Խտրականության դեմ օրենքը քննարկվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի և Նիկոլ Փաշինյանի նամակագրությունում
2026թ-ի մարտի 30-ին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, որպես իր` սույն թվականի փետրվարին Հայաստան կատարած աշխատանքային այցի ամփոփում, նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին` կոչ անելով ընդունել խտրականության դեմ համապարփակ պաշտպանություն նախատեսող օրենսդրություն։
Ընդգծելով Հայաստանի կողմից խտրականության դեմ օրենսդրության` ԵԽ չափանիշներին համապատասխանեցման գործընթացի կարևորությունը` Հանձնակատարը անդրադարձել է այն հանգամանքին, որ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված խտրականության դեմ օրենքի նախագիծը որպես հավասարության մարմին է նախատեսում Մարդու իրավունքների պաշտպանին։ Ինչը, սակայն, կարող է խնդրահարույց լինել՝ հաշվի առնելով միջազգային պահանջներն այն մասին, որ Հավասարության մարմինը պետք է անհատական աջակցություն ցուցաբերի խտրականությունից տուժած անձանց, ներկայացնի նրանց շահերը տարբեր մարմինների առաջ՝ ներառյալ մասնավոր կառույցների կողմից դրսևորված խտրականության դեպքերում։
Հանձնակատարը նաև անդրադարձել է ԼԳԲՏԻ անձանց պաշտպանության անհրաժեշտությանը` շեշտելով սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը ուղղակիորեն որպես պաշտպանված հատկանիշ օրենքում ներառելու անհրաժեշտությունը` որպես խտրականությունից պաշտպանության հիմք։ Անդրադարձ է կատարվել նաև շահագրգիռ կազմակերպությունների կողմից հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի նախատեսման կարևորությանը։
Մեկ այլ կարևոր շեշտադրում է այն, որ ատելության խոսքի դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն քրեաիրավական կարգավորմամբ։
Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխան նամակով անդրադարձել է Հանձնակատարի մտահոգություններին` ի թիվս այլոց նշելով հետևյալը`
- Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները ներառում են նաև համապատասխան դիմումները քննող մարմնի ստեղծումը,
- օրենքով սահմանված պաշտպանված հատկանիշների ցանկը սպառիչ չէ, հետևաբար այն կարող է ծառայել որպես բոլոր հիմքերով խտրականությունից պաշտպանության մեխանիզմ,
- մշակվում է նաև ատելության խոսքից պաշտպանության քաղաքացիաիրավական և վարչաիրավական միջոցների փաթեթ,
- Հանրային պաշտպանության հայցով դատարան դիմելու իրավունքը հնարավոր է իրագործել նաև Ազգային ժողովի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխության միջոցով։
Այսպիսով, վերլուծելով վերոնշյալ նամակագրությունը, Փինք իրավապաշտպան ՀԿ-ն անհրաժեշտ է համարում կատարել հետևյալ դիտարկումները:
Հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների թվարկումը ընդհանուր առմամբ չի փարատել Հանձնակատարի կողմից բարձրացված մտահոգությունները` հատկապես խտրականությունից տուժած անձանց անհատական աջակցություն ցուցաբերելու և մասնավոր մարմինների կողմից խտրականությունից պաշտպանության մասով։
Ինչ վերաբերում է պաշտպանված հատկանիշներին, ապա բազմիցս նշվել էր, որ ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ բարձր անհանդուրժողականության պայմաններում ոչ հստակ իրավակարգավորումները չեն կարող համարվել արդյունավետ իրավական պաշտպանության միջոց, ինչը ևս մեկ անգամ հաստատվել է հրապարակային բռնության կոչերի արգելքին վերաբերող հոդվածի կիրառման պրակտիկայում։
Հաշվի առնելով ատելության խոսքի կարգավորման զգայությունն ու արդեն իսկ վեց տարի շարունակ ոչ արդյունավետ կերպով գործող քրեաիրավական նորմի փորձը, գտնում ենք, որ այն ևս մեկ անգամ համակողմանի դիտարկման և գնահատման կարիք ունի` քաղհասարակության կազմակերպությունների մասնակցությամբ։
Ինչ վերաբերում է հանրային շահի պաշտպանության հայցով դատարան դիմելու իրավունքին, ապա դրա` խտրականության դեմ օրենքով չնախատեսելը, փաստացի, չունի որևէ հիմնավորում և կարող է գործնականում խոչընդոտ հանդիսանալ խտրականության դեպքերով այլ կարգավորման կիրառման առումով։
Այսպիսով, Փինք իրավապաշտպան ՀԿ-ն ևս մեկ անգամ շեշտում է, որ խտրականության դեմ օրենքի նախագիծը դեռ չի կարող համարվել խտրականությունից արդյունավետ պաշտպանության մեխանիզմ, հատկապես` ԼԳԲՏ+ անձանց համար։
Միևնույն ժամանակ, այս խնդիրները բարձրացվել և տարիներ շարունակ և չնայած Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ նախագիծը անցել է հանրային քննարկման գործընթացները, հասարական կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից ներկայացված այս էական առաջարկները հաշվի չեն առնվել։
Այլ նորություններ
Նորությունների բաժին