Լրամփոփ | հոկտեմբեր 2025

31-10-2025

Ներկայացվեց Հայաստանում գենդերի վերահաստատման պրակտիկաների վերաբերյալ հետազոտությունը

Հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպված «Տրանսգենդեր անձանց տրամադրվող բուժօգնության և սպասարկման օրենսդրական բացերի, գենդերի վերահաստատման պրակտիկաների և դրանց խնդիրների մասին» կլոր սեղան-քննարկումը։  

Միջոցառմանը ներկայացվեց «Փինք» և «Սոցիոսկոպ» ՀԿ-ների կողմից 2024-2025թթ-ին իրականացված «Տրանսգենդեր անձանց առողջապահական իրավունքները և գենդերի վերահաստատման պրակտիկաները Հայաստանում» հետազոտությունը։

Միջոցառման մանրամասները, զեկույցն ու համառոտագրերը կարող եք կարդալ այստեղ։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հայտարարությունը Մամիկոն Հովսեփյանի նկատմամբ ճնշումների վերաբերյալ

ՄԱԿ-ի Իրավապաշտպանների հարցերով հատուկ զեկուցողն իր անհանգտությունն է հայտնել Մամիկոն Հովսեփյանի նկատմամբ Առողջապահության նախարարության ճնշումների վերաբերյալ:

Սոցիալական ցանցերի՝ զեկուցողի պաշտոնական էջերում գրել է․ «Մտահոգիչ լուր եմ լսում, որ իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանը, Փինք Արմենիայի հիմնադիրը, հանրայնորեն թիրախավորվել է Հայաստանի առողջապահության նախարարության կողմից․ նրան զրպարտել են և ապօրինաբար հեռացրել ՄՀՀ-ից (ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի հիմնական մեխանիզմ), այն բանից հետո, երբ նա բարձրաձայնել է առողջապահական համակարգում տեղի ունեցող չարաշահումների մասին։ Քաղաքացիական հասարակության ազատ մտածող ներկայացուցչին լռեցնելու այս փորձը խիստ մտահոգիչ է։»

ԼԳԲՏ+ պատմության ամիսը՝ նվիրված տրանս անձանց և առողջությանը

Այս տարի ԼԳԲՏ+ պատմության ամիսը նվիրեցինք տրանս անձանց, գենդերի վերահաստատման գործընթացի և դրան առնչվող առողջապահական հարցերին։ Սոցիալական մեդիայում իրականացված պաստառների արշավի միջոցով տրանս համայնքին և համախոհներին ներկայացրեցինք գենդերի վերահաստատման կարևոր քայլերը՝ ընդգծելով, թե ինչպիսի աջակցություն կարող է անհրաժեշտ լինել այն անցնող կամ դրան պատրաստվող անձանց համար, և որքան կարևոր է նրանց կողքին լինել այն պահին, երբ նրանք դրա կարիքն այդքան ունեն։

Արշավը եզրափակեցինք չորս տեղեկատվական տեսահոլովակներով, որոնցում մասնագետները ներկայացնում են առկա աջակցության մեխանիզմները, մասնագիտական խորհրդատվության ստացման ուղիները, ինչպես նաև հետգործընթացային խնամքի և աջակցության հնարավորությունները։

Ձմեռային ճամբար ուսանողների համար

Փինքը կազմակերպում է ուսումնական ճամբար օգնող մասնագիտություններում սովորող ուսանողների համար։ Օգնող մասնագիտությունները ներառում են հոգեբաններին, խորհրդատուներին, սոցիալական աշխատողներին, հոգեբույժներին, սեքսոլոգներին, իրավաբաններին, հոգեթերապևտներին և խնամքի ու աջակցության ոլորտի այլ մասնագիտություններ։ Սա մասնագիտական վերապատրաստման, հմտությունների բարելավման, մասնագիտական ծանոթությունների ու կապերի հաստատման հրաշալի հնարավորություն է։