Լրամփոփ | նոյեմբեր 2025
Վերապատրաստում իրավապահ մարմինների համար՝ ատելության հիմքով հանցագործությունների բացահայտման և քննության վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված երկօրյա դասընթացը միավորեց Հայաստանի ոստիկանության աշխատակիցներին, դատախազներին և քննիչներին՝ ատելության հիմքով հանցագործությունները բացահայտելու և քննելու նրանց կարողությունները հզորացնելու համար: Իրավապահ մարմինների համար նախատեսված ծրագիրը նպատակ ուներ բարելավել ատելության հիմքով միջադեպերի վերաբերյալ նրանց ըմբռնումը և նրանց զինել պրակտիկ գործիքներով՝ բոլոր անհատների համար արդարադատություն և պաշտպանություն ապահովելու համար:
Դասընթացի ընթացքում մասնակիցներն ավելի խորը գիտելիքներ ձեռք բերեցին նման հանցագործությունների ճանաչման, ավելի արդյունավետ հետաքննություններ անցկացնելու և Եվրոպայի խորհրդի հիմնական չափանիշների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքի կիրառման վերաբերյալ: Փինք ՀԿ-ի մասնագետները նույնպես հրավիրվել էին կիսվելու ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատելու զգայունության և լավագույն փորձի վերաբերյալ իրենց մտքերով՝ քննարկումներին նպաստելով քաղաքացիական հասարակության արժեքավոր տեսանկյուններով:
Միջոցառումը ոչ միայն բարելավեց մասնագիտական հմտությունները, այլև խրախուսեց իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ու երկխոսությունը: Այն նաև ընդգծեց ատելության հիմքով հանցագործությունների տարածվածությունը Հայաստանում և դրանց զգալի ազդեցությունը տուժողների և համայնքի վրա:
Համակարգային խոցելիությունը Հայաստանում․ ԺՀՄԻԳ-ի 2024 թ. զեկույցը
Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հավաքագրել է ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ տվյալներ մասնակից պետություններից ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և ներկայացրել իր զեկույցը։ Այս տարվա արդյունքները հատկապես մտահոգիչ են՝ ընտանեկան բռնության, գենդերային հիմքով բռնության և շանտաժի դեպքերի աճի, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից օրենքի կիրառման ձախողման առումով։ Վերլուծելով դուրս բերված տվյալները` մենք առանձնացրել ենք հիմնական միջոցառումները, որոնք անհրաժեշտ են այս համակարգային խնդիրները վերացնելու համար։
ԺՀՄԻԳ-ն ընդգծում է, որ ատելության հիմքով հանցագործություններին արդյունավետ արձագանքելը պահանջում է տուժողների աջակցության մասնագիտացված և հասանելի համակարգեր, մի ոլորտ, որը Հայաստանում շարունակում է մնալ ծայրահեղ թերզարգացած։
Հայաստանում իրավապահ համակարգի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կառուցվածքային համագործակցության բացակայությունն էլ ավելի է թուլացնում աջակցության համակարգը։ ԺՀՄԻԳ-ը խորհուրդ է տալիս ուժեղացնել համագործակցությունը ԼԳԲՏ+ հիմնախնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների հետ, որոնք ներկայումս ծառայում են որպես տուժողների համար առաջնային, իսկ երբեմն էլ՝ միակ վստահելի ռեսուրս։ Առանց նման համագործակցության, ոստիկանություն դիմող տուժողները պաշտպանության փոխարեն կարող են բախվել խնդրի կարևորության նվազեցման, ոչ հետևողական քննության։
Նաիրիի պատմությունը
Ատելության խոսքն ու բռնությունը երբեք պարզապես խոսքեր կամ գործողություններ չեն․ դրանք կարող են խլել մարդկանց ինքնությունը, խաղաղ ապրելու հնարավորությունը։
Փինքը պատրաստել է մի տեսանյութ, որն անիմացիոն պատմություն է Նաիրիի մասին։ Այն պատմում է ցավալի իրականության մասին, որի միջով անցնում են տրանս մարդիկ Հայաստանում՝ մերժման, ատելության և անտարբերության միջավայրում։ Նաիրին կարող էր լինել մեր ընկերներից որևէ մեկը։ Եկեք ստեղծենք մի հասարակություն, որտեղ ոչ ոք չի մեկուսացվի իր ինքնության պատճառով, որտեղ բոլոր Նաիրիները կարող են շարունակել սիրել անձրևը և կյանքը։

ԼԳԲՏ+ համայնքի կարիքների գնահատում
Իրականացնում ենք գնահատում՝ հասկանալու ԼԳԲՏ+ համայնքի կարիքները Հայաստանում։ Յուրաքանչյուրի մասնակցությունը կօգնի բարելավել կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները և պաշտպանությունը։
Լրացրու այս անանուն հարցաթերթիկը մինչև դեկտեմբերի 7-ը։
Այլ նորություններ
Նորությունների բաժին