Լրամփոփ | մարտ 2024

31-03-2024

Իլգա Եվրոպան հրապարակեց տարեկան զեկույցը

Փետրվարի 29-ին կազմակերպությունը հրապարակել է 2023 թ․-ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԼԳԲՏ անձանց իրավիճակն ամփոփող տարեկան զեկույց, որը ներառում է տեղեկատվություն շուրջ 54 երկրների վերաբերյալ։ Դիտարկված երկրներից 48-ում 2023թ-ի ընթացքում արձանագրվել է ատելության հիմքով հանցագործություն` պայմանավորված տուժողների սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ։

Զեկույցում հատված է հատկացված նաև Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավիճակին, որտեղ անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում տրանսգենդեր անձի սպանությանը և «Պոլիգրաֆ» ակումբում ոստիկանական բռնություններին։ Նշվել է նաև առցանց հարթակներում տարածված բռնության կոչերի և բռնությունների արդարացման մասին, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանը այդպես էլ չեն արժանացել։ Անդրադարձ է կատարվել նաև այն հանգամանքին, որ երկրում դեռևս չի ընդունվել խտրականության դեմ համապարփակ օրենք, և որ ամիսներ առաջ կրկին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնախումբը մտահոգություն էր հայտնել առ այն, որ օրենքի նախագծում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հատկանիշներ բացակայում են։ Առանձնակի շեշտվել են ընտանեկան բռնության դեպքերը և այն հանգամանքը, որ ԼԳԲՏ անձանց համար ապաստարանի հնարավորություն չի ապահովվում։

Սոցիալական աշխատողների ընկալումները ՍԿԳԻ մասին և նրանց վերաբերմունքը ԼԳԲՏ+ անհատների հանդեպ

Մարտին հրապարակեցինք սոցիալական աշխատանքի մասնագետ և հետազոտող Լուսինե Քարամյանի պատրաստած վերլուծությունը, որտեղ նա արդրադարձ է կատարում սոցիալական աշխատողների ընկալումներին սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին և նրանց վերաբերմունքը ԼԳԲՏ+ անհատների հանդեպ։

Վերջին քսան տարիների ընթացքում ԼԳԲՏ+ անհատների նկատմամբ հանրային, մասնավորապես օգնող մասնագետների վերաբերմունքի ուսումնասիրության նպատակով մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ են իրականացվել տարածաշրջանի տարբեր երկրներում։ Հայաստանում առաջին նման հետազոտություններն իրականացվել են 2010-2011 թվականներին։ 2013 թվականին Հայաստանի մի շարք քաղաքներում իրականացվել է քանակական հետազոտություն մոտ 500 օգնող մասնագետների շրջանում, որի նպատակն էր բացահայտել նրանց իրազեկվածության մակարդակը, գիտելիքները ՍԿԳԻ վերաբերյալ, ինչպես նաև նրանց վերաբերմունքը ԼԳԲՏ+ անհատների նկատմամբ:

Հետաքրքիր մանրամասները կարող եք ընթերցել վերլուծության մեջ։

Օգնող մասնագետները՝ ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքի մասին

Պատրաստել ենք 5 մասից բաղկացած տեսաշար՝ «Օգնող մասնագետները՝ ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքի մասին»։ Այս շարքի նպատակն է հասցեավորել խնդիրների այն բազմազանությունը, մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց բախվում են ԼԳԲՏ+ անհատները, առանձնացնել այդ կոնտեքստում մասնագիտական զգայուն աջակցության անկյունաքարային նշանակությունը։ Այն ընդծում է ԼԳԲՏ+ և մասնագիատական համայնքների համար զորեղացման, հավասարության և բարեկեցության թեմաների ու դրանց շուրջ տարվող աշխատանքների կարևորությունը, փոխանցում մասնագիտական փորձն ու առաջարկները՝ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների կողմից տրամադրվող ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով։

Տեսանյութերը հասանելի են կազմակերպության սոցիալական մեդիայի էջերում։