Կոչ` դադարեցնելու ԼԳԲՏ+ անձանց թիրախավորումը քաղաքական նպատակներով

04-12-2025

Կրկին ակտիվացած քաղաքական շահարկումները մտահոգության տեղիք են տալիս։ Թե ընդդիմադիր գործիչների, թե իշխանությունների և համախոհների կողմից պարբերաբար փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու վտանգավոր մեթոդը, այն է` այդ անձանց ԼԳԲՏ+ համայնքի հետ ասոցացնելը։ Մասնավորապես, անձին բացասական լույսի ներքո ներկայացնելու, վերջինիս խոսքի կշիռը և արժանահավատությունը նվազեցնելու նպատակով՝ լուրեր են տարածվում անձանց ենթադրյալ նույնասեռական կողմնորոշման մասին կամ ԼԳԲՏ+ անձանց պաշտպանությանն ուղղված գործունեություն վերաբերյալ։ 

Մարդու սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը պարզապես բոլոր մարդկանց բնորոշ բնական հատկանիշներ են, և քաղաքական նպատակով շահարկելը զուրկ է որևէ տրամաբանական հենքից ու կրում է միայն շահադիտական բնույթ։  

Ցանկանում ենք ևս մեկ անգամ շեշտել, որ հասարակության շրջանում թշնամանքի և անհանդուրժողականության սերմանումը ուղղակիորեն խթանում է խտրականությունն ու բռնությունը, ինչն էլ իր հերթին սպառնում է պետության կայունությանն ու հասարակական համերաշխությանը։ Խոցելի խմբերին թիրախավորելու մանիպուլատիվ այս քաղաքականությունը սպասարկում է միայն քաղաքական շահեր և ամենևին չի բխում ժողովրդավարական կարգի տրամաբանությունից։ Նման մեթոդների կիրառումը իշխանական լծակներ ունեցող անձանց կողմից կանաչ լույս է մարդու մասնավոր կյանքի իրավունքի, արժանապատվության և այլ հիմնարար իրավունքների ոտնահարման համար։ 

Կոչ ենք անում պետական մարմիններին

  • Ձեռնպահ մնալ քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու նպատակով ԼԳԲՏ+ հարցերի շահարկումից, և որպես ԼԳԲՏ+ անձանց թիրախավորումից, 
  • Դատապարտել քաղաքական գործիչների և լրատվամիջոցների կողմից ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ անհանդուրժողականության սերմանումը ու անձանց` իրենց ենթադրյալ նույնասեռական կողմնորոշման կամ ԼԳԲՏ+ անձանց պաշտպանության հետ կապված գործունեությամբ պայմանավորված թիրախավորումից, 

Կոչ ենք անում ընդդիմադիր քաղաքական գործիչներին

  • Ձեռնպահ մնալ քաղաքական շահարկումներից և ԼԳԲՏ+ անձանց թիրախավորումից` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, 

Կոչ ենք անում լրատվամիջոցներին

  • Ձեռնպահ մնալ անհանդուրժողականությունը և թշնամանք սերմանող խոսքից, քաղաքական շահարկումների տարածումից, ինչը կարող է խտրականության ու բռնության թիրախ դարձնել ԼԳԲՏ+ համայնքին։