Երկօրյա մարզային պլանավորում. «Մերոնցով» ֆորումի շարունակությունը
Հուլիսի 11-12-ը Փինք իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպեց երկօրյա հանդիպում, որը համախմբեց Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 25 ԼԳԲՏ+ մասնակցի։

Հանդիպման նպատակն էր ստեղծել անվտանգ տարածք՝ մարզերում ապրող ԼԳԲՏ+ անձանց համար՝ միասին քննարկելու իրենց համայնքներում առկա մարտահրավերները, բացահայտելու առկա ռեսուրսներն ու պատկերացնելու այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ապրել անվտանգ, տեսանելի և արժանապատիվ կյանքով։



Առաջին օրը մասնակիցները միմյանց ճանաչեցին, ծանոթացան աշխատարանի նպատակներին և ձևավորեցին խմբային աշխատանքի կանոնները։
Այնուհետև խմբային քննարկումների միջոցով ներկայացրին իրենց համայնքներում առկա փորձառությունները՝ առանձնացնելով այն խոչընդոտներն ու սահմանափակումները, որոնց բախվում են ԼԳԲՏ+ անձինք և այլ խոցելի խմբերը։


Քարտեզագրվեցին սոցիալական և հասարակական կյանքին մասնակցության հիմնական մարտահրավերները՝ հնարավորություն տալով մասնակիցներին տեսնել ինչպես ընդհանուր խնդիրները, այնպես էլ յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունները։






Օրվա երկրորդ հատվածում ուշադրությունը տեղափոխվեց հնարավորությունների վրա։
Խմբերով աշխատելով՝ մասնակիցները քարտեզագրեցին իրենց համայնքներում առկա ռեսուրսները, համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև այն կազմակերպություններն ու նախաձեռնությունները, որոնց հետ հնարավոր է համատեղ աշխատանք ծավալել։

Այնուհետև յուրաքանչյուր խումբ ստեղծեց իր երազանքի տեսլականը՝ պատկերելով միջավայր, որտեղ գործում են անվտանգ և ներառական տարածքներ, հասանելի են անհրաժեշտ ռեսուրսները, իսկ համագործակցությունը համայնքային տարբեր դերակատարների միջև նպաստում է ԼԳԲՏ+ մարդկանց լիարժեք մասնակցությանը։









Երկրորդ օրը նվիրված էր այդ գաղափարների զարգացմանն ու գործնականացմանը։
Մասնակիցները ներկայացրին իրենց մշակած համայնքային տեսլականները, քննարկեցին դրանց իրականացման հնարավոր քայլերը և փորձի փոխանակման միջոցով ձևավորեցին նոր գաղափարներ՝ հետագայում իրենց համայնքներում կիրառելու համար։
Ծրագրի կարևոր բաղադրիչ էին նաև ոչ ֆորմալ ժամանցային ակտիվությունները, որոնք նպաստեցին մասնակիցների միջև վստահության ձևավորմանը, նոր ծանոթությունների ստեղծմանը և համայնքային կապերի ամրապնդմանը։
Նման հանդիպումները հատկապես կարևոր են մարզերում բնակվող ԼԳԲՏ+ անձանց համար, քանի որ հնարավորություն են տալիս զգալ համայնքի աջակցությունը, կիսվել փորձով և միասին պատկերացնել ու կառուցել ավելի ներառական և անվտանգ համայնքներ։