Ծիածան ֆորում

01-04-2025

Սիրելի ԼԳԲՏ+ համայնք և ծնողներ, ակտիվիստներ և համախոհներ,

Այս տարի մենք կազմակերպում ենք հոբելյանական 10-րդ Ծիածան ֆորումը, որն արդեն դարձել է հայկական ԼԳԲՏ+ շարժման խորհրդանիշներից մեկը։ Տարիների ընթացքում Ֆորումը եղել է հարթակ, որտեղ մենք կարողացել ենք հավաքվել, մտորել ընթացիկ հարցերի ու խնդիրների շուրջ։ Կիսվել ենք մեր մտահոգություններով ու ձեռքբերումներով, պարզապես շփվել ու ծանոթացել միմյանց ու մեր կատարած կարևոր աշխատանքների ու ներդրումների հետ։

Այս տարվա ֆորումի խորագիրն է «Շարժման տոկունությունը»։ Ներկայիս դժվար ժամանակներում, երբ աշխարհում ու երկրում տեղի են ունենում մտահոգիչ փոփոխություններ, կարևոր է ունենալ տարածք՝ անդրադառնալու շարժման գոյության, մեր հիասթափություններին ու հնարավորություններին, մեր ուժեղ ու թույլ կողմերին։ Այս մտահոգությունները տարածվում են  ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա, ուստի կարևորում ենք մեր միջազգային գործընկերների մասնակցությունը այս տարվա ֆորումին։ Մեր ջանքերը մեկտեղելու հնարավորությունները բոլոր հարցերում կարևոր են։ Եվ մենք լիահույս ենք, որ այս տարվա Ծիածան ֆորումը կլինի աջակցման և սոլիդարության տարածք։

10-րդ «Ծիածան ֆորումը» տեղի կունենա 2025թ․ հունիսի 19-21-ը Երևանում (վայրի մասին տեղեկությունը կտրամադրվի մասնակիցներին)։

Հարցերի դեպքում աշխատանքային օրերին կարող եք զանգահարել գրասենյակ 060-377277 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին:

Սիրով կսպասենք Ձեզ մեր ամենամյա Ծիածանին։

Մասնակցության հայտ

Ծիածան ֆորումը ամենամյա կարևոր իրադարձություն է Հայաստանում և ամենամեծ քվիր-ակտիվիստական միջոցառումն է, որը միավորում է ԼԳԲՏ+ համայնքին ու համախոհներին, ակտիվիստներին ու իրավապաշտպաններին, մասնագետներին և ծնողներին։

Ծիածան ֆորումը ստեղծում է ապահով և ընդունող միջավայր, որտեղ կարող եք ծանոթանալ տարբեր մարդկանց, փոխանակվել գիտելիքներով և գտնել նոր ընկերներ ու համախոհներ։ Ֆորումը ներառում է քննարկումներ, աշխատարաններ և ներկայացումներ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, հոգեկան առողջությանը, ակտիվիզմին, ինչպես նաև սոցիալական և մշակութային և այլ թեմաներին։

Սա հարթակ է, որտեղ մասնակիցները կարող են բարձրաձայնել իրենց համար կարևոր հարցերի մասին, լսելի դառնալ և մասնակցել Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի համար նշանակալի փոփոխությունների քննարկմանը։ Ֆորումը հնարավորություն է տալիս լսել և սովորել փորձառու ակտիվիստներից, իրավապաշտպաններից ու համախոհներից, ովքեր արդեն իսկ նպաստել են հավասարության և արդարության առաջմղմանը։

Միացե՛ք մեզ՝ շարունակելու կառուցել ուժեղ, համերաշխ և հավասար հնարավորություններ ունեցող Հայաստան։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև սույն թվականի մայիսի 20-ը: Արդյունքների մասին կտեղեկացնենք մինչև հունիսի 6-ը։

Հայտերի դիտարկման ընթացքում կարող ենք լրացուցիչ կապ հաստատել Ձեզ հետ։ Ուստի խնդրում ենք նշել ճշգրիտ տվյալներ, որպեսզի կարողանանք անհրաժեշտության դեպքում հեշտությամբ կապ հաստատել։

Ներկայացնել քննարկման թեմա

Կցանկանա՞ք առաջարկել քննարկման թեմա և հանդես գալ որպես խոսնակ։ Ապա խնդրում ենք մինչև ապրիլի 30-ը նամակ ուղարկել [email protected] հասցեին, որտեղ կներառեք․

  • թեմայի վերնագիրը
  • վարողի անունը և կոնտակտային տվյալները
  • ներկայացվող թեմայի նկարագրությունը
  • թեմայի կարևորության վերաբերյալ հիմնավորում
  • փորձն այդ ոլորտում (եթե ունեք այդ որոտում աշխատանքային փորձ, մասնագիտական առնչություն, կատարել է ուսումնասիրություն կամ վարել եք նմանատիպ այլ դասընթացներ ու քննարկումներ)

Ձեր ներկայացումը պետք է չգերազանցի 15 րոպեն, իսկ բովանդակությունը չներառի խտրականացնող, զրպարտող կամ արժանապատվությունը նվաստացնող որևէ խոսք։

Նախորդ ֆորումների մասին