Լրամփոփ | դեկտեմբեր 2025
Կոչ` դադարեցնելու ԼԳԲՏ+ անձանց թիրախավորումը քաղաքական նպատակներով
Կրկին ակտիվացած քաղաքական շահարկումները մտահոգության տեղիք են տալիս, ինչի առնչությամբ մենք տարածել ենք հայտարարություն։ Թե ընդդիմադիր գործիչների, թե իշխանությունների և համախոհների կողմից պարբերաբար փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու վտանգավոր մեթոդը, այն է` այդ անձանց ԼԳԲՏ+ համայնքի հետ ասոցացնելը։ Մասնավորապես, անձին բացասական լույսի ներքո ներկայացնելու, վերջինիս խոսքի կշիռը և արժանահավատությունը նվազեցնելու նպատակով՝ լուրեր են տարածվում անձանց ենթադրյալ նույնասեռական կողմնորոշման մասին կամ ԼԳԲՏ+ անձանց պաշտպանությանն ուղղված գործունեություն վերաբերյալ։
Մարդու սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը պարզապես բոլոր մարդկանց բնորոշ բնական հատկանիշներ են, և քաղաքական նպատակով շահարկելը զուրկ է որևէ տրամաբանական հենքից ու կրում է միայն շահադիտական բնույթ։
Փինքը նշեց իր գործունեության 18-ամյակը
Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Փինք» իրավապաշտպան ՀԿ գործունեության 18-ամյակին նվիրված միջոցառումը։ Այն միավորեց կազմակերպության աշխատակիցներին, միջազգային և տեղական գործընկերներին, աջակիցներին ու ԼԳԲՏ+ համայնքին՝ միասին անդրադառնալու կազմակերպության անցած ճանապարհին, ձեռքբերումներին, մարտահրավերներին և ապագայի տեսլականին։
Միջոցառումը մեկնարկեց՝ Փինքի 18 տարվա պայքարի, դիմակայության և կայացման ուղու մասին ներկայացմամբ։ Այնուհետև, ցուցադրվեց անիմացիոն տեսանյութ, որը խորհրդանշական կերպով ներկայացրեց կազմակերպության արժեքները, ԼԳԲՏ+ շարժման զարգացումը։

Քամինգաութի պատմություններ՝ առանց պարտադրանքի, առանց սպասումների
Տարին ավարտում ենք քամինգաութի մասին մեր նոր նկարազարդումներով, որոնք հրապարակվում են Փինքի ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում։ Այս նկարազարդումները փոքր հատվածներ են պատմություններից, որոնք անցել են ինքնաճանաչման, վախերի ու լռության միջով։ Շարքում ներկայացված են իրական քամինգաութի պատմություններից վերցված դրվագներ՝ այն պահերը, որոնք շատերս ապրում ենք ներքուստ, երբ փորձում ենք հասկանալ ինքներս մեզ, մեր վախերը, մեր սահմանները և այն աշխարհը, որտեղ պիտի տեղավորենք մեր ինքնությունը։
Այս պատմությունները շատ տարբեր են՝ երբեմն ցավոտ, երբեմն ուժեղացնում են, երբեմն հանգիստ ավարտով, երբեմն՝ ոչ այնքան։ Բայց դա էլ է իրականություն։ Քամինգաութը որևէ միասնական ձև չի ունի․ չկա սխեմա, որին պետք է համապատասխանել և չկա ճիշտ կամ սխալ ճանապարհ։
Յուրաքանչյուրի փորձառությունը եզակի է։ Յուրաքանչյուրն ունի իր ներքին ժամանակը, իր անվտանգ տարածքը, իր պատրաստակամության պահը։ Ոմանց համար քամինգաութը կարևոր քայլ է, մյուսների համար՝ ոչ այնքան անհրաժեշտ, և երկու դեպքում էլ դա լիովին բնական ու ընդունելի է։
Այս նախագիծը հիշեցում է, որ մեր պատմությունները պետք է լսվեն առանց պարտադրանքի, առանց մեծ սպասումների, և ամենակարևորը՝ առանց վտանգի։ Ի վերջո, քամինգաութը պիտի լինի ոչ թե սարսափելի փորձառություն, այլ սեփական անձի հանդեպ ազնվության ու ընդունման քայլ։








Այլ նորություններ
Նորությունների բաժին