Ներկայացնում ենք նոր զեկույց՝ բռնության հրապարակային կոչերի արգելքի իրավակիրառ պրակտիկան մասին

05-09-2025

Հայաստանում փոքրամասնությունների, հատկապես՝ ԼԳԲՏ+ անձանց պաշտպանությունը երկար տարիներ անտեսվել է՝ այն հիմնավորմամբ, որ նման խնդիր գոյություն չունի։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին հնարավոր եղավ պետական մարմինների ուշադրությունը գրավել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝ ատելության խոսքը, խտրականությունը, դրանց հիմքով հանցագործությունները։ «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ արձանագրել է ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ ատելությամբ և անհանդուրժողականությամբ պայմանավորված իրավախախտումները, որոնք հիմք են ծառայել պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի համալրելու օրենսդրությունը այնպիսի իրավակարգավորումներով, ինչպիսիք են խտրականության արգելքի մասին համապարփակ օրենքը և ատելության խոսքի տարբեր տեսակները արգելող դրույթները։ Փինքի կողմից յուրաքանչյուր տարի գրանցվում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով մարդու իրավունքների խախտումների դեպքեր։ Այս դեպքերի մեծամասնություն են կազմում ընտանեկան բռնության դեպքերը, որոնք ինքնին, հանդիսանալով տարբեր տեսակի բռնության դրսևորումներ, հանդիսանում են հանցագործություն։ Մնացած դեպքերի մեծ մասը ևս հանդիսանում են քրեական օրենսգրքով արգելված արարքներ՝ կատարված ատելության և թշնամանքի շարժառիթով, ինչը ևս ծանրացնում է հանցանքի բնույթը։ Այս իրավիճակը և արձանագրվող դեպքերի աճող ցուցանիշը վկայում են երկրում զուգահեռաբար ատելության և անպատժելիության մթնոլորտների մասին։ Այսինքն, մի կողմից պետական մարմինների կողմից որևէ ջանք չի գործադրվում բարձրացնելու համար հասարակության իրազեկվածության մակարդակն ու հանդուրժողականությունը ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ, մյուս կողմից չի ապահովվում իրավական արդյունավետ պաշտպանության որևէ միջոց՝ վերականգնելու համար մարդկանց խախտված իրավունքները և կանխելու համար հետագա ոտնահարումները։

Այսպես 2018 թվականի իշխանափոխությունից հետո ատելության խոսքի դեմ պայքարը բերվեց օրակարգ։ Դեռևս 2019 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մշակվել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների պլանը, որտեղ տեղ էր գտել ատելության խոսքի արգելքի օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը՝ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա։ Ձևավորվեց աշխատանքային խումբ, որը ներառում էր Ազգային ժողովի պատգամավորների և խտրականության դեմ պայքարի ոլորտում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ փորձագետների՝ քննարկելու և կազմակերպելու համար ատելության խոսքի իրավակարգավորումներին ուղղված աշխատանքները։ Գործելով մեկ տարի, խմբի աշխատանքներն ավարտվեցին՝ չտալով որևէ արդյունք։ Միևնույն ժամանակ, Կառավարության կողմից առաջարկվեց քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, իսկ ատելության խոսքի մյուս դրսևորումների կարգավորումը թողնել հետագա քննարկումներին։ Այսպիսով, մինչ օրս ատելության խոսքի կարգավորումների առնչությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել։ 2021 թ.-ի քրեական նոր օրենսգրքի ընդունումից հետո նույն արարքը նախատեսվեց 330-րդ հոդվածով։

Այնուամենայնիվ, մինչ օրս «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից արձանագրված սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված բռնության կոչերի դեպքերը այդպես էլ պատշաճ արձագանքի չեն արժանացել իրավապահ մարմինների կողմից. որևէ գործ չի հարուցվել այս առնչությամբ ներկայացված հաղորդումների հիման վրա։ 2020-2025 թթ․ ընթացքում արձանագրված դեպքերի ընդհանուր նկարագիրը ամփոփված է այս զեկույցում։

Հարկ է նկատել, սակայն, որ այս դրույթը պարբերաբար կիրառվել է քաղաքական ենթատեքստ պարունակող դեպքերում և ըստ էության կարելի է պնդել, որ գործնականում դրույթի կիրառման կամքի խնդիր առկա չէ։ Դրա կիրառման հետ կապված խնդիրները, սակայն ենթակա են մանրակրկիտ ուսումնասիրության։

Բեռնել զեկույցը։