Գենդերային ուսումնասիրությունների և սեռականության 2-րդ հայկական կոնֆերանս

22-09-2025

Գենդերային հավասարության և ներկայացվածության, հասարակական-քաղաքական ու մշակութային ընկալումների, խտրականության դեմ օրենսդրական և սոցիալական մեխանիզմների, ինչպես նաև ԼԳԲՏ+ անձանց իրավունքների և հոգեկան առողջությանն առնչվող խնդիրները հանդիսանում են այն կարևորագույն հարցերից, որոնք ուղղակիորեն ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության, ինքնության և ինքնիրացման հնարավորությունների վրա, ձևավորում կենսակայունությունն ու ապահովում կամ խոչընդոտում տոկունությանը։ 

Գենդերային ուսումնասիրությունների և սեռականության 2-րդ հայկական կոնֆերանսը հարթակ է, որտեղ կհանդիպեն հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, հետազոտողներ և սոցիալական ոլորտի փորձագետներ՝ քննարկելու այն հարցերը, որոնք ձևավորում են մեր հասարակության սոցիալ-հոգեբանական կառուցվածքը։ Կոնֆերանսը նպատակ ունի բացահայտել միտումներ, վերհանել հոգեբանական աջակցության համակարգերի թերությունները, և խթանել ցանցային համագործակցություն՝ նորարար ու ավելի ներառական լուծումներ մշակելու համար։ 

Այս կոնֆերանսը հատկապես կարևոր է հոգեբանական խորհրդատվության, հոգեթերապիայի, սոցիալական աշխատանքի, հանրային առողջության, հետազոտողների համար։ Այն հնարավորություն է՝ 

  • խորացնել մասնագիտական գիտելիքները գենդերային և սեռական ինքնության ոլորտներում, 
  • հասկանալ տեղային և գլոբալ մարտահրավերները՝ կապված խտրականության հետևանքով առաջացող հոգեկան առողջության խնդիրների հետ, 
  • ծանոթանալ տարբեր երկրների փորձին և գործնական մոտեցումներին՝ հոգեբանական աջակցության ծառայություններ մատուցելիս,  
  • խթանել միջդիսցիպլինար քննարկումներ մասնագետների և հետազոտողների շրջանում։ 

Ամրագրեք նոյեմբերի 29-ը և միացեք մեզ Երևանում՝ քննարկելու, սովորելու և մասնագիտական համայնքի հետ հաղորդակցվելու համար։ 

Կոնֆերանսին մասնակցելն ավելին է, քան պարզապես զեկուցում կարդալը. դա հնարավորություն է լինել մասնագիտական ներառական համայնքի մի մասը, փոխանակվել փորձով և զարգացնել ոլորտը՝ հոգեկան առողջության բոլոր շահառուների բարօրության համար։ 

Աշխատանքները կարող են լինել նախկինում հրապարկված կամ այլ հարթակներում ներկայացված։ Սեղմագրերը(աբստրակտ) կդիտարկվեն հանձնաժողովի կողմից։ Կոնֆերանսի ընթացքում զեկույցով հանդես գալու համար դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 16-ը, դիմելու համար անհրաժեշտ է սեղմել կոճակը և լրացնել հայտը։ 

Թեմաները կարող են ներառել՝  

Ինքնություն, ինքնաարտահայտում և համայնք 

  • Քվիր ինքնության ձևավորում և տոկունություն 
  • Սեռական և գենդերային ինքնություններ 
  • Սեռականություն, գենդեր և համայնքային բարօրություն 
  • Նույնասեռ ծնողավարություն և ընտանեկան դինամիկա 
  • Առնականություն ու հուզական առողջությունը 

Հոգեկան առողջություն և բարեկեցություն 

  • Գենդեր և հոգեկան առողջություն 
  • ԼԳԲՏ+ հոգեկան առողջություն և աջակցության համակարգեր 
  • Տրանս անձանց հոգեկան առողջություն 
  • Գենդերային բռնություն և հոգեբանական տրավմա 
  • Հակագենդերային շարժումների ազդեցությունը հոգեկան առողջության վրա 
  • Խտրականության և մարգինալացման հոգեսոցիալական հետևանքներ 

Թերապևտիկ և մասնագիտական մոտեցումներ

  • Ինտերսեկցիոնալ մոտեցումներ հոգեթերապիայում և սոցիալական աշխատանքում 
  • Մշակութային զգայուն թերապևտիկ մոտեցումներ 
  • Գենդերային նարրատիվներ թերապևտիկ գործընթացում 
  • Ֆեմինիստական տեսություն և հոգեկան առողջության պրակտիկա 

Հոգեբուժություն, բժշկություն և սեքսոլոգիա

  • Հոգեբուժական համակարգերում գենդերային հավասարություն 
  • Վերարտադրողական իրավունքներ և դրանց հոգեբանական ազդեցությունները 

Կրթություն, իրավունքներ և քաղաքականություն 

  • Գենդեր և սեռականություն կրթության մեջ 
  • Հանրային քաղաքականություն և հոգեկան առողջություն՝ գենդերի պրիզմայով 
  • Իրավական կարգավորումներ և հարցեր 
  • Մարդու իրավունքներ և էթիկական մոտեցումներ հոգեկան առողջության ոլորտում 

Կդիտարկվեն նաև այլ այն թեմաները, որոնք առնչվում են գենդերային հետազոտություններին, սեռականությանն ու հոգեկան առողջությանը։

Կոնֆերանսի աշխատանքային լեզուն հայերենն է, սակայն զեկույցներն ընդունվում են նաև անգլերեն լեզվով։