Փինքի արձագանքը հակախտրականության օրենքի նախագծի ընդունման շուրջ քննարկումներին
Հայաստանում հերթական անգամ քննարկվում է խտրականության դեմ համապարփակ օրենսդրության ընդունման հարցը։ Ավելի քան տասը տարի «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն և հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները բարձրաձայնում են նման օրենքի անհրաժեշտության մասին՝ ընդգծելով խտրականության կանխարգելման, տուժած անձանց արդյունավետ պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը։ Ցանկացած օրենքի ընդունումը պետք է ծառայի մարդու իրավունքների իրական պաշտպանությանը, այլ ոչ թե երկրում առկա խտրականության հերքմանը կամ դրա արդարացմանը։
Համապարփակ հակախտրական օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը բազմիցս արձանագրվել է նաև միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանության մի շարք մեխանիզմների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ECRI), Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից, ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) և այլ մեխանիզմների շրջանակում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Օգանեզովան ընդդեմ Հայաստանի» և «Մինասյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները վկայում են լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս+ (ԼԳԲՏ+) անձանց նկատմամբ խտրականությունից և ատելությամբ պայմանավորված իրավախախտումներից արդյունավետ պաշտպանության բացերի մասին։ Ավելին, 2024 թվականին, «Օգանեզովան ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման վերահսկողության շրջանակում ԵԽ Նախարարների կոմիտեն Հայաստանի իշխանություններին հորդորել է օրենքի նախագծում հստակ առաջնահերթություն տալ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Այնուամենայնիվ, քննարկվող «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծում, թեև սեռական կողմնորոշումն ուղղակիորեն ներառված է որպես խտրականությունից պաշտպանված հատկանիշ, սակայն գենդերային ինքնությունը բացակայում է՝ հակառակ միջազգային կառույցների բազմիցս ներկայացրած առաջարկություններին։ Նախագծում առկա են նաև արդյունավետ դատական պաշտպանության, ապացուցման բեռի բաշխման և իրավապաշտպան կազմակերպությունների դատավարական հնարավորությունների հետ կապված խնդիրներ։
Այս պայմաններում հատկապես մտահոգիչ ենք համարում ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարությունը, որով հակախտրականության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը ներկայացվում է որպես Եվրոպայում Հայաստանի որոշ քաղաքացիների ՝ սեռական կողմնորոշման հիմքով հետապնդումների վերաբերյալ կեղծ հայտարարությունները կանխելու միջոց։
Նման մոտեցումը շեղում է օրենքի ընդունման բուն նպատակից՝ մարդու իրավունքների պաշտպանությունից։ Օրենքի գոյությունն ինքնին չի նշանակում, որ երկրում խտրականությունն ու բռնությունը վերացել են կամ որ պետությունն ապահովում է արդյունավետ պաշտպանություն։ Բացի դրանից, ապաստանի անհրաժեշտությունը գնահատվում է յուրաքանչյուր անձի անհատական հանգամանքներով՝ հաշվի առնելով նաև հետապնդման իրական վտանգն ու պետական պաշտպանության արդյունավետությունը։
Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունը փաստագրված իրողություններ են։ 2025 թվականին «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ը ԼԳԲՏ+ անձանց կողմից ստացված աջակցության 402 դիմումներից փաստագրել է խտրականությամբ զուգորդված մարդու իրավունքների խախտման 56 դեպք, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 469 հայցերից փաստագրել է 32 իրավախախտման դեպք։ Միաժամանակ, խնդիր է իրավապահներին դիմելիության հարցը։ Մասնավորապես, 2025 թվականին արձանագրված 56 դեպքից իրավապահներին դիմել են միայն 8-ով, իսկ 2026 թվականի առաջին կիսամյում արձանագրված 32 դեպքերից միայն 5-ով։ Սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության կամ բռնության բախվելիս մարդիկ սովորաբար խուսափում են դիմել իրավապահներին՝ չվստահելով իրավապահ մարմիներին և վախենալով խտրական ու ծաղրական վերաբերմունքից, կրկնազոհացումից, անձնական տեղեկությունները ապօրինի հանրայնացնելուց և անարդյունավետ քննությունից, և արդյունքում, պաշտպանության բացակայությունից։ Հարկ է նշել, որ այս տվյալները միայն մեկ կազմակերպության կողմից փաստագրված հասանելի տվյալներն են, իսկ սեռական կողմորոշման և գեդերային ինքության հիմքով խտրականությամբ զուգորդված իրավախախտումների շրջանակն առավել լայն է։
Նման իրավիճակում անընդունելի է խտրականությունից պաշտպանության անհրաժեշտության մասին խոսել հեգնական կամ մարդկանց փորձառությունները կասկածի տակ դնող ձևակերպումներով՝ փոխանակ ճանաչելու առկա խնդիրները և հստակ արձանագրելու պետության պատասխանատվությունը։
Մեր երկրի ժողովորդավարության իրական արտահայտումը պետք է լինի բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ԼԳԲՏ+ մարդկանց խտրականությունից ադրյունավետ պաշտպանությունը, տուժողներին պատշաճ աջակցության տրամադրումը և նման իրավախախտումների կանխարգելմանն ուղղված գործուն քայլերը։ Կարևոր է ոչ միայն օրենքի առկայությունը, այլ նաև վերջինիս պատշաճ ու արդյունավետ կիրառումը։
Օրենքի շուրջ քննարկումները պետք է հիմնավորվեն առկա խնդիրների և պաշտպանության իրական անհրաժեշտության վրա և բացառեն պետական պաշտոնյաների կողմից խտրական, ծաղրական ու նվստացուցիչ հայտարարությունները, որոնք ոտնահարելով ԼԳԲՏ+ անձանց արժանապատվությունը՝ ավելի են սրում անհանդուրժողականության ու անպատժելիության մթնոլորտը երկրում։
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝
- Ընդունել միջազգային չափանիշներին համապատասխան խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն՝ բացի սեռական կողմնորոշումից ուղղակիորեն ներառելով գենդերային ինքնությունը պաշտպանված հատկանիշների ցանկում։
- Ապացուցել ՀՀ-ի՝ իր երկրի քաղաքացիների ու երկրում գտնվող անձանց խտրականությունից պաշտպանության քաղաքական կամքը հստակ գործողություններով։
- Օրենքի շուրջ քննարկումներում բացառել մարդկանց որևէ հատկանիշով՝ ներառյալ սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ծաղրական, խտրական ու արժանապատվությունը նսեմացնող հիմնավորումների շահարկումը։
- Հարգել ու չարժեզրկել յուրաքանչյուրի մասնավոր կյանքն ու արժանապատվությունը, որևէ հատկանիշի հիմքով բռնության ու խտրականության փորձառությունը և երկրում պաշտպանություն ստանալու կարևորությունը՝ այդպիսով խթանելով հասարակությունում խտրական մոտեցումների փոփոխությանն ու հանդուրժողականության մոտեցման ձևավորմանը։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝
- Ձեռնպահ մնալ անհանդուրժողականությունը և թշնամանք սերմանող խոսքից, քաղաքական շահարկումների տարածումից, ինչը կարող է խտրականության ու բռնության թիրախ դարձնել մարդկանց հենց սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով։
- Չվերարտադրել օրենքի շուրջ քննարկումներում մարդկանց որևէ պաշտպանված հատկանիշով՝ ներառյալ սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ծաղրական, խտրական ու արժանապատվությունը նսեմացնող հիմնավորումների շահարկումը։
Ժողովրդավարական երկրում օրենքներն առաջին հերթին ընդունվում են երկրում բոլոր անձանց իրավունքների պաշտպանության ու իրավահավասարության ապահովման, այլ ոչ թե արտաքին աշխարհին ինչ-որ բան ապացուցելու համար։