Չկատարված բարեփոխումներ և շարունակվող խոցելիություն. Հյումն ռայթս ուոթչը հրապարակել է զեկույցը
Հյումն ռայթս ուոթչի 2026 թ. նոր զեկույցը հաստատում է, որ Հայաստանում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց պաշտպանության ոլորտում չկա նշանակալի առաջընթաց։ Չնայած քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների բազմակի կոչերին, Հայաստանում ԼԳԲՏ մարդիկ մնում են խոցելի, անպաշտպան և ենթարկվում են լայնածավալ խտրականության պետական ինստիտուտներում՝ այդ թվում` իրավապահ մարմիններում, կրթության և առողջապահության ոլորտներում։
Այս ինստիտուցիոնալ բացթողումները արտացոլում են խարանի և խտրականության ավելի լայն մշակույթ, որտեղ պետության կողմից ԼԳԲՏ անձանց օրենքով և գործնականում պաշտպանելու անկարողությունը նրանց թողնում է մեկուսացված և առանց իրավական պաշտպանության հստակ ուղիների։
Զեկույցը մանրամասնում է, որ խտրականությունն ու ոստիկանության անգործությունը կամ չարաշահումները շարունակում են խոչընդոտել բազմաթիվ ԼԳԲՏ մարդկանց՝ ատելության հիմքով հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացնել։ Չնայած բողոքների գրանցմանը, հետաքննությունները հաճախ ոչ արդյունավետ կամ մակերեսային են, իսկ մեղադրանքները հազվադեպ են արտացոլում հոմոֆոբիկ կամ տրանսֆոբիկ մոտիվները։ Հայաստանի քրեական օրենսգիրքը չի ճանաչում սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը որպես հանցագործությունները ծանրացնող հանգամանքներ, ինչը դժվարացնում է իրավապահներին նույնականացնել խտրականության վրա հիմնված հարձակումները որպես ատելության հիմքով հանցագործություններ։
Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները արձանագրել են փաստագրված դեպքեր՝ ներառյալ ֆիզիկական բռնություն, հոգեբանական բռնություն, շանտաժ, սպառնալիքներ և հարկադրված կոնվերսիոն պրակտիկաներ ԼԳԲՏ անձանց, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ։ Բռնության որոշ դեպքերում արձանագրվել է նաև իրավապահների ներգրավվածություն կամ անտարբերություն, ինչը ընդգծում է պետական հաստատություններում կառուցվածքային խտրականությունը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում լուրջ բաց է այն, որ չկա համապարփակ հակախտրական օրենսդրություն, որը հատուկ պաշտպանի մարդկանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով։
Չնայած քաղաքացիական հասարակության խմբերը շարունակում են ազդարարել համապարփակ բարեփոխումների անհրաժեշտությունը, ճիշտ հակախտրական օրենքի ընդունման բացակայությունը և նախագծում քաղաքացիական հասարակության հիմնական առաջարկների չընդունվելը վկայում են քաղաքական կամքի պակասի մասին։ Այս պայմաններում ԼԳԲՏ անձինք մնում են խոցելի՝ ենթարկված խտրականության, առանց օրենսդրական պաշտպանության և խորը վտանգված հասարակական կյանքի տարբեր ոլորտներում չարաշահման հանդեպ։
Այլ նորություններ
Նորությունների բաժին