Նշում ենք բիսեքսուալ անձանց օրը

23-09-2025

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 23-ին մենք նշում ենք Բի տեսանելիության օրը, որը խորհրդանշում է բիսեքսուալ անձանց ու համայնքին, ինչպես նաև՝ շարժման պայքարը բիֆոբիայի հաղթահարման համար։  

Մարդիկ, որոնք գրավչություն ունեն մեկից ավել գենդերների նկատմամբ, միշտ եղել են ԼԳԲՏ+ շարժման անքակտելի մասը՝ հաճախ մնալով կարծրատիպերի ու նախապաշարմունքների ստվերում, սակայն լինելով շարժման ակտիվ մասնակից ու այլ ինքնություններ ունեցող անձանց աջակից։ Ամեն տարի սեպտեմբերի 23-ին և նախորդող Բիսեքսուալ անձանց իրազեկման շաբաթվա ընթացքում ԼԳԲՏ+ շարժումը ուշադրության կենտրոնում է պահում բիսեքսուալությունը՝ ստեղծելով բիսեքսուալ անձանց մասին կարծրատիպեր կոտրելու, պատմություններով կիսվելու և տեղեկացվածությունը բարձրացնելու հարթակներ։ Մենք ուզում ենք կոտրել բիֆոբիան՝ ստեղծելով ավելի ընդունող ու ամուր ԼԳԲՏ+ համայնք ու շարժում։ 

Այս տարի Փինքը Բիսեքսուալ անձանց իրազեկման շաբաթվա ընթացքում հրապարակեց բիսեքսուալ անձանց մասին պտտվող որոշ կարծրատիպերի մասին հրապարակումներ՝ անդրադառնալով դրանց անհիմն լինելուն։ Բիսեքսուալ անձանց՝ հարաբերություններում հավատարմության ու հոգատարության, պարտադիր ամուսնության, բիսեքսուալ ինքնության կայունության ու ինքնընդունման շուրջ տարածված կարծրատիպերը ոչ միայն կաղապարված ու թյուր պատկերացումներ են, այլ նաև ծնում են կողմնակալ վերաբերմունք և վնասում են բոլորիս։ Հետևաբար, կարևոր է դրանց գիտակցումը, բիսեքսուալ անձանց մասին միֆերի կոտրումը և նրանց բազմազան պատմությունների ընդունումը և բարձրաձայնումը։

Բի տեսանելիության օրը բոլորինս է․ մենք տեսնում ու սիրում ենք բիսեքսուալ մարդկանց մեր կողքին՝ որպես բազմազան սեռականության ու իրավունքների պայքարի անբաժանելի մասնիկ։