Անցկացվեց միջոցառում մասնագետների, ծնողների, հարազատների և ակտիվիստների համար
Սեպտեմբերին տեղի ունեցավ ԼԳԲՏ+ մարդկանց աջակիցների ամենամյա «Աջակցելով միմյանց Vol. 2» միջոցառումը՝ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Շարժման հզորացում կայուն զարգացմամբ» ծրագրի շրջանակներում: Մոտ 40 մասնակից՝ օգնող մասնագետ, ԼԳԲՏ+ անձանց ընտանիքի անդամներ և հարազատներ, ակտիվիստներ և կազմակերպության աշխատակիցներ, հնարավորություն ունեցան հանդիպել ծանոթացման և ինքնախնամքի տարածքում։
Աջակիցների համար նախատեսված առանձին ապահով տարածքի գաղափարն առաջացել է Փինքի ամենամյա «Ծիածան ֆորումի» ընթացքում՝ նպատակ ունենալով ԼԳԲՏ+ աջակիցների համար ստեղծել փոխօգնության, համագործակցության և սոլիդարության տարածքներ։
Սեպտեմբերի 6-ին կազմակերպված թվով երկրորդ միջոցառումը հնարավորություն տվեց ԼԳԲՏ+ մարդկանց ծնողներին, հարազատներին, մասնագետներին, ակտիվիստներին ու պարզապես ԼԳԲՏ+ անձանց մոտ մարդկանց իրար հետ կիսելու միմյանց ոգեշնչող պատմությունները, ինչպես նաև լսելու հոմոֆոբ հասարակության հետ առնչության մարտահրավերների մասին։ Տարածքը հագեցած էր ջերմությամբ և աջակցությամբ։
Երբեմն աջակցելու համար ԼԳԲՏ+ անձանց կողքին կանգնած աջակցիները նույնպես ունենում են օգնության ու հոգատարության կարիք։ Այս տարածքը մասնակիցների համար նաև հնարավորություն էր պարզապես կտրվելու աշխարհից, հոգ տանելու իրենց մասին և ուժ ու ռեսուրսներ հավաքելու։
Այլ նորություններ
Նորությունների բաժին