Լրամփոփ | մայիս 2026

30-05-2026

11-րդ Ծիածան ֆորում. Համակերպո՞ւմ, թե պայքար

Մայիսի 15-16-ը տեղի ունեցավ 11-րդ Ծիածան ֆորումը:

Ֆորումը համախմբեց ԼԳԲՏ+ անձանց, համախոհներին և գործընկերներին՝ քննարկելու մարդու իրավունքների, համայնքային դիմակայունության, անվտանգության, հոգեկան առողջության և Հայաստանում ԼԳԲՏ+ մարդկանց առջև ծագած մարտահրավերների շուրջ հարցեր։

Երկօրյա հանդիպումը նպաստեց նոր կապերի ստեղծմանը, փորձի փոխանակմանն ու համայնքային համերաշխության ամրապնդմանը։

Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների տարեկան զեկույց

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցը՝ նվիրված Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վիճակին։ 2025 թվականի ընթացքում կազմակերպության սոցիալական աշխատողներն ու իրավաբանները ստացել են 402 դիմում, որոնցից առանձնացվել և մանրամասն փաստագրվել են 56 իրավախախտման դեպքեր՝ բոլորն էլ զուգորդված սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ։

Տարեկան զեկույցը հանրությանը հասանելի դարձավ 11-րդ ծիածան ֆորումի ժամանակ:

Նախընտրական կեղծիքներ և ԱԲ տեսանյութեր ԼԳԲՏ համայնքի անունից. Ամփոփ Մեդիայի հրապարակումը

Ամփոփ Մեդիան հրապարակվեց հայկական քվիր միություն անվանումով կեղծ գործունեության վերաբերյալ փաստերի ստուգումը, որի միջոցով բացահայտվեցին հանրությանն ապակողմնորոշող և ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ թշնամանք սերմանող մի շարք կեղծ պնդումներ։

Նախաձեռնությունն ընդգծեց փաստահեն տեղեկատվության, մեդիագրագիտության և պատասխանատու հանրային խոսույթի կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներ։

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն օգտագործվում է ապատեղեկատվական և մանիպուլյատիվ արշավների շրջանակում

Fip.am փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրության համաձայն՝ սոցիալական ցանցերում տարածվել են կեղծ էջեր, կեղծ նամակներ և չհաստատված տեղեկություններ՝ հասարակության մեջ վախ, խուճապ և բևեռացում առաջացնելու նպատակով։

Հոդվածը եզրակացնում է, որ ԼԳԲՏ թեման հաճախ վերածվում է քաղաքական ազդեցության ու հակաքարոզչության գործիքի, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները դառնում են թիրախավորված տեղեկատվական հարձակումների զոհ։

Պահանջներ քաղաքական կուսակցություններին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

15 հասարակական կազմակերպություններ կոչ են անում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին խորհրդարան անցնելու դեպքում ստանձնել հստակ պարտավորություններ կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ՝ առաջարկելով 15 հրատապ քայլ աշխատանքային, վերարտադրողական, սոցիալական և արդարադատության ոլորտներում։

Առաջարկները ներառում են գենդերային խտրականության ու բռնության դեմ պայքարի մեխանիզմների ուժեղացում, սեռական կրթության ներդրում, կանանց տնտեսական և սոցիալական աջակցության ընդլայնում, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց պաշտպանության և արդարադատության հասանելիության բարելավում։