուցիչները նաև մասնակցեցին Մոլդովայում անցկացվող Հպարտության երթին և Եվրոփրայդին։
Հունիսի 16-ին Քիշնևում անցկացվեց ամենամյա Հպարտության երթը, որը միավորել էր հարյուրավոր ակտիվիստների ոչ միայն Մոլդովայից, այլև Արևելյան Եվրոպայից ու այլ երկրներից: Հերթական անգամ Մոլդովան ապացուցեց, որ հավասարությունն ու բազմազանությունը երկրի զարգացման հիմնաքարն են: Փինքն այս երթին մասնակցեց ԼԳԲՏ+ հավասարության Արևելյան Եվրոպայի կոալիցիայի գործընկեր կազմակերպությունների հետ միասին:
Այս տարի Եվրոփրայդը տեղի ունեցավ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հունիսի 29-ին, որտեղ մեր հաղորդակցության ղեկավարը մասնակցեց Հպարտության երթին Իլգա Եվրոպայի խորհրդի այլ անդամների և ներկայացուցիչների հետ միասին:
Հպարտության երթը հույսի և միասնության խորհրդանիշն է՝ հիշեցնելով մեզ, որ սերը միշտ կհաղթի ատելությանը: