Դրամաշնորհային մրցույթ

05-11-2024

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է փոքր և գործընկերային դրամաշնորհների մրցույթներ՝ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Շարժման հզորացում կայուն զարգացմամբ» ծրագրի շրջանակներում։

Փոքր դրամաշնորհների մրցույթ

Մրցույթի շրջանակում ընդունվում են ծրագրային առաջարկներ մինչև 4 ամիս տևողությամբ և առավելագույնը 2․200․000 ՀՀ դրամ ծրագրային բյուջեով։ Ծրագրերը կարող են իրականացվել 2025թ․ հունվարից օգոստոսն ընկած ցանկացած ժամանակահատվածում՝ մինչև 4 ամիս տևողությամբ։ 

Փոքր դրամաշնորհին կարող են դիմել այն հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է ԼԳԲՏ+ անձանց, կանանց իրավունքների պաշտպանության կամ առնչվող ոլորտներին։ Դրամաշնորհին կարող են դիմել նաև նախաձեռնություններ, սակայն միայն իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության հետ համատեղ ծրագրային առաջարկով։ 

Առաջարկները պետք է վերաբերվեն ԼԳԲՏ+ անձանց կամ նրանց աջակիցների հետ տարվող աշխատանքին՝ հետևյալ ուղղություններով՝

  • ԼԳԲՏ+ անձանց համար ապահով տարածքների ստեղծում, որտեղ հնարավոր է աջակցությունն և փոխօգնությունը, սոցիալական կապվածության ու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավվածության խթանումը ։ Ծրագիրը կարող է ներառել հանդիպումներ, քննարկումներ, ճամբարներ և այլ միջոցառումներ։ 
  • ԼԳԲՏ+ անձանց առնչվող խնդիրների մասին իրազեկման միջոցառումներ ԼԳԲՏ+ անձանց շրջանում , որն ուղղված կլինի փորձի փոխանակմանը, ինքնազարգացմանը, իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը կարող է ներառել տեղեկատվական նյութերի պատրաստում և իրազեկման այլ միջոցներ։ 
  • ԼԳԲՏ+ մարդկանց ստեղծարար գործունեության խթանում՝ արվեստի գործերի, ֆիլմերի ստեղծում, մշակութային միջոցառումներ և այլն։ 
  • ԼԳԲՏ+ անձանց աջակիցների հետ աշխատանք (ծնողներ, հարազատներ, օգնող մասնագետներ և հնարավոր աջակիցների այլ խմբեր)՝ կապերն ամրապնդելու նպատակով, կարող է ներառել վերաբերմունքի փոփոխություն, զգայունության բարձրացում, փորձի փոխանակում, փոխաջակցություն և այլ միջոցառումներ։ 

Կարող են լինել նաև այլ ծրագրային առաջարկներ, որոնք առնչվում են սահմանված ծրագրային ուղղություններին։ Դրանք կքննարկվեն, եթե դիմորդը ներկայացնի առաջարկվող ծրագրի իրականացման հրատապությունը, կարևորությունը և նպատակայնությունը։ Ծրագրային առաջարկները, որոնք չեն առնչվում սահմանված ուղղություններին չեն դիտարկվի։ 

Գործընկերային դրամաշնորհների մրցույթ

Մրցույթի շրջանակում ընդունվում են ծրագրային առաջարկներ մինչև 8 ամիս տևողությամբ և առավելագույնը 7․000․000 ՀՀ դրամ ծրագրային բյուջեով (ներառյալ ծրագրային աուդիտի ծախսը)։ Ծրագրերը կարող են իրականացվել 2025թ․ հունվարից  օգոստոսն ընկած ժամանակահատվածում՝ առավելագույնը 8 ամիս տևողությամբ։ Ծրագրային աուդիտը պետք է իրականացվի ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ 

Գործընկերային դրամաշնորհների մրցույթին կարող են դիմել կազմակերպություններ, որոնք ծավալում են գործունեություն մարդու իրավունքների՝ հատկապես ԼԳԲՏ+ անձանց ու կանանց իրավունքների պաշտպանության և առնչվող ոլորտներում, մեդիա կամ գիտական դաշտում, երիտասարդների կամ հանրության այլ խմբերի հետ իրազեկման ոլորտում։ Կազմակերպությունը պետք է լինի գրանցված ու վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալած լինի նվազագույնը 3 տարի, ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների իրավիճակի ու հիմնահարցերի մասին ունենա բավարար պատկերացում, կիսի կազմակերպության առաքելությունը և չծավալի կազմակերպության առաքելությանը հակասող գործունեություն։ Կազմակերպության հետ նախկին ծրագրային կամ համագործակցային հարաբերությունը կամ փորձառությունը՝ հատկապես հանրային հաղորդակցության և շահերի պաշտպանության ոլորտում, ցանկալի է։  

Գործընկերային դրամաշնորհների առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ոլորտներում՝  

  • ԼԳԲՏ+ հարցերի նկատմամբ զգայունության բարձրացում քաղաքացիական հասարակության և մասնագիտական հանրույթի շրջանում․ կարող է ներառել ծրագրային առաջարկներ՝ ուղղված քաղաքացիական հասարակության և մասնագիտական կազմակերպությունների շրջանում սեռականության ու ԼԳԲՏ+ հարցերի շուրջ իրազեկմանը, խտրականության ու բռնության դեպքերին արձագանքման ընթացքում զգայունության բարձրացմանը, մասնագիտական դաշտում իրազեկման բարձրացմանը ու աջակցության ցանցի ընդլայնմանը։ 
  • ԼԳԲՏ+ անձանց և այլ խմբերի մարդու իրավունքների ու խտրականության կանխարգելմանն առնչվող հարցերին անդրադարձ մեդիա և սոցիալական ցանցերի դաշտերում․ կարող է ներառել ծրագրային առաջարկներ՝ ուղղված մեդիայի ու լրագրողների հետ իրազեկման ու զգայունության բարձրացման աշխատանքին, թեմատիկ մեդիա նյութերի պատրաստմանն ու տարածմանը և այլ նույնանպատակ ծրագրային գործունեությանը։ 
  • ԼԳԲՏ+ և առնչվող հարցերի բարձրաձայնում գիտական և ակադեմիական ոլորտում․ կարող է ներառել սեռականության, ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների և այլ հարակից հարցերի շուրջ գիտական հետազոտության իրականացում, հետազոտության արդյունքների շրջանառում, դաշտում թեմատիկ քննարկումների կամ այլ իրազեկման գործունեություն։  
  • ԼԳԲՏ+ հարցերի նկատմամբ զգայունության բարձրացում երիտասարդների շրջանում․ կարող է ներառել ծրագրային առաջարկներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանը սեռականության ու ԼԳԲՏ+ հարցերի շուրջ, մարդու իրավունքների ու խտրականության կանխարգելման շուրջ իրազեկմանը, հատկապես կրթական ոլորտում։  
  • Այլ ծրագրային առաջարկներ, որոնք առնչվում են վերոնշյալ ուղղություններին։ Վերջիններս կքննարկվեն, եթե գործընկեր կազմակերպությունները ներկայացնեն առաջարկվող ծրագրի իրականացման հրատապությունը, կարևորությունը և նպատակայնությունը։ 

Դրամաշնորհային ծրագրերի դիտարկումը

Ծրագրային առաջարկները կդիտարկվեն ու կգնահատվեն ըստ դուրս բերված կարիքի առաջնահերթությանը, ծրագրի տրամաբանությանն, արդյունավետությանը, ներգրավված անձանց համապատասխանությանը վերաբերելի չափանիշներին։ Գործընկերային դրամաշնորհների դեպքում կդիտարկվեն նաև դիմող կազմակերպության փորձառությունը նմանատիպ ծրագրերի իրականացման հարցում և ծրագրի ու ֆինանսական կառավարման ընթացակարգերի առկայությունը և փոձառությունը։  

Դրամաշնորհային ծրագրերին դիմելու ընթացակարգը

Փոքր և գործընկերային դրամաշնորհների մրցույթներին դիմելու վերջնաժամկետն է 2024թ դեկտեմբերի 10-ը ներառյալ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք մինչ դեկտեմբերի 17-ը։  

Փոքր դրամաշնորհների մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել Փոքր դրամաշնորհի հայտը և բյուջեն։ Խնդրում ենք բյուջեն լրացնել ՀՀ դրամով և ներառել բոլոր ՀՀ հարկերը։ Հայտն ու բյուջեն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեով՝ վերնագրում նշելով «Փոքր դրամաշնորհի ծրագրային հայտ»։ 

Գործընկերային դրամաշնորհների մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել Գործընկերային դրամաշնորհի հայտը և բյուջեն։  Խնդրում ենք բյուջեն լրացնել ՀՀ դրամով, ներառել բոլոր ՀՀ հարկերը և ծրագրային աուդիտի ծախսը։ Հայտն ու բյուջեն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեով՝ վերնագրում նշելով «Գործընկերային դրամաշնորհի ծրագրային հայտ»։ 

Հավելյալ տեղեկության համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 60 377 277 համարով երկուշաբթիից ուրբաթ 10։00-19։00։