Լրամփոփ | հունվար 2026
Փինք ՀԿ-ն ընդգրկվել է 4 նախարարություններին կից հասարակական խորհուրդների կազմում
Փինք ՀԿ-ի ներկայացուցիչներն ընդգրկված են հետևյալ նախարարներին կից հասարակական խորհուրդներում.
- Արդարադատության նախարարություն
- Ներքին գործերի նախարարություն
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- Առողջապահության նախարարություն
Սրանք այն առանցքային ոլորտներն են, որտեղ Փինք ՀԿ-ն ծավալում է իր գործունեությունը։ Հույս ունենք, որ նախարարությունները կարևորություն կտան հասարակական խորհուրդների դերին և դրանք կդարձնեն մարդու իրավունքներից բխող հարցերի քննարկման արդյունավետ հարթակներ։
Դատարանը վարույթ է ընդունել Մամիկոն Հովսեփյանի հայցադիմումն ընդդեմ Առողջապահության նախարարության
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 07.11.2025 թվականին վարույթ է ընդունել իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության։ Հայցադիմումով պահանջվում է վերացնել ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո գործող մարմնի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) 04.08.2025 թվականի որոշումը, որով վերջինիս նկատմամբ կիրառվել է նկատողություն և կասեցվել է նրա անդամակցությունը ՄՀՀ-ում։
Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելը փաստում է, որ ներկայացված պահանջները ենթակա են դատական քննության և բարձրացված հարցերը չեն կարող դիտարկվել որպես անհիմն կամ զուտ ներքին կարգապահական բնույթի խնդիր։
Հիշեցնենք, որ Մամիկոն Հովսեփյանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կապված են վերջինիս կողմից բազմիցս բարձրաձայնված մտահոգությունների հետ՝ առողջապահության ոլորտում հնարավոր ֆինանսական չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Դրանց վերաբերյալ պատշաճ արձագանքի փոխարեն նախաձեռնվել է էթիկայի գործընթաց, որի ընթացքում խախտվել են արդար ընթացակարգի, անաչառության և պաշտպանության հիմնարար սկզբունքները։
Եվրոպայի խորհրդի վեհաժողովը կոչ է անում արգելել կոնվերսիոն պրակտիկաները
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է կարևոր բանաձև, որով կոչ է անում իր 46 անդամ պետություններին արգելել այսպես կոչված կոնվերսիոն պրակտիկաները՝ գործողություններ, որոնք նպատակ ունեն փոխել, ճնշել կամ վերացնել անձի սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը կամ գենդերային արտահայտումը։ Բանաձևը կառավարություններին հորդորում է ընդունել համապատասխան օրենսդրություն, ուժեղացնել վերապրածների աջակցման ծառայությունները, ստեղծել վերահսկման և բողոքարկման մեխանիզմներ, հավաքագրել տվյալներ, բարձրացնել իրազեկվածությունը վնասների վերաբերյալ և պայքարել ԼԳԲՏ+ մարդկանց նկատմամբ ապատեղեկատվության ու թշնամանքի դեմ։
Չնայած բանաձևը իրավաբանորեն պարտավորեցնող չէ, այն սահմանում է մարդու իրավունքների միջազգային չափանիշ և խթանում է պետություններին վերածել այս առաջարկությունները կոնկրետ օրենքների և քաղաքականությունների՝ վնասակար կոնվերսիոն պրակտիկաներին վերջ տալու համար։
Կազմակերպեցինք մեր տարեկան աշխատանքային պլանավորումը
Փինքն անցկացրեց աշխատանքային պլանավորում՝ նպատակ ունենալով վերանայել կազմակերպության ռազմավարական ուղղություններից բխող գործողությունները, ուժեղացնել ներքին համակարգերը և նախապատրաստվել առաջիկա զարգացումներին։
Պլանավորման ընթացքում թիմը համատեղ անդրադարձավ կազմակերպության ինքնությանը և զարգացման տեսլականին՝ ձևակերպելով, թե ինչ արժեքների և առաջնահերթությունների շուրջ է կառուցվելու կազմակերպության գործունեությունը առաջիկա տարիներին։ Քննարկումների արդյունքում հստակեցվեցին ԼԳԲՏ+ համայնքի հետ աշխատանքի մոտեցումները և այն չափանիշերը, որոնք կարևոր են թե՛ շահառուների, թե՛ թիմի անվտանգության համար։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Փինքի ծառայությունների որակին․ վերանայվեցին գործող մեխանիզմները, գործընկերային ցանցը և այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ է ընդլայնել նոր խմբերին հասանելիությունը ապահովելու համար։ Պլանավորման կարևոր բաղադրիչ էր կազմակերպության կայունության ապահովման հարցը։ Թիմը քննարկեց ֆինանսական և ինստիտուցիոնալ կայունության հնարավոր մոդելներ՝ նպատակ ունենալով երկարաժամկետ հեռանկարում ապահովել Փինքի շարունակական և անկախ գործունեությունը։ Առանձին քննարկման թեմա դարձավ 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համատեքստում ԼԳԲՏ+ մարդկանց իրավունքների հետ կապված ռիսկերը։ Մշակվեցին հնարավոր սցենարներ և նախանշվեցին գործողություններ՝ համայնքի իրավունքների պաշտպանության ու իրավիճակի տարբեր զարգացումների դեպքում։
Այս աշխատանքային պլանավորումը հնարավորություն տվեց համադրել թիմի փորձն ու տեսլականը, ամրապնդել համատեղ պատասխանատվությունը և ձևավորել հստակ ուղենիշներ, որոնք կուղեկցեն Փինքի աշխատանքը 2026 թվականին։
Այլ նորություններ
Նորությունների բաժին