ԼԳԲՏ մարդիկ շարունակում են ենթարկվել խտրականության. Հյումն ռայթս ուոթչ
Հյումն ռայթս ուոթչը 2025 թ. հունվարին հրապարակել է իր ամենամյա Աշխարհի զեկույցը՝ ներկայացնելով 2024 թվականին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի համապարփակ վերլուծությունը։ Զեկույցը ընդգծում է ինչպես ձեռքբերումները, այնպես էլ շարունակվող մարտահրավերները՝ իրավապահ մարմինների հաշվետվողականության, անձնական կյանքի իրավունքի, արտահայտման ազատության, հավասարության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և գենդերային հիմքով բռնությունից պաշտպանության ոլորտներում։
Չնայած որոշ դրական զարգացումներին, օրինակ՝ Հայաստանն իբրև Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պայմանագրի՝ Հռոմի կանոնադրության, 124-րդ անդամ պետություն դառնալուն, երկրում դեռևս առկա են լուրջ մարտահրավերներ։ Հատկապես նկատելի է, որ ԼԳԲՏ համայնքը շարունակում է բախվել համակարգային խտրականության, ոտնձգությունների և բռնության, ինչը ընդգծում է համապարփակ իրավական պաշտպանության և հասարակական փոփոխությունների անհրաժեշտությունը։
Զեկույցում անդրադարձ է կատարվում ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության դեպքերին։ Սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հանրային բացահայտման հետևանքով խտրականության և նվաստացման վախը, ինչպես նաև հետաքննություն իրականացնող մարմնի նկատմամբ անվստահությունը, շատերին խանգարում են հաղորդել իրենց նկատմամբ կատարված ատելության հիմքով հանցագործությունների մասին։ Այս հանցագործությունների քննությունները հաճախ անարդյունավետ են կամ անավարտ, իսկ մեղադրանքները հաճախ չեն արտացոլում կատարողների հոմոֆոբ կամ տրանսֆոբ դրդապատճառները։ Քրեական օրենսգիրքը բացահայտ կերպով չի ճանաչում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ատելության շարժառիթը որպես ատելության հիմքով հանցագործությունների ծանրացուցիչ հանգամանք, իսկ իրավապահ մարմինները շարունակում են խուսափել նման շարժառիթների դիտարկումից մեղադրանքներ առաջադրելիս։ Տեղական կազմակերպությունները փաստագրել են ԼԳԲՏ աշակերտների դպրոցներից դուրս մնալու մի քանի դեպք՝ շարունակական բռնության պատճառով։
Հայաստանի իրավական շրջանակը շարունակում է մնալ անբավարար՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության առումով։ Համապարփակ հակախտրական օրենսդրության բացակայությունը ԼԳԲՏ անձանց թողնում է խոցելի վիճակում՝ իրավական պաշտպանության սահմանափակ հնարավորություններով։ Բացի այդ, հակախտրականության մասին օրենսդրական նախագծում չկա դրույթ, որը թույլ կտա ՀԿ-ներին հանդես գալ հանրային շահերի պաշտպանության հայցերով խտրականության ենթարկվածների անունից, ինչն արդեն երկար ժամանակ պահանջում են տեղական իրավապաշտպան խմբերը։
ԼԳԲՏ անձանց նկատմամբ շարունակվող խտրականությունը, բռնությունը և իրավական պաշտպանության բացակայությունը վկայում են օրենսդրական բարեփոխումների և հասարակական փոփոխությունների հրատապ անհրաժեշտության մասին։ Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բազմաբնույթ մոտեցում, որը կներառի համապարփակ հակախտրական օրենքների ընդունում, ատելության հանցագործությունների նկատմամբ իրավապահ մարմինների արդյունավետ արձագանք և հասարակության վերաբերմունքի փոփոխմանը միտված նախաձեռնություններ։
Այլ նորություններ
Նորությունների բաժին