Համակարգային խոցելիությունը Հայաստանում․ ԺՀՄԻԳ-ի 2024 թ. զեկույցը
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել է 2024 թ. ընթացքում գրանցված ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ զեկույցը։ Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքների վիճակի վերաբերյալ պատկերացում կազմելու հիմնական աղբյուրը մնում են քաղաքացիական հասարակության կողմից հավաքագրվող տվյալները, այլ ոչ թե պետական հաշվետվությունները։
Համաձայն զեկույցի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից գրանցվել է 49 ատելության շարժառիթով հանցագործություն, իսկ պետական մարմինների կողմից գրանցվել է ընդամենը 6 դեպք։ Իրավապահ մարմինների կողմից գրանցված վեց դեպքերից չորսով հարուցվել է քրեական վարույթ, որոնցից մեկն ավարտվել է դատավճռով։ Այդ դեպքերից մեկը ներառել է ատելության շարժառիթով ֆիզիկական բռնություն ԼԳԲՏԻ անձի նկատմամբ, երկուսի ենթադրաբար շարժառիթը եղել է ռասիզմը, իսկ մեկ դեպքը՝ հակասեմական մոտիվ է ունեցել։
Երբ տունն անվտանգ չէ
Ներկայացված միջադեպերի մեծ մասը՝ 46-ը, դասակարգվել են որպես հակա-ԼԳԲՏԻ կամ երկակի շարժառիթ ունեցող դեպքեր, որոնք ներառում են և՛ ԼԳԲՏԻ աձնանց դեմ, և՛ գենդերային հիմքով բռմնությունները։ Այդ դեպքերի կեսը ներկայացվել է Փինք և Իրավունքի կողմ ՀԿ-ների, նաև ԼԳԲՏ+ հավասարության Արևելյան Եվրոպայի կոալիցիայի կողմից։ Այն, ինչը տարբերում է Հայաստանը տարածաշրջանի մեծ մասից, ընտանիքի կենտրոնական դերն է որպես բռնության հիմնական վայր։ Երբ անձինք բացահայտում են իրենց ինքնությունը կամ հարազատները ենթադրում են, որ անհատը ԼԳԲՏԻ անձ է, նրանք հաճախ դիմում են հարկադրանքի, ֆիզիկական բռնության կամ բռնի մեկուսացման։ Նման դեպքերում տուժողները բացառիկ խոցելի դիրքերում են հայտնվում. նրանց բռնարարները անծանոթներ չեն, այլ մտերիմներ են, և փախուստը պահանջում է կայուն աջակցություն ընտանիքից դուրս, որը Հայաստանում ներկայումս բացակայում է։
Տնտեսական շահագործում և շանտաժ
Հայաստանում մեկ այլ ուշագրավ միտում է նույնասեռ տղամարդկանց թիրախավորող շանտաժի և բռնի կողոպուտի տարածվածությունը։ Հանցագործները շահագործում են թշնամական միջավայրում բացահայտվելու հետ կապված սոցիալական ռիսկերը՝ օգտագործելով սպառնալիքներ, շորթում և ֆիզիկական բռնություն՝ գումար կամ արժեքավոր իրեր ստանալու համար։ Այս հանցագործություններն ընդգծում են, թե ինչպես է խարանը սեռական կողմնորոշումը վերածում տնտեսական հարկադրանքի գործիքի։
Իրավապահները հաշվի չեն առնում շարժառիթը
Պետությունը նաև հայտնել է մի քանի դրական քայլերի մասին օրենսդրական կարգավորման և քաղաքականության մշակման առումով, ներառյալ, մասնավորապես, «Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից» բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի մի դրույթ, ըստ որի՝ պետք է մշակվի ուղեցույց քննիչների, ոստիկանության աշխատակիցների և դատախազների համար՝ ատելության հիմքով հանցագործությունների, ատելության խոսքի և խտրականության դեպքերի հետաքննության առանձնահատկությունների վերաբերյալ։ 2024 թվականին ուժի մեջ է մտել նաև Քրեական օրենսգրքի փոփոխություն, որով զուգընկերոջ կողմից կատարված բռնությունն ավելացվել է ծանրացնող հանգամանքների ցանկում, ինչը թույլ է տալիս համաչափ պատասխանատվություն կիրառել սեռի, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով կատարված հանցագործությունների դեպքերում։
Չնայած Հայաստանում վերջին փոփոխություններին, ըստ որի ատելության հիմքը ճանաչվում է որպես քրեական հանցագործությունները ծանրացնող հանգամանք, ԺՀՄԻԳ-ը մատնանշում է, որ առկա է կիրառման լուրջ բացթողում։ Ոստիկանությունը և իրավապահ մարմինները պարբերաբար չեն գրանցում այս գործոնը, ինչի հետևանքով ատելության հիմքով հանցագործությունները սխալմամբ դասակարգվում են որպես «սովորական ընտանեկան վեճեր»։ Սա ոչ միայն պաշտպանում է հանցագործներին ատելության հիմքով հանցագործությունների համար համապատասխան պատժամիջոցներից, այլև ջնջում է ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ թշնամանքի ապացույցները ազգային վիճակագրությունից։ Երբ հանցագործությունների ատելության հիմքը ջնջվում է ոստիկանության գրառումներից, զոհերը դառնում են անտեսանելի մի համակարգում, որտեղ նրանց անվտանգությունն արդեն իսկ կախված է բռնարար ընտանիքներից փախչելուց։
Մենք հույս ենք հայտնում, որ ոստիկանության աշխատակիցների, քննիչների և դատախազների համար իրականացվող վերապատրաստման դասընթացները կլինեն շարունակական բնույթի, կներգրավեն ոլորտի փորձագետների և ի վերջո կդառնան պարտադիր շարունակական կրթության մաս։
Մենք նաև վերահաստատում ենք բազմիցս բարձրաձայնված անհրաժեշտությունը՝ Քրեական օրենսգրքում հանցագործությունը ծանրացնող հանգամանքների ցանկում ներառել սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես ատելության շարժառիթներ։
Այլ նորություններ
Նորությունների բաժին