Փինքը նշեց իր գործունեության 18-ամյակը
Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Փինք» իրավապաշտպան ՀԿ գործունեության 18-ամյակին նվիրված միջոցառումը։ Այն միավորեց կազմակերպության աշխատակիցներին, միջազգային և տեղական գործընկերներին, աջակիցներին ու ԼԳԲՏ+ համայնքին՝ միասին անդրադառնալու կազմակերպության անցած ճանապարհին, ձեռքբերումներին, մարտահրավերներին և ապագայի տեսլականին։
Միջոցառումը մեկնարկեց՝ Փինքի 18 տարվա պայքարի, դիմակայության և կայացման ուղու մասին ներկայացմամբ։ Այնուհետև, ցուցադրվեց անիմացիոն տեսանյութ, որը խորհրդանշական կերպով ներկայացրեց կազմակերպության արժեքները, ԼԳԲՏ+ շարժման զարգացումը։
Միջոցառման առանցքային հատվածներից մեկը կազմակերպության ֆինանսական հաշվետվության և ծրագրային գործունեության ներկայացումն էր։ Փինքի թիմը ներկայացրեց ռազմավարական ուղղությունների ամփոփ պատկերն ու ֆինանսական ընդհանուր վիճակը՝ ընդգծելով թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը կազմակերպության աշխատանքում։ Այնուհետև, անդրադարձ եղավ կազմակերպության գործունեության ընթացքում ունեցած խոչընդոտներին և դրանց հաղթահարման ուղիներին։ Ներկայացված ժամանակագրությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Փինքի գործունեությունը մշտապես արձագանքել է հասարակական ու քաղաքական փոփոխություններին՝ կենտրոնում պահելով ԼԳԲՏ+ մարդկանց իրավունքները, մասնագիտական աջակցության շարունակական տրամադրումն ու անվտանգության ապահովումը։
Թիմի անդամները խոսեցին նաև համայնքային նախաձեռնություններին աջակցության և քվիր մշակույթի խթանման մասին։ Ներկայացվեց Փինքի կողմից տրամադրված ենթադրամաշնորհների փորձի և հաջողված ծրագրերի ու կարևոր իրադարձությունների մասին, այդ թվում՝ IDAHOBIT միջոցառումները, Ծիածան ֆորումը, զեկույցներն ու ադվոկացիան, օգնող մասնագետների հետ աշխատանքը, ճամբարները, Քամինգ աութի և այլ նախաձեռնությունները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մարզային տարածքներում իրականացվող աշխատանքներին։ Թիմի անդամները ներկայացրեցին մարզային համայնքների պատմությունը, զարգացման ընթացքը և այն կարևորությանը, որը տրվում է Երևանից դուրս ԼԳԲՏ+ մարդկանց հասանելիությանը և աջակցությանը։
Միջոցառման ավարտին հնարավորություն տրվեց հյուրերին ելույթների, շնորհավորանքների և փորձի փոխանակման համար։ Երեկոն եզրափակվեց հյուրասիրությամբ, տորթով և նեթվորքինգով՝ ևս մեկ անգամ ընդգծելով Փինքի ներդրումը ԼԳԲՏ+ համայնքի և շարժման կայացման հարցում։
Փինքի 18-ամյակը ոչ միայն տարեդարձ էր, այլ նաև հիշեցում այն արժեքավոր ու շարունակական աշխատանքի մասին, որն ուղղված է հավասարության, արժանապատվության և մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանում։

Այլ նորություններ
Նորությունների բաժին