Ամփոփելով 2024 թ․ կիսամյակը և տրամադրված ծառայությունները

08-08-2024

Այս տարի ևս Փինքի ծառայությունները ակտիվ ընթացք են ունեցել առաջին կիսամյակում։ Բացի կազմակերպության ընթացիկ ծրագրերի ֆինանսական աջակցությունից, մեծ դեր է խաղացել նաև Գլոբալ գիվինգ հարթակում անհատ դոնորների կատարած հանգանակությունները, որոնք օգնել են մեզ շարունակական ծառայություններ տրամադրել ԼԳԲՏ+ անձանց։ 

Սոցիալական աշխատողը տրամադրել է 145 խորհրդատվություն, իսկ կարիքի դեպքում՝ ուղղորդել Փինքի մյուս մասնագետների մոտ կամ այլ հաստատություններ (օրինակ՝ հոգեբույժ, սեքսապաթոլոգ, էնդոկրինոլոգ, և այլն): ԼԳԲՏ+ համայնքը նաև ակտիվ օգտագործել է Փինքի առցանց հարթակներն ու թեժ գիծն իրենց հարցերը հղելու համար։ 

Իրավաբանները տրամադրել են 78 խորհրդատվություն, որոնք վերաբերել են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերին և մարդու իրավունքների այլ ոտնահարումներին։ Հայցերը վերաբերել են, մասնավորապես, ոստիկանների կողմից շահառուների իրավունքները խախտելուն, ոստիկանների կողմից բռնություն գործադրելուն և խոշտանգումներին, քրեական գործերի ողջամիտ ժամկետների խախտմանը, ընտանեկան բռնության դեպքերին, ատելության շարժառիթով հանցագործություններին։ Իրավաբաններին դիմում են նաև միգրացիոն, ապաստան հայցողի և փախստականի, աշխատանքային կամ այլ իրավունքների խախտման հարցերով։ 

Փինքի մասնագետները շահառուների համար պատրաստել են դիմումներ, տեղեկանքներ և իրավական այլ փաստաթղթեր տարբեր պետական և մասնավոր կառույցներ ներկայացնելու համար։  

Այս ընթացքում նաև հագեցած է եղել հոգեբանների զբաղվածությունը։ Նրանք տրամադրել են 460 խորհրդատվություն։ Այցելուները հոգեբաններին դիմել են հիմնականում տագնապայնության,  խուճապային գրոհների, դեպրեսիվ վիճակների, միջանձնային հարաբերությունների, ընտանիքի հետ հարաբերությունների խնդիրների և այլ հայցերով։ 

ԼԳԲՏ+ համայնքի համար նաև ակտիվ շրջան է եղել։ Կազմակերպվել է 2 ճամբար, միջազգային փոխանակման ծրագրեր, 14 սոցիալական ու կրթական միջոցառումներ։ Այս կիսամյակում են նաև իրականացվել Փինքի 2 խոշոր միջոցառումները՝ IDAHOBIT շաբաթվա ընթացքում կազմակերպվող կլոր սեղան-քննարկումն ու մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի ներկայացումը, ինչպես նաև՝ 9-րդ Ծիածան ֆորումը, որը Հայաստանում ամենամեծ քվիր-ակտիվիստական միջոցառումն է։ 

Կրկին շնորհակալություն ենք հայտնում Գլոբալ գիվինգ հարթակում շարունակական հանգանակություններ կատարող անհատներին։ Ձեր աջակցության շնորհիվ մենք անխափան շարունակում ենք համայնքի համար տարվող աշխատանքները։