2026թ-ի առաջին կիսամյակում արձանագրված իրավախախտումների ամփոփ նկարագիր

15-08-2026

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2026թ-ի ընթացքում շարունակել է ԼԳԲՏ+ անձանց տրամադրել իրավաբանական, փաստաբանական, սոցիալական աշխատողի, հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։ 2026 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում կազմակերպության մասնագետների կողմից տրամադրվել է 507 հոգեբանական, 221 սոցիալական աշխատողի և 248 իրավաբանական խորհրդատվություններ։ Կազմակերպությունը նաև ստացել է 580 թեժ գծի զանգեր։ Այս հոդվածում ամփոփ ներկայացված է տարվա առաջին վեց ամիսների ընթացքում իրավաբանական և սոցիալական աշխատողների խորհրդատվությունների ընթացքում դուրս բերված իրավախախտումների բնույթը։ 

Այսպիսով, կազմակերպության իրավաբանների և սոցիալական աշխատողների կողմից տրամադրվել է 469 խորհրդատվություններ,  որոնցից փաստագրվել է 32 իրավախախտման դեպք։ Դեպքերի մեծ մասը մեկ իրավախախտմամբ չի սահմանափակվում․ ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խնդիրները հաճախ սկսվում են որպես բուլինգ, հոգեբանական ճնշում, չընդունվածություն կամ խտրական վերաբերմունք, սակայն որոշ դեպքերում վերաճում են ավելի ծանր դրսևորումների՝ սպառնալիքի, շորթում, ֆիզիկական կամ սեռական բռնության։ 

Չնայած նրան, որ իրավախախտման բազմակողմանի բնույթը թերևս չի սահմանափակում դրանք մեկ իրավունքի խախտման շրջանակում, գերակշռում են սպառնալիքի ու հոգեբանական ճնշման դեպքերը։ Շատ դեպքերում տուժողին սպառնում են սպանությամբ, ծեծով, հետապնդմամբ, ընտանիքում կամ աշխատավայրում նրա սեռական կողմնորոշումը բացահայտելով կամ «պատժելով» նրա ինքնության համար։ 

Երբեմն սեռական կողմնորոշումը օգտագործվում է որպես շորթման գործիք, ինչպես բազմիցս արձանագրվել է նախորդ տարիներին ևս։ Այսինքն, հանցավորը սպառնում է բացահայտել անձի սեռական կողմնորոշումը, եթե վերջինս չկատարի իր պահանջը։ 

Երկրորդ խոշոր խումբը ֆիզիկական բռնությունն է․ արձանագրվել են ծեծի, խմբային հարձակման, առարկաների կիրառմամբ հարվածների դեպքեր։  

Ինչպես նախկինում, այս տարի ևս գերակշռող իրավախախտումների խումբ են ընտանեկան բռնության դեպքերը։ Դրանք ներառում են ֆիզիկական բռնություն, ազատության սահմանափակում, սպառնալիք, հոգեբանական ճնշում, տնից վտարման սպառնալիք և կոնվերսիոն «թերապիայի» պարտադրանք, ինչը, ինչպես հետազոտությունները ցույց են տալիս, կարող է իր ծանրությամբ հասնել անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ 

Հանցավորի ատելության շարժառիթը հաճախ ակնհայտ է արտահայտություններում, երբ շեշտվում է, որ, օրինակ՝ «նման մարդիկ» իրավունք չունեն ապրել կամ գտնվել տվյալ վայրում, պետք է «վերացվեն», «ուղղվեն» կամ «փոխեն» իրենց ինքնությունը։   

Եվս մեկ դեպք տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում, այնուհետև հետապնդումը շարունակվել է Հայաստանում, այդ իսկ պատճառով տեղ է գտել արձանագրված դեպքերի հաշվարկում, սակայն իրավապահներին տուժողը Ռուսաստանում է դիմել։  

Այսպիսով, Հայաստանում իրավապահներին դիմած 5 դեպքերից էլ պատկերը միանշանակ դրական չէ. 

  • 1-ին դեպք՝ բազմաթիվ ահազանգերից հետո սկզբնական փուլում ընթացք չի տրվել։  
  • 2-րդ դեպք՝ քննչական մարմինը վարույթ չի հարուցել, և միայն դատարանի միջամտությունից հետո է պարտավորվել նախաձեռնել քրեական վարույթ։  
  • 3-րդ դեպք՝ ոստիկանություն զանգահարելուց հետո դեպքի վայր հասնելը զգալիորեն ուշացել է, իսկ քննիչը տուժողներին կանչել է միայն 5 օր անց։  
  • 4-րդ դեպք՝ հաղորդումը ընդունվել է, սակայն տուժողը նկարագրում է խտրական վերաբերմունք, կրկնազոհացում և բռնության արդարացման փորձեր։  
  • 5-րդ դեպք՝ ոստիկանությունը ոչ աջակցող վերաբերմունք է ցուցաբերել, հաղորդման ընթացքի վերաբերյալ տեղեկություն չկա։  

Այսպիսով, իրավական պաշտպանության միջոցներին չդիմելու խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ նաև 2026թ․-ի առաջին կիսամյակում։ 

Չդիմելու պատճառները բավական կրկնվող և համակարգային են. 

  1. Ոստիկանության նկատմամբ անվստահություն՝ ամենահաճախ նշվող պատճառներից մեկը։  
  1. Վախ, որ իրավապահների միջոցով կբացահայտվի սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։  
  1. Խտրական կամ նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկվելու վախ։  
  1. Ընտանիքի կողմից հետագա բռնության վախ, հատկապես անչափահասների դեպքում։  
  1. Փոքր համայնքում/քաղաքում գաղտնիության պահպանման անհնարինության մտավախություն։  

Որոշ դեպքերում տուժողը փորձում է խնդիրը լուծել այլ ճանապարհով՝ պարզապես հեռանալով վտանգավոր միջավայրից։  

Այս պատճառով իրավապահներին չդիմելու բարձր ցուցանիշը պարտադիր չի նշանակում, որ դեպքերը քիչ են կամ դրանց բնույթը թեթև է։ Ընդհակառակը՝ նկարագրությունները ցույց են տալիս, որ վախը, խարանը և համակարգի նկատմամբ անվստահությունը կարող են էականորեն նվազեցնել հանցագործությունների պաշտոնական հաղորդման մակարդակը։ 

Սոցիալական աշխատողի կողմից արձանագրված դեպքերը ցույց են տալիս մեկ այլ մտահոգիչ պատկեր, երբ տուժողները անգամ իրավաբանական խորհրդատվության դիմելու ցանկություն չունեն։ Դրանցում հատկապես տեսանելի են այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են չհասնել քրեական արդարադատության համակարգ, ինչպես, օրինակ՝ աշխատավայրում և համալսարանում բուլինգ, ընտանիքի կողմից չընդունվածություն, հոգեբանական ճնշում և սոցիալական միջավայրում նվաստացում։ Հետևաբար միայն ոստիկանություն կամ քննչական մարմիններին հաղորդված դեպքերի հիման վրա ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ իրավախախտումների իրական ծավալը գնահատելը կարող է էականորեն թերագնահատել խնդրի մասշտաբը։