Մրցանակաբաշխություն․ԼԳԲՏ+ շարժման ոգի 2024
Հոկտեմբերի 26-ին հերթական անգամ Երևանում տեղի ունեցավ «ԼԳԲՏ+ շարժման ոգի» մրցանակաբաշխությունը, որը միտված է տոնելու և երախտագիտություն հայտնելու վերջին տարիներին համայնքի համար իրենց նշանակալի ներդրումն ուեցած ԼԳԲՏ+ անձանց և համախոհներին։
Այն ստեղծվել է տարիներ առաջ «Համայնքը համայնքի համար» նախաձեռնության կողմից, որի շնորհիվ Փինքի շահառուները և կամավորները միմյանց օգնության ձեռք էին մեկնում, տոնում հաջողություններն ու միմյանց հետ փոփոխություններ ստեղծում համայնքում։
Քանի որ հոկտեմբերը նշվում է որպես ԼԳԲՏ+ պատմության ամիս, այս օրը հիանալի հնարավորություն տվեց խոսելու թե՛ անցած կարևոր իրադարձությունների մասին և թե՛ նշելու ներկայի կարևոր ձեռքբերումները։ Միջոցառման ժամանակ կազմակերպվեց կարճ քննարկում՝ հիշելու ակտիվիստական պատմություններն ու այն լուսավոր կետերը, որոնց շնորհիվ ԼԳԲՏ+ շարժումն այսօր ավելի կայացած է։
Այնուհետև իրենց ոգեշնչող ելույթներով հանդես եկան ժամանակակից հայտնի գրող Արմեն Հայաստանցին, Կանանց հիմնադրամի ներկայացուցիչ Սիրան Հովհաննիսյանը, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Անուշ Գաբրիելյանը և դրեգ արտիստ Ջիջի Էրիսը։
Համայնքի և համախոհների առաջադրած 10 թեկնածուներից երկուսն այդ օրը ընտրվել էին ժյուրիի կողմից «ԼԳԲՏ+ շարժման ոգի» մրցանակը ստանալու համար։
«ԼԳԲՏ+ շարժման ոգի» 2024 թ․ մրցանակին արժանացողներից մեկը սոցիալական աշխատող, օգնող մասնագետ Անուշ Գաբրիելյանն է՝ իր անսահման խիզախության ու անկոտրում կամքի համար։ Նա ներդնում է իր ռեսուրսներն ու ջանքերը՝ ստեղծելու համար առավել ապահով միջավայր՝ համայնքի և այն մարդկանց համար, որոնք հաճախ դիմում են իրեն, երբ գտնվում են իրենց կյանքի ամենադժվար շրջանում։
«ԼԳԲՏ+ շարժման ոգի» 2024 թ․ մրցանակին արժանացավ նաև արդեն սիրված դրեգ արտիստ Ջիջի Էրիսը։ Դրեգ մշակույթը և դրեգ արտիստները կարևոր նշանակություն ունեն ԼԳԲՏ+ շարժման զարգացման մեջ՝ դառնալով ոչ միայն արտիստական ազատության, այլև՝ հասարակության կարծրատիպերի կոտրման, համայնքի ուժեղացման և ինքնահաստատման միջոց։ Ջիջին մեծ դեր ունի ինքնության բազմազանությունը ցուցադրելու, ԼԳԲՏ+ համայնքի տեսանելիության բարձրացման, քվիր արվեստի ու ակտիվիզմի զարգացման գործում։
Այս մրցանակը խորհրդանիշ է մեր երախտագիտության և հիացմունքի, որ տածում ենք այս մարդկանց և իրենց գործունեության հանդեպ։