Թուրքիայում ԼԳԲՏ+ կազմակերպությունների և իրավապաշտպանների նկատմամբ իրականացվում են համակարգված խուզարկություններ և ձերբակալություններ

14-09-2026

Թուրքիայում ԼԳԲՏ+ կազմակերպությունների, ակտիվիստների, ՄԻԱՎ-ի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող անձանց նկատմամբ իրականացվող համակարգված գործողությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Երկրի տարբեր հատվածներում իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել ԼԳԲՏ+ կազմակերպությունների գրասենյակներում և անձանց բնակարաններում, տասնյակ անձինք բերման են ենթարկվել, իսկ մի շարք կազմակերպությունների և իրավապաշտպանների կայքերն ու սոցիալական ցանցերի էջերը արգելափակվել են։

Ըստ Թուրքիայի արդարադատության նախարարի՝ հետաքննությունները տարածվում են 15 նահանգում գտնվող 162 անձի, 9 ասոցիացիայի և 13 բիզնեսի նկատմամբ։

Թիրախավորված կազմակերպությունների թվում են Թուրքիայի ամենահին և հայտնի ԼԳԲՏԻ+ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Kaos GL-ը, ինչպես նաև SPoD-ը, Lambda-ն, HEVİ-ն, LİSTAG-ը, Pozitif Yaşam-ը, Pozitif-iz-ը, Muamma-ն և 7 Renk-ը։ Թիրախավորվել են նաև մի շարք կազմակերպությունների գործող և նախկին անդամներ։

Իրավապահ մարմինների գործողությունները ներառել են ոչ միայն անձանց բերման ենթարկելը, այլև կազմակերպությունների գրասենյակներ ներխուժելը, տեխնիկական սարքավորումների առգրավումը և մասնավոր բնակարանների խուզարկությունները։ Դրան զուգահեռ դատարանների որոշումներով արգելափակվել են ԼԳԲՏԻ+ կազմակերպությունների կայքերն ու սոցիալական ցանցերի էջերը՝ սահմանափակելով կազմակերպությունների հաղորդակցվելու և հանրային գործունեություն իրականացնելու հնարավորությունը։

Իշխանությունները գործողությունների հիմնավորման շրջանակում հղում են կատարում «երեխաների պաշտպանության», «ընտանիքի ինստիտուտի» և «հասարակական կարգի» պահպանման անհրաժեշտությանը։ Այս ձևակերպումները տեղավորվում են կառավարության՝ «ընտանիքի» շուրջ ձևավորված ավելի լայն քաղաքական օրակարգի շրջանակում։ Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինները առաջ են քաշում տարբեր մեղադրանքներ՝ ներառյալ «անբարոյականությունը», պոռնկությունը, թմրանյութերի շրջանառությունը և հանցավոր կազմակերպության գործունեությունը։ Առանձին ընդգծվում է նաև ԼԳԲՏԻ+ կազմակերպությունների կողմից ստացվող միջազգային ֆինանսավորումը։

Հատկապես մտահոգիչ է օրինական միջազգային ֆինանսավորման և համագործակցության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից միջազգային գործընկերներից օրինական աջակցություն ստանալը քաղաքացիական հասարակության բնականոն գործունեության մաս է։ Նման համագործակցությունը չպետք է քրեականացվի, խարանավորվի կամ օգտագործվի կազմակերպությունների և իրավապաշտպանների նկատմամբ ճնշում գործադրելու կամ նրանց գործունեությունը սահմանափակելու նպատակով։

ԼԳԲՏ+ կազմակերպությունների, ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ միաժամանակյա խուզարկությունները, ձերբակալությունները, թվային հարթակների սահմանափակումներն ու կազմակերպությունների գործունեության նկատմամբ ճնշումները մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության ազատ գործունեության տեսանկյունից լուրջ խնդիրներ են առաջացնում։ Նման գործողությունները կարող են ոչ միայն անմիջական վտանգ ստեղծել թիրախավորված անձանց և կազմակերպությունների համար, այլև նպաստել վախի և ինքնագրաքննության մթնոլորտի ձևավորմանը։

Մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայում ԼԳԲՏ+ կազմակերպությունների, ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող համակարգված գործողություններով։ Մարդու իրավունքների պաշտպանությունը, խտրականության դեմ պայքարը և խոցելի խմբերին աջակցությունը չեն կարող դիտարկվել որպես հանցավոր գործունեություն։ Իրավապաշտպան գործունեությունը և դրա համար ստացվող օրինական միջազգային աջակցությունը չպետք է հիմք դառնան անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ հետապնդման համար։

Կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան մեխանիզմներին, Եվրոպական միությանը, պետություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին ուշադիր հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին, համապատասխան հարցերը բարձրաձայնել Թուրքիայի իշխանությունների հետ հարաբերություններում և գործուն աջակցություն ցուցաբերել թիրախավորված անձանց ու կազմակերպությունների իրավունքների և անվտանգության ապահովմանը։

Մենք նաև ընդգծում ենք, որ քաղաքացիական հասարակության ազատ և անվտանգ գործունեությունը ժողովրդավարական հասարակության կարևորագույն բաղադրիչներից է։ ԼԳԲՏ+ անձանց և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ ճնշումները պետք է արժանանան հստակ և հետևողական արձագանքի՝ մարդու իրավունքների համընդհանուր չափանիշների պահպանման նպատակով։