Լրամփոփ | մայիս 2024
Իլգա Եվրոպան հրապարակեց նոր Ծիածան քարտեզը
Մայիսի 15-ին Իլգա Եվրոպայի կողմից հրապարակված Ծիածան քարտեզը, որը դասակարգում է 49 եվրոպական երկրները ԼԳԲՏԻ մարդու իրավունքների ասպարեզում ունեցած օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ցույց է տալիս, որ մի կողմից Եվրոպայում ավտորիտար առաջնորդները շարունակում են օգտագործել ԼԳԲՏԻ անձանց հարցերը որպես քավության նոխազ՝ բաժանելով հասարակության անդամներին և մոբիլիզացնելով իրենց ընտրազանգվածը, միևնույն ժամանակ, մյուս ուժերը ցուցաբերում են ամուր քաղաքական կամք՝ հարգելով ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքները առաջ մղելու և պաշտպանելու պարտավորությունները:
Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության հարևաններից Վրաստանը, որը ԵՄ թեկնածություն ստացած ամենավերջին երկրներից մեկն է, ճնշում է ԵՄ-ին կողմնակից բողոքի ցույցերը՝ ընդդեմ ներկա կառավարության կողմից առաջարկած «օտարերկրյա գործակալների» օրենքի, որն ուղղակիորեն բխում է ռուսական հակա-ԼԳԲՏԻ օրակարգից:
Մալթան իններորդ տարին անընդմեջ շարունակում է զբաղեցնել Ծիածան քարտեզի առաջին տեղը՝ 88% ցուցանիշով։
Ծիածան քարտեզի սանդղակի մյուս ծայրում գտնվող երեք երկրներն են Ռուսաստանը (2%), Ադրբեջանը (2%) և Թուրքիան (5%): Ռուսաստանը կորցրեց 7 միավոր և նահանջեց 3 տեղով դաշնային օրենսդրության պատճառով, որն արգելում է գենդերի իրավական ճանաչումը և տրանս անձանց վերաբերելի առողջապահությունը։ Նախկինում Հայաստանը սանդղակի վերջնամասում էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ, սակայն Ռուսաստանի օրենսդրական փոփոխությունների պատճառով վերջինս միավորներ կորցրեց և տեղերով փոխվեց Հայաստանի հետ։ Արդյունքում Հայաստանը բարելավեց դիրքերը՝ դուրս գալով բռնապետական եռյակից։
Հրապարակվեց Փինքի տարեկան զեկույզը ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակի մասին
«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, յուրաքանչյուր տարի ամփոփելով ԼԳԲՏ անձանց տրամադրված ծառայությունների ընթացքում փաստագրված իրավախախտումները, պատրաստում է զեկույց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցը, մասնավորապես, հիմնված է ինչպես շահառուների կողմից ներկայացված դիմումների միջոցով ստացված տվյալների, այնպես էլ կազմակերպության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքների վրա։
Զեկույցի առաջին մասում ամփոփված են արձանագրված իրավախախտումները, որոնց առնչությամբ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն տրամադրել է խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն։ Դեպքերը առանձնացված են ըստ խախտված իրավունքների, այնուամենայնիվ, դրանք կարող են պարունակել մեկից ավելի իրավունքների խախտումներ։ Ամեն բաժնում նախապես հակիրճ անդրադարձ է կատարվել տվյալ իրավիճակներում խախտված իրավունքի ընդհանուր նկարագրությանը՝ հիմնված միջազգային փաստաթղթերի և դրանց հիման վրա գործող մարմինների մեկնաբանությունների վրա։ Այդպիսով, ներկայացված է իրավունքի մեկնաբանման և դրանք պաշտպանելու համար պետության պարտավորությունների, ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցների շրջանակը, որպեսզի պարզ լինի արարքի որակման տրամաբանությունը։
Զեկույցի երկրորդ մասը վերաբերում է ատելության խոսքին։ Դրանում հակիրճ նկարագրված է ատելության խոսքի սահմանման և նույնականացման չափորոշիչները, իրավակարգավորումների շրջանակը ինչպես միջազգային փաստաթղթերի, այնպես էլ` ներպետական իրավական համակարգի տեսանկյունից։ Բացի այդ, ներկայացված են նաև ատելության խոսքի տարբեր աստիճանի վտանգավորության դեպքեր, որոնց մի մասը ՀՀ քրեական օրենսդրության համաձայն պատժելի է, մյուս մասը՝ ոչ։
Հոմոֆոբիայի, բիֆոբիայի ու տրամսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը տեղի ունեցավ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակի քննարկումը
Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի, բիֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, որի խորհուրդն է համախմբել ԼԳԲՏ անձանց, իրավապաշտպանների և այլ շահագրգիռ կողմերի ջանքերն ու պայքարը՝ բարձրաձայնելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ ոտնահարումները և ստեղծելու խտրականությունից, ատելությունից ու անհանդուրժողականությունից զերծ և ներառական հասարակություն։
Օրվա խորհրդին համապատասխան մայիսի 17-ին տեղի ունեցավ «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկումը։ Միջոցառման նպատակն էր ներկաների հետ քննարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության, հանցագործությունների և ատելության խոսքի արդյունավետ քննության հնարավորություններն ու պրակտիկայում առկա խոչընդոտները։
Քննարկմանը մասնակցեցին ինչպես իրավապաշտպաններ ու ԼԳԲՏ անձինք, այնպես էլ՝ միջազգային կառույցների, դեսպանությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Արդարադատության, ՀՀ Ներքին գործերի ու ՀՀ Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ։