Փինք ՀԿ-ն ընդգրկվել է 4 նախարարություններին կից հասարակական խորհուրդների կազմում

20-01-2026

Նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում՝ նախարարներին և կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների ձևավորման և աշխատակարգի վերաբերյալ, ըստ որի՝ մինչև տարեվերջ նախարարությունները պարտավորվեցին ձևավորել խորհուրդների նոր կազմեր։ 

Նախարարությունների հայտարարություններում դիմող կազմակերպությունների և անհատ փորձագետների համար սահմանվել էին որոշակի չափանիշներ, ինչպիսիք են՝ մասնագիտական աշխատանքային փորձը, իրականացված ծրագրերը և համագործակցության շրջանակը։ 

Որոշ նախարարություններ այդ չափանիշները յուրովի էին մեկնաբանում՝ դիմող կազմակերպություններից պահանջելով տվյալ նախարարության հետ իրականացված ծրագրերի պայմանագրեր։ Սա ակնհայտ էր դարձնում խորհրդի կազմը բացառապես «լոյալ» անդամներով համալրելու միտումը։ Արդյունքում, մեր գործընկերներից ոմանք դուրս մնացին գործընթացից, սակայն մենք, հետևողական ջանքերի և ոլորտում մեր ներգրավվածությունն ու կատարած աշխատանքը հիմնավորող փաստաթղթերի շնորհիվ, կարողացանք ընդգրկվել այդ խմբերում։ Միակ գերատեսչությունը, որը շարունակեց պնդել պայմանագրի առկայության պահանջը և մերժեց մեր դիմումը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էր։ 

Այսպիսով, Փինք ՀԿ-ի ներկայացուցիչներն ընդգրկված են հետևյալ նախարարներին կից հասարակական խորհուրդներում. 

  • Արդարադատության նախարարություն 
  • Ներքին գործերի նախարարություն 
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 
  • Առողջապահության նախարարություն 

Սրանք այն առանցքային ոլորտներն են, որտեղ Փինք ՀԿ-ն ծավալում է իր գործունեությունը։ Հույս ունենք, որ նախարարությունները կարևորություն կտան հասարակական խորհուրդների դերին և դրանք կդարձնեն մարդու իրավունքներից բխող հարցերի քննարկման արդյունավետ հարթակներ։