Լրամփոփ | օգոստոս 2024

28-08-2024

ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր

5-րդ տարին անընդմեջ oգոստոսի 3-ը նշվում է որպես ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր: Այս օրը կարևոր է, քանի որ այն ընդգծում է ԼԳԲՏ+ անձանց հավասար իրավունքների և պաշտպանության համար մղվող շարունակական պայքարը Հայաստանում: Օրվա նախապատմությունը կապված է 2018 թ․ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տեղի ունեցած բռնության դեպքի հետ երբ, թվով ինը երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏ+ ակտիվիստներ, բռնության են ենթարկվել ավելի քան 20 անձի կողմից՝ իրենց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով։ Հենց այս դեպքն էլ հանդիսացել է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրվա հռչակման շարժառիթը։

Տևական այս պայքարի արդյունքում ակնկալում ենք ունենալ մի հասարակություն, որտեղ բոլոր մարդկանց իրավունքները հավասար պաշտպանված են և յուրաքանչյուր ոք ազատ է՝ անկախ իր սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից։

Ամփոփելով 2024 թ․ կիսամյակը և տրամադրված ծառայությունները

Այս տարի ևս Փինքի ծառայությունները ակտիվ ընթացք են ունեցել առաջին կիսամյակում։ Բացի կազմակերպության ընթացիկ ծրագրերի ֆինանսական աջակցությունից, մեծ դեր է խաղացել նաև Գլոբալ գիվինգ հարթակում անհատ դոնորների կատարած հանգանակությունները, որոնք օգնել են մեզ շարունակական ծառայություններ տրամադրել ԼԳԲՏ+ անձանց։

Մասնագետների տրամադրած ծառայությունների և խորհրդատվությունների քանակի մասին, ինչպես նաև այցելուների կարիքների և հայցերի վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

2024 թ.-ին արձանագրված ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների կիսամյակային ամփոփում

Օգոստոսին հրապարակեցինք 2024 թ.-ին արձանագրված ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների կիսամյակային ամփոփումը, որտեղ հակիրճ ներկայացված է 2024 թվականի առաջին կիսամյակում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը՝ հիմնված Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից արձանագրված իրավախախտման դեպքերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների ընթացքի ուսումնասիրության վրա։

Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից փաստագրվում են սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված խտրականության, բռնությունների, ինչպես նաև ատելության խոսքի դեպքերը։ Հարկ է նշել, որ 2024թ-ի առաջին կիսամյակի իրադրությունը մտահոգիչ է, քանի որ արդեն իսկ արձանագրվել է խտրականությամբ զուգորդված մարդու իրավունքների խախտման 42 դեպք, ինչը մոտ է նախկինում ամբողջ տարվա ընթացքում արձանագրվող դեպքերի քանակին։ 

2024թ-ին կրկին հանրությանն է ներկայացվել խտրականության դեմ օրենքի նախագիծը, որը քիչ փոփոխություններով քննարկվում է դեռևս 2016 թ.-ից ի վեր։ Հարկ է նշել, որ օրենքի նախագիծը չի ներառում այնպիսի իրավական գործիքներ, մեխանիզմներ, որոնք այն կդարձնեին խտրականությունից պաշտպանության արդյունավետ միջոց։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։