Լրամփոփ | հուլիս 2025

01-08-2025

5-րդ Հպարտության ճամբարը

Հունիսի վերջին անցկացվեց հինգերորդ Հպարտության ճամբարը՝ հարաբերությունների և կարծրատիպերի վերաբերյալ, որի նպատակն էր ստեղծել ապահով տարածք՝ հաճախ լռության մատնված թեմաների քննարկման համար։

Ճամբարի առաջին օրը քննարկվեցին ծանոթությունների հավելվածներն ու կիբերանվտանգությունը, ինչպես նաև խոսվեց առաջին ժամադրությունների մասին։ Իսկ երկրորդ օրվա թեման էր սեռական առողջությունն ու համաձայնությունը։ Վերջին օրն անդրադարձ կատարվեց նույնասեռ հարաբերություններին, դրանց շուրջ տարածված կարծրատիպերին ու հայաստանյան իրողությանը՝ խթանելով փորձի փոխանակում և բաց երկխոսություն։

Քննարկումները վարում էին ինչպես Փինքի աշխատակիցներն, այնպես էլ կազմակերպության հետ համագործակցող մասնագետները։

Տրանս կնոջ սպանության գործով կայացվել է դատավճիռ․ ատելության շարժառիթը չի քննվել

Տրանս կնոջ սպանության գործով կայացվել է դատավճիռ՝ մեղադրյալին դատապարտելով 10 տարվա ազատազրկման տրանս կնոջ սպանության համար։ Սակայն գործով անցնող տրանս կնոջ սպանության հանգամանքներում ոչ նախաքննական մարմինը, ոչ էլ դատարանը որևէ ջանք չգործադրեցին պարզելու՝ արդյո՞ք հանցագործությունն իրականացվել է ատելության շարժառիթով։

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն արձանագրում է, որ այս գործը վկայում է, թե որքան խոցելի են տրանս անձինք ոչ միայն բռնության, այլև հետագայում արդարադատության համակարգի անտարբերության առջև։ Հասարակությունում տարածված խտրական վերաբերմունքը չի կարող արտացոլում չգտնել նաև իրավապահ ու դատական համակարգերում։ Ուստի նման գործերով նախաքննության փուլում անհրաժեշտ է ամբողջական ու բազմակողմանի գնահատում՝ ներառյալ ատելության հնարավոր շարժառիթը։

«Դարձի՛ր փոփոխության ձայնը» հաղորդակցության և արշավների պլանավորման եռօրյա դասընթաց

Հուլիսի 25-27 իրականացրեցինք ռազմավարական հաղորդակցության և կարողությունների զարգացմանն ուղղված եռօրյա դասընթաց: Դասընթացին մասնակցում էինք ԼԳԲՏ+ շարժման մեջ ներգրավված և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված ակտիվիստներ։ Դասընթացը միաժամանակ հանդիսացավ թե՛ մասնագիտական հմտությունների զարգացման, թե՛ հանրային արշավների գաղափարների մշակման ստեղծագործական հարթակ։

Այս նախաձեռնությունն էական նշանակություն ունի ոչ միայն Փինքի առաքելության իրականացման, այլև աջակից գործընկեր կառույցների ռազմավարական նպատակներին հասնելու տեսանկյունից։ Տեղական ակտիվիստների կարողությունների ամրապնդման և նախաձեռնողականության խրախուսման միջոցով հնարավոր է ստեղծել ավելի տեսանելի, ուժեղ և ազդեցիկ շարժում՝ թե՛ Հայաստանի, և թե՛ տարածաշրջանի համար։