Լրամփոփ | փետրվար 2026

27-02-2026

Հյումն ռայթս ուոթչը հրապարակել է զեկույցը

Հյումն ռայթս ուոթչի 2026 թ. նոր զեկույցը հաստատում է, որ Հայաստանում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց պաշտպանության ոլորտում չկա նշանակալի առաջընթաց։ Չնայած քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների բազմակի կոչերին, Հայաստանում ԼԳԲՏ մարդիկ մնում են խոցելի, անպաշտպան և ենթարկվում են լայնածավալ խտրականության պետական ինստիտուտներում՝ այդ թվում` իրավապահ մարմիններում, կրթության և առողջապահության ոլորտներում։

Զեկույցը մանրամասնում է, որ խտրականությունն ու ոստիկանության անգործությունը կամ չարաշահումները շարունակում են խոչընդոտել բազմաթիվ ԼԳԲՏ մարդկանց՝ ատելության հիմքով հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացնել։ Չնայած բողոքների գրանցմանը, հետաքննությունները հաճախ ոչ արդյունավետ կամ մակերեսային են, իսկ մեղադրանքները հազվադեպ են արտացոլում հոմոֆոբիկ կամ տրանսֆոբիկ մոտիվները։ Հայաստանի քրեական օրենսգիրքը չի ճանաչում սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը որպես հանցագործությունները ծանրացնող հանգամանքներ, ինչը դժվարացնում է իրավապահներին նույնականացնել խտրականության վրա հիմնված հարձակումները որպես ատելության հիմքով հանցագործություններ։

Իլգա Եվրոպայի տարեկան զեկույցը

Իլգա Եվրոպայի տարեկան զեկույցն արձանագրում է Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց վրա ազդող մարդու իրավունքների շարունակվող խնդիրները։ Նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր, որը կոչ է անում իրականացնել բարեփոխումներ մարդու իրավունքների, խտրականության դեմ պայքարի և արդարադատության մատչելիության ոլորտներում։ Միևնույն ժամանակ ապաստան հայցողները շարունակում են բախվել հարցազրույցների երկարատև ձգձգումների և ապաստարանների սահմանափակ հնարավորություններին։

Անդրադառնալով Հայաստանում իրավական վիճակին՝ զեկույցը առանձնացնում է Մինասյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործը, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է ԼԳԲՏԻ անձանց դեմ մեդիա հարձակումների հետ կապված խնդիրները՝ բացահայտելով ատելության խոսքի դեմ ներպետական պաշտպանական մեխանիզմների թուլությունները։ Փինք Արմենիայի մշտադիտարկման համաձայն՝ 2025 թվականին փաստագրվել է 56 խախտում, ներառյալ բռնության, խտրականության դեպքեր և գործերի քննությունների խնդիրներ։ Դատարաններն ու իրավապահ մարմինները հազվադեպ են սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով կողմնակալությունը դիտարկում որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։

Կոնֆերանս․ Տարածաշրջանում ԼԳԲՏ+ միգրանտները և նրանց խնդիրները

Երևանում կայացավ «Տարածաշրջանում ԼԳԲՏ+ միգրանտները և նրանց խնդիրները» խորագրով կոնֆերանսը։

Միջոցառումը նվիրված էր Հայաստանում, Վրաստանում և Շվեդիայում միգրացիոն միտումներին և ԼԳԲՏ+ միգրանտների առջև ծառացած խնդիրներին։ Քննարկման ընթացքում մասնագետները ներկայացրեցին միգրացիոն հոսքերի առանձնահատկությունները, ԼԳԲՏ+ միգրանտների հիմնական մարտահրավերները, սոցիալական ինտեգրման խոչընդոտները, պետական քաղաքականությունների ազդեցությունը և մի շարք այլ կարևոր հարցեր։

«Մերոնցով» ֆորում

Այս տարի մարտի 27-29-ը տեղի կունենա առաջին «Մերոնցով» ֆորումը։ Այն նվիրված է Հայաստանի մարզաբնակ ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրների քննարկմանը, կարիքների և տեսանելիության բարձրացմանը։

Ֆորումի խորագիրը «Մարզից մարզ, սրտից սիրտ»-ն է, քանի որ մենք ուզում ենք, որ այս միջոցառումը դառնա այն տարածքը, որտեղ մարզերից եկած ձայները կհնչեն ավելի բարձր ու վստահ՝ մասնակիցներին քաջալերելով արտահայտել իրենց իրական գունագեղ ինքնությունները։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև մարտի 1-ը։