Հայաստանի մարդու իրավունքների վիճակի դիտարկում ՄԱԿ-ի ՀՊԴ գործընթացում 

25-02-2025

Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն՝ The Advocates for Human Rights-ի հետ համատեղ, պատրաստել և ներկայացրել է ստվերային զեկույց ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) շրջանակներում՝ անդրադառնալով Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վիճակին։ Զեկույցում շեշտվում են ԼԳԲՏ+ անձանց առջև ծառացած հիմնական իրավական, սոցիալական և ինստիտուցիոնալ մարտահրավերները՝ հատկապես կրթության, առողջապահության և իրավապահ համակարգերի ոլորտներում։ 

Զեկույցը նշում է, որ, չնայած նախորդ առաջարկություններին, Հայաստանը դեռ չի ընդունել համապարփակ հակախտրականության օրենք, որը հստակ կպաշտպանի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականությունից։ Չնայած որոշ առաջընթացի՝ օրենսդրական դաշտում դեռևս առկա են էական բացեր, մասնավորապես այն, որ ԼԳԲՏ+ անձանց պաշտպանության դրույթները հստակ չեն ամրագրված Քրեական օրենսգրքում։ Ատելության շարժառիթով կատարված հանցագործություններն ու ատելության խոսքը շարունակում են լուրջ խնդիր մնալ, և իրավապահ մարմինները հաճախ չեն ապահովում դրանց պատշաճ քննությունն ու կանխարգելումը։ Բռնության բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը, մնում են թաքուն, քանի որ բռնության ենթարկվածները չեն վստահում իրավապահ մարմիններին՝ վատ վերաբերմունքի, անարդյունավետ քննության պատճառով, ինչպես նաև, վախենալով հնարավոր վրեժխնդրությունից։ Դպրոցներում ԼԳԲՏ+ աշակերտները ենթարկվում են ծաղրանքի և խտրականության, ինչին ուսուցիչները հաճախ չեն արձագանքում։ Առողջապահության ոլորտում հատկապես ծանր է տրանսգենդեր անձանց դրությունը, քանի որ նրանք չունեն գենդերային ինքնությունը հաստատող բժշկական ծառայությունների հասանելիություն և բախվում են բյուրոկրատական խոչընդոտների՝ իրենց իրավական գենդերի ճանաչման հարցում։ 

Այս խնդիրների հիման վրա զեկույցն առաջարկում է Հայաստանի կառավարությանը մի շարք կարևոր քայլեր։ Դրանք ներառում են համապարփակ հակախտրականության օրենքի ընդունում, որը հստակ կներառի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա պաշտպանություն, ատելության հանցագործությունների պատշաճ քննության և դատական գործընթացի ապահովում, ատելության խոսքի և խտրականության վերաբերյալ տվյալների հավաքագրման բարելավում, ինչպես նաև՝ իրավապահ մարմինների և մանկավարժների համար զգայունության բարձրացման հատուկ դասընթացների իրականացում։ Բացի այդ, զեկույցը կոչ է անում առողջապահական ոլորտում բարեփոխումներ իրականացնել՝ գենդերային ինքնության հաստատման ծառայություններ տրամադրելու և գենդերի իրավական ճանաչման ընթացակարգը դյուրացնելու համար՝ առանց պարտադիր բժշկական միջամտությունների։ Վերջինս կարևորում է նաև ատելության խոսքի և ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականություն խթանող քաղաքական հռետորաբանության հրապարակային դատապարտման անհրաժեշտությունը։ 

Այս ստվերային զեկույցը կարևոր հիշեցում է, որ Հայաստանը պետք է ձեռնարկի կոնկրետ օրենսդրական և քաղաքական քայլեր՝ ապահովելու ԼԳԲՏ+ անձանց հավասար իրավունքներն ու պաշտպանությունը՝ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների կատարման շրջանակում։