Լրամփոփ | փետրվար 2025

03-03-2025

Կարևոր զեկույցների մասին

Հյումն ռայթս ուոթչը 2025 թ. հունվարին հրապարակել է իր ամենամյա Աշխարհի զեկույցը՝ ներկայացնելով 2024 թվականին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի համապարփակ վերլուծությունը։ Զեկույցը ընդգծում է ինչպես ձեռքբերումները, այնպես էլ շարունակվող մարտահրավերները՝ իրավապահ մարմինների հաշվետվողականության, անձնական կյանքի իրավունքի, արտահայտման ազատության, հավասարության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և գենդերային հիմքով բռնությունից պաշտպանության ոլորտներում։

Զեկույցում անդրադարձ է կատարվում ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության դեպքերին։ Սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հանրային բացահայտման հետևանքով խտրականության և նվաստացման վախը, ինչպես նաև հետաքննություն իրականացնող մարմնի նկատմամբ անվստահությունը, շատերին խանգարում են հաղորդել իրենց նկատմամբ կատարված ատելության հիմքով հանցագործությունների մասին։

Իլգա Եվրոպան նույնպես հրապարակել է իր տարեկան զեկույցը, որը ներկայացնում է ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների վիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։ Զեկույցը փաստում է, որ 2024 թվականին Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վիճակը մնում է անկայուն՝ պայմանավորված շարունակական խտրականությամբ, բռնությամբ և օրենսդրական բացերով, որոնք ազդում են համայնքի վրա։ Ատելության խոսքի, բռնության, ծառայություններից հրաժարվելու և ինստիտուցիոնալ ձախողումների դեպքերը շեշտադրում են այն մարտահրավերները, որոնց համայնքն առերեսվել է տարվա ընթացքում։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանը (ՀՊԴ), հարկ է նշել, որ Փինքը՝ The Advocates for Human Rights-ի հետ համատեղ, պատրաստել և ներկայացրել է ստվերային զեկույց դեռ անցած տարի, իսկ վերջերս կազմակերպության ներկայացուցիչը մասնակցել է ՀՊԴ նախնական նիստին և կոչ արել ընդունել հակախտրականության օրենսդրություն, որը հստակ կներառի սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հիմքեր, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրել իրավասություն՝ հանրային շահին առնչվող գործերում հանդես գալու խտրականության ենթարկվող համայնքների անունից։

Փինքը հրապարակեց երկու կարևոր դիրքորոշում

Մենք կարևոր համարեցինք արձագանքել վերջին շրջանում ակտիվացած ԼԳԲՏ+ թեմաների շուրջ ապատեղեկատվությանն ու մանիպուլյացիաներին։ Ակնհայտ է, որ ԱՄՆ 47-րդ նախագահի քաղաքականությունը վնասում էր ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին՝ խրախուսելով ծայրահեղական խմբերին։

Մենք համոզված ենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորման դադարեցումը լուրջ հետևանքներ էր ունենալու Հայաստանի համար, քանի որ այն ազդում էր ոչ միայն ԼԳԲՏ+ կազմակերպությունների, այլև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Կազմակերպությունը դարձավ ապատեղեկատվության և մանիպուլյացիաների թիրախ, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ Հանրապետականների Սենատը հրապարակեց տեղեկություն, որը քաղաքական շրջանակներում շահարկվեց։

Մենք միշտ աշխատել ենք բաց և թափանցիկ՝ ներկայացնելով հաշվետվություններ պետությանը, դոնորներին և շահառուներին։ Վստահ ենք, որ մարդու իրավունքները չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան, ուստի կոչ ենք անում բոլոր կողմերին պայքարել ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և ժողովրդավարական արժեքների։

Մեր արձագանքը ԼԳԲՏ+ հարցերի նոր շահարկումներին կարող եք կարդալ այստեղ։

Փինքը նաև մտահոգություն է հայտնում ԼԳԲՏ+ համայնքի և իրավապաշտպան ոլորտում արձանագրված սեռական ոտնձգությունների, բռնության, դիրքի չարաշահման, շանտաժի և արհեստական մրցակցության դեպքերի վերաբերյալ։ Կազմակերպությունը խստորեն դատապարտում է նման երևույթները և վերահաստատում իր հանձնառությունը մարդու իրավունքների, հավասարության և անվտանգ միջավայրի ստեղծման հանդեպ։

ՄԵնք խուսափում ենք կոնկրետ դեպքեր հրապարակելուց՝ հաշվի առնելով շահառուների անձնական տվյալների պաշտպանությունը, սակայն ընդգծում է, որ իրավապաշտպան համարվող որոշ անձինք գործադրել են իշխանական դիրքի չարաշահում, խոչընդոտել շահառուների աջակցությունը և տարածել ապատեղեկատվություն։

Սեռական շահագործումն ու դիրքի չարաշահումը մարդու իրավունքների պաշտպանների կողմից ամենալուրջ վստահության խախտումներից են։ Կոչ ենք անում վերջ տալ անպատժելիության մշակույթին և հաստատել համագործակցություն միայն այն անհատների և կազմակերպությունների հետ, որոնք չեն խախտում մարդու իրավունքները։

Փինքը շարունակում է ներդնել մեխանիզմներ՝ կանխելու սեռական ոտնձգությունները, շահերի բախումը և խտրականությունը, ապահովելով ապահով և թափանցիկ միջավայր իր թիմի, շահառուների ու գործընկերների համար։

Փինքի դիրքորոշումն իրավապաշտպանության ոլորտում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ կարող եք կարդալ այստեղ։

ՁԻԱՀ-ի հակազդման շարժումը Հայաստանում

Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի պատմությունը սկսվում է 2000-ականներից։ Այդ ժամանակ խնդիրն առավելապես անհայտ էր հասարակության լայն շրջանակներին։ Սակայն մի խումբ նվիրյալներ սկսեցին կարևոր շարժում, որի նպատակն էր ոչ միայն կյանքեր փրկել, այլևս մարդկանց համար ապահովել արժանապատիվ կյանք։

Դիտեք շարժման պատմության մասին տեսանյութը։