Լրամփոփ | մարտ 2026
Իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ նոր զեկույցը
Մարդու իրավունքների տուն Երևանը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ ներկայացնելով 2025 թ. Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ արձանագրված խախտումներն ու սահմանափակումները։
Զեկույցը հիմնված է համակարգված մշտադիտարկման և ստուգված տվյալների վրա՝ ընդգրկելով նաև քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները, ատելության խոսքի և ապատեղեկատվության աճը, ինչպես նաև հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցերի (SLAPP) կիրառումը։
«Հաշվեհարդար մադու իրավունքների պաշտպանի դեմ՝ վարչական և ինստիտուցիոնալ ճնշման միջոցով» զեկույցի գլխում ներկայացվում է Առողջապահության նախարարության ճնշումները Փինքի ներկայացուցչի՝ Մամիկոն Հովսեփյանի նկատմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը ԼԳԲՏ+ անձանց իրավիճակին
Մարտի 27-ին հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, որն ամփոփում է 2025 թ-ի ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների իրավիճակը, ինչպես նաև պաշտպանի գործունեությունը։
Պաշտպանը անդրադարձել է նաև ԼԳԲՏ+ անձանց իրավունքների իրավիճակին` հիմնվելով իր կողմից արձանագրված տվյալների վրա, ինչպես նաև` անդրադառնալով Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից փոխանցված տվյալներին։ Վերլուծված տվյալները վկայում են, որ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում շարունակում են առկա լինել լուրջ և համակարգային խնդիրներ։
Մասնավորապես, արձանագրվում է, որ հասարակությունում լայնորեն տարածված է հոմոֆոբ և տրանսֆոբ վերաբերմունքը, իսկ ԼԳԲՏ+ անձինք հաճախ բախվում են խտրականության, ատելության խոսքի, սոցիալական մեկուսացման, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերի։ 2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել է 15 դիմում-բողոք՝ 23 անձի վերաբերյալ, միևնեւյն ժամանակ, Փինքի կողմից արձանագրվել է առնվազն 56 իրավունքների խախտման դեպք, որոնց զգալի մասը չի հաղորդվում իրավապահ մարմիններին՝ պայմանավորված վստահության պակասով, կրկնազոհացման և նվաստացուցիչ վերաբերմունքի վախով։
«Մերոնցով» մարզային ֆորում
Մարտի 27-ից 29-ը առաջին անգամ տեղի ունեցավ «Մարզից մարզ, սրտից սիրտ» խորագրով մարզային եռօրյա ֆորումը, որը համախմբեց ԼԳԲՏ+ համայնքի 80-ից ավել մասնակից Հայաստանի տարբեր մարզերից՝ ստեղծելով անվտանգ տարածք իրենց փորձառությամբ կիսվելու համար։
Այս երեք օրերը դարձան հնարավորություն՝ լսելու մարզաբնակ քվիր մարդկանց ձայները և ձևավորելու նոր կապեր համայնքի ներսում։
ՄԱԿ-ի աշխատանքային խումբը Հայաստանում ուսումնասիրել է կանանց և աղջիկների իրավունքների վիճակը
ՄԱԿ-ի կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խումբը Հայաստանում իրականացրել է տվյալների հավաքագրում և տասնօրյա այց՝ նպատակ ունենալով գնահատել երկրում կանանց և աղջիկների իրավունքների ընդհանուր իրավիճակը։ Այցի շրջանակում խումբը հանդիպումներ է ունեցել պետական կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ։
Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կանանց իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմներին, խտրականության դրսևորումներին և իրավական դաշտի բացերին։ Աշխատանքային խումբը հանդիպել է նաև «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են ԼԲՏՔ+ կանանց և աղջիկների իրավունքների իրավիճակը Հայաստանում՝ ընդգծելով ոլորտում առկա բազմաշերտ խնդիրները։
Մարտի 25-ին հրապարակված ամփոփ հայտարարության մեջ փորձագետները կոչ են արել ապահովել առավել անվտանգ և աջակցող միջավայր կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և քաղաքական գործիչների համար՝ ընդգծելով, որ նրանք պետք է կարողանան մասնակցել հանրային կյանքին՝ զերծ մնալով ահաբեկումից, ատելության խոսքից և բռնությունից՝ թե՛ առցանց, թե՛ անցանց հարթակներում։
Հայտարարության մեջ հատուկ անդրադարձ է կատարվել նաև ԼԲՏՔ+ կանանց և աղջիկների իրավիճակին Հայաստանում։ Ըստ փորձագետների՝ նրանք բախվում են բազմակի խտրականության դրսևորումների, որոնք պայմանավորված են խորքային գենդերային կարծրատիպերով, հասարակական խարանով և իրավական պաշտպանության բացերով։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տվյալներով՝ արձանագրվում են տարբեր խախտումներ՝ ներառյալ ատելության հողի վրա բռնություն, խտրականություն բնակարանային, աշխատանքային և կրթական ոլորտներում, ինչպես նաև ընտանեկան բռնություն և սեռական բռնություն։
Այլ նորություններ
Նորությունների բաժին