Կենսաբանական սեռ
Սեռն անհատի կենսաբանական հատկանիշների ամբողջությունն է՝ որպես արական, իգական կամ ինտերսեքս, և որոշվում է այնպիսի չափորոշիչներով, ինչպիսիք են սեռական քրոմոսոմները, սեռական գեղձերը, արտաքին ու ներքին սեռական օրգանները։
Կենսաբանական սեռն առանձնանում է անհատի վերարտադրողական համակարգի կառուցվածքով և ֆունկցիայով` արտաքին ու ներքին սեռական օրգաններով և դրանց կողմից արտադրվող միավորների տեսակներով: Ձվաբջիջն իգական սեռի միավորն է, իսկ սպերմատոզոիդը` արական սեռինը, և դրանք նախատեսված են վերարտադրության համար: Ըստ արտաքին և ներքին սեռական օրգանների՝ առանձնացնում ենք անհատի կենսաբանական սեռը` արական, իգական, ինտերսեքս:
Արական սեռի պատկանող է համարվում այն անհատը, որն ունի արական սեռը բնութագրող առաջնային հատկանիշներ` արտաքին և ներքին արական սեռական օրգաններ: Արտաքին սեռական օրգաններն են առնանդամը և ամորձապարկը` փոշտը, որն արտաքինից պաշտպանում է իր մեջ գտնվող զույգ ամորձիները: Արական սեռի ներքին սեռական օրգաններն են ամորձիները կամ սերմնարանները, սերմնաբշտերը, սերմնածորանները և շագանակագեղձը: Ամորձիներն արական սեռական գեղձերն են, որտեղ առաջանում են արական սեռական բջիջները` սպերմատոզոիդները, և արտադրվում են սեռական հորմոնները: Սերմնածորանները զույգ խողովակներ են, որոնց միջով շարժվում են սպերմատոզոիդները, իսկ սերմնաբշտերը և շագանակագեղձն արտադրում են սերմնահեղուկ, որը, միախառնվելով սպերմատոզոիդների հետ, առաջացնում է սերմը (սպերման):
Իգական սեռի պատկանող համարվում է այն անհատը, որն ունի իգական սեռը բնութագրող առաջնային հատկանիշներ` արտաքին և ներքին իգական սեռական օրգաններ: Արտաքին սեռական օրգաններն են կրծքերը, ցայլքը, մեծ և փոքր սեռական շուրթերը, ծլիկը (կլիտոր), որից ներքև գտնվում է միզածորանը, այնուհետև` հեշտոցամուտքը, որը հիմնականում ծածկված է լինում կուսաթաղանթով (hymen): Կուսաթաղանթի վրա կան անցքեր, որոնցով դուրս է գալիս դաշտանային արյունը: Կուսաթաղանթն ամբողջությամբ չի պատում հեշտոցամուտքը և կարող է լինել տարբեր ձևերի, չափսերի և հաստության: Գոյություն ունի տարածված թյուր պատկերացում, որ բժիշկը գենեկոլոգիական զննման արդյունքում կարող է հաստատել կուսությունը։ Իրականում կուսաթաղանթի ամբողջականությունը կամ տեսքը չի կարող վկայել կնոջ սեռական կյանքի առկայության կամ բացակայության մասին, քանի որ կուսաթաղանթը կարող է վնասվել կամ պատռվել մանկության տարիքում տարբեր ֆիզիկական վարժությունների կամ ինչ-որ առարկաների օգտագործման արդյունքում: Իսկ որոշ մարդկանց մոտ այն կարող է ի ծնե մասնակի լինել կամ ընդհանրապես բացակայել: Կանանց միայն 0.03%-ն է ծնվում տեսանելի կուսաթաղանթով: Իգական սեռի ներքին սեռական օրգաններն են ձվարանները, արգանդափողերը`
ֆալոպյան փողերը, արգանդը և հեշտոցը: Ձվարաններն իգական սեռական գեղձերն են, որոնցում առաջանում են իգական սեռական բջիջները` ձվաբջիջները, և արտադրվում են սեռական հորմոնները: Արգանդը տանձաձև մկանային օրգան է, որում զարգանում է սաղմը: Արգանդափողերը մկանային խողովակներ են, որոնցով անցնում են ձվաբջիջները և որտեղ տեղի է ունենում ձվաբջջի բեղմնավորումը` սպերմատոզոիդի միացումը ձվաբջջին: Յուրաքանչյուր 28 օրը մեկ անգամ ձվարաններից մեկում հասունանում է մեկ ձվաբջիջ: Մինչև հասունանալը ձվաբջիջը գտնվում է հատուկ բշտիկում` ֆոլիկուլում: Հասունացման ընթացքում ֆոլիկուլը լցվում է հեղուկով և տեղաշարժվում ձվարանի մակերեսային շերտ, այնուհետև պատռվում է, և ձվաբջիջն ընկնում է արգանդափող ու շարժվում դեպի արգանդ: Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է, ապա առաջացած սաղմը կպչում է արգանդի պատին: Եթե այն չի բեղմնավորվում, ապա այն արգանդի լորձաթաղանթի հետ պոկվում է և հեռանում հեշտոցի միջով: Այս գործընթացը ուղեկցվում է որոշակի քանակությամբ արյունահոսությամբ և կոչվում է դաշտան: Արյունահոսության քանակը, ուղեկցվող ցավերը կամ այլ սիմպտոմներն անհատական բնույթ ունեն։ Ինտերսեքս և տրանս անձինք ևս կարող են ունենալ վերոնշյալ կենսաբանական կառուցվածքները և օրգանները, հետևաբար նաև օրգան համակարգերին հատուկ ֆունկցիաները։
Ինտերսեքս են համարվում այն անձինք, որոնց մոտ ներքին և արտաքին սեռական օրգանները ո՛չ հստակ իգական են, ո՛չ՝ հստակ արական։ Ինտերսեքս անձանց մոտ հանդիպում են արական և իգական սեռային հատկանիշների տարբեր համակցություններ, որոնք կարող են արտաքնապես ընդհանրապես տեսանելի չլինել:
Բնության մեջ ինտերսեքս կարգավիճակը անվանվել է հերմաֆրոդիտություն, սակայն մարդկանց մասին խոսելիս այդ տերմինը չի օգտագործվում, քանի որ այն համարվում է ինտերսեքս անձանց անհամապատասխան, ունի երկար պատմություն և հանդիպում է միայն բժշկական ոլորտում։ Այնուամենայնիվ, անվանումն առաջացել է հին հունական աստծո` Հերմափրոդիտոսի անունից, որը Հերմեսի և Ափրոդիտեի որդին է: Մարդկանց դեպքում ընդունված է ասել ոչ թե հերմաֆրոդիտ, այլ` ինտերսեքս: Ինտերսեքս դրսևորումների տարբեր տեսակներ կան։ Երբեմն ինտերսեքս անձանց արտաքնապես անհնար է լինում տարբերել արական կամ իգական սեռի անձանցից: Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ ինտերսեքս կարգավիճակը տեսանելի է լինում նաև արտաքնապես: Լինում են նաև դեպքեր, երբ անհատն իր ողջ կյանքն ապրում է` կարծելով, որ կենսաբանորեն արական կամ իգական սեռի է, և միայն մահվանից ու դիահերձումից հետո է պարզվում, որ նա իրականում ինտերսեքս է եղել (որովհետև, օրինակ, բացի արտաքին արական սեռական օրգաններից, ուներ նաև ձվարաններ, ինչի մասին չգիտեր): Լինում են նաև դեպքեր, երբ անհատը վաղ հասակից է տեղեկանում իր ինտերսեքս լինելու մասին։
Ինտերսեքս անձանց հաճախ ստիպում են հարմարվել սեռերի երկբևեռ մոդելին (միայն արական և իգական)` նրանց ենթարկելով բժշկական և «ուղղիչ» միջամտությունների, նույնիսկ եթե վիրահատական միջամտությունը կոսմետիկ է և չունի բժշկական անհրաժեշտություն։ Հետագայում նրանց դաստիարակում են կա´մ որպես աղջիկ, կա´մ որպես տղա: Այդ վիրահատությունները հաճախ խիստ բացասական ազդեցություն են ունենում անհատի վրա, ոմանք նույնիսկ իսպառ կորցնում են սեռական հաճույք ստանալու հնարավորությունը և ունակությունը։ Ամոթն ու խարանն ինտերսեքս կարգավիճակի շուրջ պատճառ են հանդիսացել, որ մարդիկ տասնամյակներ շարունակ լռեն այդ վիրահատական միջամտությունների մասին: Ծնողներն էլ, բժիշկների խորհրդով, կարող են երեխայից գաղտնի պահել իր կյանքին և առողջությանն առնչվող այդ կարևորագույն տեղեկությունը: Իրավական տեսակետից սա ոչ միայն ոտնձգություն է անհատի մարմնի նկատմամբ, որը նախ և առաջ պատկանում է տվյալ անձին, այլև մարդու սեռական և վերարտադրողական իրավունքների ոտնահարում է: Այստեղ կա նաև էթիկական խնդիր. արդյո՞ք ճիշտ է անհատից թաքցնել իրեն վերաբերող այդ աստիճան կարևոր տեղեկությունը: Արդյոք դա բխում է երեխայի՞, թե՞ ծնողների շահերից։
Շատ մշակույթներում ընդունված է սեռերի գոյության «երկբևեռ» վարկածը, այն է՝ կա միայն իգական և արական սեռ: Այս վարկածի գոյության պատճառը, ի թիվս այլ գործոնների, ինտերսեքս անձանց տեսանելիության պակասն է: Այնուամենայնիվ, աշխարհի տարբեր մշակույթներում մարդկային սեռերի և սեռականության «երկբևեռ» մոտեցումից բացի առկա են նաև առավել հանդուրժող, բազմազանություն ընդունող և ներառողական այլ` «բազմաբևեռ» մոտեցումներ, որտեղ դուալիզմը չի խրախուսվում (բարի-չար, ճիշտ-սխալ, լավ-վատ, տղամարդ-կին, սև-սպիտակ և այլն): Որոշ մշակույթներ ընդունում են, որ իգական և արական սեռերից բացի աշխարհում կան նաև այլ սեռ ունեցող անհատներ, ինչը երբեմն արտացոլվում է այդ մշակույթի առասպելաբանության, դիցաբանության և կրոնի մեջ: Որոշ երկրներում (օրինակ՝ Հնդկաստան) պաշտոնական փաստաթղթերում «արական» և «իգական» սեռեր նշելուց բացի կա նաև «այլ» սեռ նշելու հնարավորությունը:
Բացի կենսաբանական սեռից, մարդիկ ունեն նաև հետևյալ սեռերը.
- Քրոմոսոմային կամ գենետիկական սեռ, որը որոշվում է քրոմոսոմների կազմով: Մարդու, ինչպես նաև որոշ կենդանիների դեպքում սեռը որոշվում է հատուկ տեսակի քրոմոսոմներով` սեռական քրմոսոմներով՝ X-իգական քրոմոսոմ, Y-արական քրոմոսոմ, XY քրոմոսոմային կազմ (արական սեռ), XX քրոմոսոմային կազմ (իգական սեռ): Ինտերսեքս մարդկանց մոտ հանդիպում են XXY և XO քրոմոսոմային կազմեր, սակայն ոչ բոլոր ինտերսեքս անձինք ունեն վերոնշյալ քրոմոսոմային կազմերը:
- Հորմոնալ սեռ, որը որոշվում է մարմնի կողմից արտադրվող հորմոններով. իգական սեռին բնորոշ են էստրոգենները, արականին՝ անդրոգենները, որոնք էլ հետագայում սահմանում են անհատի երկրորդային սեռային հատկանիշները, օրինակ` ցածր և թավ ձայնը տղաների մոտ, կրծքի մեծացումը և դաշտանն աղջիկների մոտ, ինչպես նաև` երկու սեռերի մոտ էլ մազածածկույթի առաջացումը արտաքին սեռական օրգանների շուրջ և այլ փոփոխություններ: Թեև և՛ արական, և՛ իգական սեռերն ունեն և՛ անդրոգեններ, և՛ էստրոգեններ, այնուամենայնիվ, դրանց քանակությունը տատանվում է, իսկ քանակը որոշիչ է լինում: Էստրոգենի մեծ քանակության շնորհիվ է, որ աղջիկների դեմքին մազածածկույթ չի առաջանում, իսկ մաշկն ավելի հարթ է լինում: Տղաների դեպքում անդրոգենների մեծ քանակությունն է, որ նրանց դարձնում է ավելի առնական: Լինում է նաև այնպես, որ արական սեռի անհատների մոտ էստրոգեն հորմոնն ավելի շատ է լինում, և նրանք ավելի կանացի տեսք են ունենում, իսկ աղջիկների մոտ ավելի շատ է լինում անդրոգեն հորմոնը, և նրանք առավել առնական տեսք են ունենում:
- Պրենատալ սեռ, որը բժշկի կողմից կնոջ հղիության ժամանակ պտղին տրվող կամ ակնկալվող սեռն է:
- Ծննդյան սեռ, որը ծնվելու պահին տրվում է նորածնին:
- Մորֆոլոգիական սեռ, որը որոշվում է անհատի արտաքին սեռական օրգանների հիման վրա:
- Գոնադային սեռ, որը որոշվում է մարդու սեռական գեղձերի առկայությամբ. իգականի դեպքում ձվարաններն են, իսկ արականի դեպքում` սերմնարանները: Ինտերսեքս մարդկանց մոտ հնարավոր է երկու սեռական գեղձերի միաժամանակյա կամ միջանկյալ տարբերակների առկայությունը:
- Գամետային սեռ, որը որոշվում է սեռական վերարտադրության համար մարմնի կողմից արտադրվող միավորների` գամետների միջոցով. արական սեռական օրգանները արտադրում են սերմնաբջիջ կամ սպերմատոզոիդ, իգականները` ձվաբջիջ:
- Անձնագրային կամ քաղաքացիական սեռ, որը նշված է անհատի անձնագրում:
- Հոգեբանական սեռ, որը հիմնված է անհատի սեռային ինքնության ու ինքնընկալման վրա:
Վերոնշյալ սեռերը սովորաբար համապատասխանում են միմյանց, սակայն կարող են նաև չհամապատասխանել կամ որոշ դեպքերում փոփոխվել: