Սեռական կողմնորոշում
Սեռական կողմնորոշումը սեռականության բաղադրիչներից մեկն է և բնորոշ է յուրաքանչյուր անհատի:
Սեռական կողմնորոշումը յուրաքանչյուր անհատի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջությունն է, ինչպես նաև ինտիմ և սեռական հարաբերությունները կամ դրանք ունենալու ցանկությունն այլ անհատի կամ անհատների հետ:
Առանձնացվում են սեռական կողմնորոշման հետևյալ տեսակները` տարասեռական, նույնասեռական, երկսեռական, ինչպես նաև անսեռական (որոշ աղբյուրներ անսեռականությունը համարում են սեռական կողմնորոշման տեսակ):
Տարասեռական (հետերոսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որն ունի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն, ինտիմ և սեռական հարաբերություններ կամ դրանք ունենալու ցանկությունն այլ գենդերի անձանց նկատմամբ:
Նույնասեռական (հոմոսեքսուալ` լեսբի կամ գեյ) է յուրաքանչյուր անհատ, որն ունի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն, ինտիմ և սեռական հարաբերություններ կամ դրանք ունենալու ցանկություն նույն գենդերի անձանց նկատմամբ: Նույնասեռական տղամարդկանց անվանում են գեյ, իսկ նույնասեռական կանանց` լեսբի:
Ի գիտություն. նույնասեռականությունը ո´չ հիվանդություն է, ո´չ հոգեկան խանգարում, ինչի մասին փաստում են հոգեկան առողջության ոլորտը կարգավորող միջազգային մասնագիտական կառույցների կողմից սահմանված չափանիշները։
1973թ. Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի հոգաբարձուների խորհուրդը հանել է նույնասեռականությունը Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկից (DSM-II), որով ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում առաջնորդվում են հոգեկան և վարքային խանգարումներն ախտորոշելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս 1990թ. մայիսի 17-ին հեռացրել է «նույնասեռականություն» ախտորոշումը Հիվանդությունների միջազգային դասակարգման (ICD-10) հոգեկան խանգարումների շարքից, որով առաջնորդվում են նաև մեր երկրի հոգեկան առողջության մասնագետները:
Երկսեռական (բիսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը զգացմունքային և/կամ սեռական գրավչություն ունի մեկից ավելի գենդերների նկատմամբ:
Անսեռական (ասեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը չունի սեռական գրավչության ցանկություն: Ասեքսուալ մարդիկ ունենում են նույն հուզական կարիքները, ինչ բոլորը, և ընդունակ են ձևավորել ինտիմ հարաբերություններ: Ոմանք ասեքսուալությունը համարում են սեռական կողմնորոշման տեսակ:
Ի գիտություն. եթե անհատն անսեռական է, դա դեռևս չի նշանակում, որ նա սեռական հարաբերություններ չի կարող ունենալ: Անսեռական անհատը ևս կարող է ունենալ զուգընկեր, կառուցել հարաբերություններ, ցանկության դեպքում՝ ունենալ երեխաներ։ Հարկ է անսեռականությունը տարանջատել ամլությունից և սեռական անկարությունից: Անսեռականությունը սեռական գրավչությունների ամբողջության բացակայությունն է, սակայն ոչ անկարությունը (իմպոտենցիա):
Կարևոր է նաև անսեռականությունը տարբերել ժուժկալությունից, որը սեռական կյանք վարելուց դիտավորյալ հրաժարվելն է: Մարդկանց մեծամասամբ ժուժկալության են դրդում որոշ կրոնական գաղափարներ կամ ուղղություններ, և ժուժկալության հիմքը հիմնականում հոգևոր-կրոնական է: Ցանկացած սեռական կողմնորոշում ունեցող անհատ կարող է ժուժկալ կենսակերպ վարել: Բնական ու կանոնավոր սեռական կյանք վարելը կամ դրանից իսպառ հրաժարվելն անհատի ընտրությունն է:
Եթե կինը սիրում է այլ գենդերի անհատի կամ անհատների (զգացմունքային գրավչություն), անհանգստանում է նրա համար կամ հետաքրքրված է նրանով (հուզական գրավչություն), սեռական ցանկություն և հակում է ունենում նրա նկատմամբ (սեռական գրավչություն), ցանկանում է սեռական կյանք վարել նրա հետ կամ վարում է (սեռական հարաբերություն), ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ կամ անցկացնում է (ինտիմ հարաբերություն), ապա այդ անհատը տարասեռական է: Նույնն էլ հակառակ դեպքում: Նույն ձևով, եթե կինը կամ տղամարդն այդ բոլոր գրավչությունների ամբողջությունը, ցանկությունները կամ հարաբերություններն ունի նույն գենդերի անձի նկատմամբ (տղամարդը` տղամարդու, կինը` կնոջ), ապա նա իր սեռական կողմնորոշմամբ նույնասեռական է:
Տարածված կարծրատիպ է, երբ նույնասեռական ասելով մարդիկ մտածում են միայն սեռական գրավչության և հարաբերության մասին` մոռանալով զգացմունքային, հուզական գրավչությունների և ինտիմ հարաբերությունների մասին: Այսինքն, երբ ասում ենք նույնասեռական, պետք է հիշենք, որ խոսքը միայն սեռական կյանքի մասին չէ, և որ նույնասեռականները նույնպես ունեն զգացմունքներ, տածում են հույզեր և այլն: Սեռականության տեսանկյունից նույնասեռականների ու տարասեռականների հիմնական տարբերությունը նրանց սեռական կողմնորոշումն է, իսկ մյուս առումներով նրանք ունեն շատ ընդհանրություններ: Ե´վ արական, և´ իգական սեռի անհատների նկատմամբ բոլոր վերոնշյալ հակումներն ունեցող անձինք էլ, անկախ իրենց կենսաբանական սեռից, երկսեռական են համարվում:
Սեռական կողմնորոշումը հաճախ սխալմամբ նույնացվում է նաև սեռական վարքագծի հետ: Սովորաբար անհատի սեռական վարքագիծը համապատասխանում է նրա սեռական կողմնորոշմանը, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են չհամապատասխանել իրար: Օրինակ` նույնասեռական տղամարդը կարող է իր սեռական վարքագծով լինել ոչ թե տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում տղամարդու հետ (ՏՍՏ), այլ` տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում կնոջ հետ: Նույն սկզբունքով տարասեռական տղամարդը կարող է լինել տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում տղամարդկանց հետ, այլ ոչ թե` տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում կանանց հետ: Նույնն էլ` կանանց դեպքում: Պատճառները և շարժառիթները երկու դեպքում էլ կարող են տարբեր լինել: Այսպես, նույնասեռականը կարող է ինքն իրեն որպես տարասեռական ներկայացնել հանրությանը, այդ թվում` ցուցաբերել տարասեռականներին բնորոշ սեռական վարքագիծ (սեռական կենսակերպ այլ գենդերի անհատի կամ անհատների հետ) հոմոֆոբիայից, խտրականությունից, անհանդուրժողականությունից խուսափելու համար և այլ պատճառներով: Տարասեռականը կարող է ցուցաբերել նույնասեռականներին բնորոշ սեռական վարքագիծ (սեռական կենսակերպ նույն գենդերի անհատի կամ անհատների հետ), օրինակ, գտնվելով քրեակատարողական հիմնարկներում, մենաստաններում, բանակում և այլ տիպի փակ հաստատություններում: Որոշ տղամարդիկ երբեմն ստիպված են լինում (ոմանց նաև պարտադրում են) ցուցաբերել ՏՍՏ սեռական վարքագիծ` կնոջ բացակայության պայմաններում սեռական կարիքներն ու բնական սեռական ցանկությունները բավարարելու համար: Քանի որ սեռական կողմնորոշումը ներառում է գրավչությունների ամբողջություն, և սեռական վարքագծի երկարաժամկետ կամ կարճաժամկետ փոփոխությունը չի փոփոխում սեռական, զգացմունքային և այլ գրավչությունները ինչպես տարասեռականների, այնպես էլ նույնասեռականների և այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց մոտ, ապա եթե ինչ-որ մեկին ստիպում են փոփոխել իր սեռական վարքագիծը, իր համար ոչ գրավիչ սեռի հետ սեռական հարաբերությունները կամ ամուսնությունը չեն փոփոխում տվյալ անձի սեռական կողմնորոշումը: Օրինակ` եթե նույնասեռական անձին պարտադրեն ամուսնանալ կնոջ հետ, դա դեռևս նրան տարասեռական չի դարձնում, և ոչ էլ տարասեռական անձին է հնարավոր նույնասեռական դարձնել:
Ի գիտություն. սեռական կողմնորոշումը չի կառավարվում կամ ընտրվում անհատի կողմից: Սեռական վարքագիծը, ի տարբերություն սեռական կողմնորոշման, երբեմն կարող է լինել համեմատաբար փոփոխական (և´ կանանց, և´ տղամարդկանց, և´ նույնասեռականների, և´ տարասեռականների դեպքում) և համեմատաբար կառավարելի: Սա դեռևս չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է փոփոխի իր սեռական վարքագիծը: Ավելին, սեռական կյանքում անբավարարվածությունը և սեռական կողմնորոշման հետ սեռական վարքագծի անհամապատասխանությունը կարող է շատ բացասական հետևանքների ու առողջական խնդիրների հանգեցնել ինչպես տվյալ անհատի, այնպես էլ իր զուգընկերոջ կամ զուգընկերների համար: