Տուժողների աջակցության բացերը. երբ տունն անվտանգ չէ
Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հավաքագրել է ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ տվյալներ մասնակից պետություններից ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և ներկայացրել իր զեկույցը։ Այս տարվա արդյունքները հատկապես մտահոգիչ են՝ ընտանեկան բռնության, գենդերային հիմքով բռնության և շանտաժի դեպքերի աճի, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից օրենքի կիրառման ձախողման առումով։ Վերլուծելով դուրս բերված տվյալները` մենք առանձնացրել ենք հիմնական միջոցառումները, որոնք անհրաժեշտ են այս համակարգային խնդիրները վերացնելու համար։
ԺՀՄԻԳ-ն ընդգծում է, որ ատելության հիմքով հանցագործություններին արդյունավետ արձագանքելը պահանջում է տուժողների աջակցության մասնագիտացված և հասանելի համակարգեր, մի ոլորտ, որը Հայաստանում շարունակում է մնալ ծայրահեղ թերզարգացած։ Ընտանեկան բռնության ենթարկված ԼԳԲՏ+ անձանց համար աջակցությունը պետք է ներառի.
- ժամանակավոր կացարաններ և անվտանգ տեղափոխման ուղիներ,
- ինքնությամբ պայմանավորված ատելության վրա հիմնված բռնության եթնարկված անձանց համար նախատեսված հոգեբանական և սոցիալական աջակցություն,
- իրավական աջակցություն՝ ընտանեկան ճնշումների և հնարավոր հաշվեհարդարների դեմ պայքարելու համար,
- բռնության մասին հաղորդելու գաղտնի ուղիներ։
Հայաստանում իրավապահ համակարգի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կառուցվածքային համագործակցության բացակայությունն էլ ավելի է թուլացնում աջակցության համակարգը։ ԺՀՄԻԳ-ը խորհուրդ է տալիս ուժեղացնել համագործակցությունը ԼԳԲՏ+ հիմնախնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների հետ, որոնք ներկայումս ծառայում են որպես տուժողների համար առաջնային, իսկ երբեմն էլ՝ միակ վստահելի ռեսուրս։ Առանց նման համագործակցության, ոստիկանություն դիմող տուժողները պաշտպանության փոխարեն կարող են բախվել խնդրի կարևորության նվազեցման, ոչ հետևողական քննության։
Քաղաքացիական հասարակության առանցքային դերը Հայաստանում
ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ապահովում են ԼԳԲՏ+ անձանց դեմ ուղղված ատելության հիմքով հանցագործություններ վերաբերյալ տվյալների հիմնական ապացույցների բազան, սակայն նրանց դերը հատկապես կարևոր է Հայաստանում: Քանի որ իրավապահները հետևողականորեն չեն արձանագրում հանցագործությունների կողմնակալ շարժառիթը, պաշտոնական տվյալները չեն կարող օգտագործվել միտումները գնահատելու, քաղաքականություն մշակելու կամ ռեսուրսներ բաշխելու համար։
Հասարակական կազմակերպությունները լրացնում են այս բացը՝ փաստագրելով միջադեպերը, աջակցելով տուժողներին և ջատագովելով բարեփոխումները։ Հայաստանում խնդիրը ոչ այնքան քաղաքական ռեպրեսիաներն են, որքան պետության կառուցվածքային անարձագանքությունը։ Սա անհամաչափ պատասխանատվություն է դնում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա՝ մշտադիտարկելու և հասցեագրելու ատելությամբ պայմանավորված բռնությունը։
Հայաստանի թաքնված ճգնաժամի հասցեագրումը
2024թ. ԺՀՄԻԳ-ի բացահայտումները վկայում են, որ Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց դեմ ատելության հիմքով հանցագործությունների դաշտը բնութագրվում է բտնությամբ` թե հասարակության այլ խմբերի կողմից, թե տանը, ինստիտուցիոնալ սխալ որակումներով և անհամաչափ արձագանքեվ։ Այս օրինաչափությունները խորապես արմատավորված են սոցիալական խարանի (ստիգմայի) մեջ և սրվում են իրավապահ մարմինների ընթացակարգային ձախողումներով:
Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց անվտանգությունն ու իրավունքները էապես բարելավելու համար կարևոր են հետևյալ քայլերը.
- Արձանագրել և հաշվի առնել կողմնակալ շարժառիթը` արարքի որակման, քննության և հաշվետվողականության փուլերում։
- Վերապատրաստել ոստիկաններին, քննիչներին և դատախազներին` քննչական գործընթացի վաղ փուլում կողմնակալ շարժառիթները հայտնաբերելու և նույնականացնելու համար։
- Զարգացնել տուժողների աջակցության մասնագիտացված ծառայություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընտանեկան բռնությունից տուժած անձանց։
- Ընդլայնել ֆորմալ համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ ճանաչելով նրանց էական դերը թե՛ փաստագրման, թե՛ աջակցության գործում։
- Ինտեգրել հանրային իրազեկման ռազմավարություններ՝ փոխելով սոցիալական նորմերը, որոնք ներկայումս հնարավոր են դարձնում ընտանեկան հարկադրանքն ու շանտաժը։
- Լրացում կատարել Քրեական օրենսգրքում` ուղղակիորեն նախատեսելով սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը` որպես պաշտպանված հատկանիշ` ատելության շարժառիթով կատարված արարքը ծանրացնող հանգամանքների շարքում։
Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց դեմ բռնության մասնավոր բնույթը, զուգորդված իրավապահների անգործության հետ, ստեղծում է թաքնված ճգնաժամ, որը պահանջում է շարունակական ազգային և միջազգային ուշադրություն։
Այլ նորություններ
Նորությունների բաժին