Սեռական վարքագիծ
Սեռական վարքագիծը սեռական բնույթի գործողություններն են և սեռական կենսակերպը արական, իգական կամ այլ սեռի անձի, ինչպես նաև սեփական մարմնի հետ (ձեռնաշարժություն):
Սեռական հարաբերությունները մարդկանց միջև տեղի ունեցող սեռական գործողություններն են, որոնք կարող են լինել ներթափանցող, սակայն դա պարտադիր պայման չէ։ Ներթափանցման դեպքում սեռական հարաբերությունը կարող է լինել հեշտոցային (վագինալ), բերանային (օրալ), հետանցքային (անալ)։
Առանձնացվում են սեռական վարքագծի հետևյալ կատեգորիաները՝
- ԿՍՏ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ,
- ԿՍԿ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում կանանց հետ,
- ԿՍՏԿ` կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց և կանանց հետ,
- ՏՍԿ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում կանանց հետ,
- ՏՍՏ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ,
- ՏՍՏԿ` տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց և կանանց հետ,
- Այլ վարքագծեր։
Չնայած նրան, որ, պահպանողական գաղափարախոսության համաձայն, սեռական հարաբերությունները պետք է ծառայեն միայն սերունդը շարունակելուն (ընդ որում՝ միայն եթե կինն ու տղամարդն ամուսնական կապով են միավորված), և´ կենդանական, և´ մարդկային աշխարհում սեռական հարաբերությունները, բացի իրենց առաջնային նպատակից՝ վերարտադրությունից, ծառայում են նաև հաճույք ստանալուն և այլ նպատակների: Մարդիկ նաև ունեն վերարտադրողական և սեռական իրավունքներ, որոնց թվում են սեռական և վերարտադրողական հարցերի վերաբերյալ ինքնուրույն որոշումների կայացման, խտրականության բոլոր ձևերից ազատ լինելու և հավասարության իրավունքները: