Լրամփոփ | ապրիլ 2026

06-05-2026

Թվային ճամփաներ. Փինքի ներկայությունը սոցիալական ցանցերում

Փինքը մշտապես ակտիվ է Հայաստանում օգտագործվող տարբեր սոցիալական ցանցերում և հարթակներում։ Գործունեության առաջին տարիներից ամենաշատ կիրառվող հարթակը Ֆեյսբուքն էր, ապա առաջ եկան նոր հնարավորություններ՝ նոր ձևաչափերով։ Սակայն տարիների ընթացքում յուրաքանչյուր հարթակ փոխում է իր աշխատանքային պայմանները, որոշները չեն դիմանում կիբեռաշխարհի մրցապայքարին և փակվում կամ վերափոխվում են։ Օրինակ՝ Թվիթերը միկրոբլոգը վաճառվելուց հետո, նոր սեփականատիրոջ կողմից ատելության ու բռնության խրախուսման պատճառով, Փինքը որոշեց այլևս չօգտագործել արդեն Իքս վերանվանված հարթակը և կազմակերպության էջը պահել որպես արխիվ։ Փոխարենը սկսեցինք ակտիվ օգտագործել Թրեդսը և ԲլյուՍքայը։

Երկար ժամանակ մենք քննարկում էինք նաև ՏիկՏոկը՝ որպես հնարավորություն։ Կազմակերպության ներսում դիմադրությունն ու թերահավատությունը քիչ չէր, բայց սերնդափոխությունը՝ ինչպես կազմակերպությունում, այնպես էլ համայնքում, մեզ դրդեց այդ ռիսկին դիմել։ ՏիկՏոկը մի կողմից հեղեղված է ծայրահեղ ատելությամբ, մյուս կողմից այնտեղ ներկա են ԼԳԲՏ+ բազմաթիվ ազդեցիկ մարդիկ և համախոհներ, որոնք բացահայտ խոսում են սեռականության մասին, բարձրացնում են համայնքի տեսանելությունը, հավաքում հարյուր հազարավոր դիտումներ և արթնացնում հետաքրքրություն թեմայի շուրջ։

Այսպիսով, մենք ևս կամաց-կամաց մուտք ենք գործում այդ հարթակ՝ սկզբնապես Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համայնքի ակտիվությունը խրախուսող տեսանյութերով։ Հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։


Բարօրության եռօրյա ճամբար

Ապրիլի 10-12-ը տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած անձնային աճին նվիրված ճամբարը։ Այս եռօրյա հանդիպումը միավորել էր քվիր անձանց և համախոհների, ստեղծելով անվտանգ, աջակցող և հոգատար միջավայր՝ անձնային աճի և փորձի փոխանակման համար։

Այս անգամ ճամբարի առանցքային թեման անվտանգությունն էր՝ իր բազմաշերտ դրսևորումներով։

Երեք օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան աշխատել մասնագիտացված հոգեբանների և կիբերանվտանգության մասնագետների հետ: Միասին ուսումնասիրեցինք թվային, հուզական, հոգեբանական և ֆիզիկական անվտանգության տարբեր կողմերը։

Խտրականության դեմ օրենքը քննարկվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի և Նիկոլ Փաշինյանի նամակագրությունում

2026 թ․-ի մարտի 30-ին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, որպես իր` սույն թվականի փետրվարին Հայաստան կատարած աշխատանքային այցի ամփոփում, նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին` կոչ անելով ընդունել խտրականության դեմ համապարփակ պաշտպանություն նախատեսող օրենսդրություն։

Ընդգծելով Հայաստանի կողմից խտրականության դեմ օրենսդրության` ԵԽ չափանիշներին համապատասխանեցման գործընթացի կարևորությունը` Հանձնակատարը անդրադարձել է այն հանգամանքին, որ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված խտրականության դեմ օրենքի նախագիծը որպես հավասարության մարմին է նախատեսում Մարդու իրավունքների պաշտպանին։ Ինչը, սակայն, կարող է խնդրահարույց լինել՝ հաշվի առնելով միջազգային պահանջներն այն մասին, որ Հավասարության մարմինը պետք է անհատական աջակցություն ցուցաբերի խտրականությունից տուժած անձանց, ներկայացնի նրանց շահերը տարբեր մարմինների առաջ՝ ներառյալ մասնավոր կառույցների կողմից դրսևորված խտրականության դեպքերում։ 

Հանձնակատարը նաև անդրադարձել է ԼԳԲՏԻ անձանց պաշտպանության անհրաժեշտությանը` շեշտելով սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը ուղղակիորեն որպես պաշտպանված հատկանիշ օրենքում ներառելու անհրաժեշտությունը` որպես խտրականությունից պաշտպանության հիմք։ Անդրադարձ է կատարվել նաև շահագրգիռ կազմակերպությունների կողմից հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի նախատեսման կարևորությանը։ 

Կեղծ էջերի մասին կարևոր զգուշացում

Վերջին շրջանում արձանագրում ենք Փինքի անվան տակ հանդես եկող կեղծ էջերի ակտիվացում, որոնք նպատակային կերպով տարածում են ապատեղեկատվություն կազմակերպության գործունեության վերաբերյալ։ 

Այսպիսի միջադեպերը պատահական չեն․ դրանք հաճախ համընկնում են նախընտրական ժամանակահատվածների հետ, երբ հանրային դիսկուրսը դառնում է առավել բևեռացված, իսկ ԼԳԲՏ+ անձինք՝ առավել խոցելի թիրախ մանիպուլյատիվ գործողությունների և ապատեղեկատվության տարածման համար։ Նման փուլերում ապատեղեկատվական տարբեր արշավները օգտագործվում են որպես գործիք՝ հանրային կարծիքը ձևավորելու, վախ ու անվստահություն սերմանելու նպատակով։

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԼԳԲՏ+ անձիք և հիմնահարցերը շարունակաբար շահարկվում են քաղաքական և տեղեկատվական մանիպուլյացիաների շրջանակում՝ նպատակ ունենալով խորացնել հասարակական լարվածությունը և խթանել ատելության խոսքը։

Ակադեմիական գրագրության (Academic writing) դասընթաց

Փինքը հրավիրում է մասնակցելու «Ակադեմիական գրագրություն․ վերլուծական էսսե, տեսություն և հրապարակման ուղիներ» առցանց դասընթացին։ Դասախոսը Հարվարդի համալսարանի մասնագետ` Նազելի Տոնոյանն է։

Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց ակադեմիական/մասնագիտական գրագրության հմտությունները անգլերենով և սովորել գրել մագիստրոսական մակարդակի վերլուծական էսսե։ 

Գրանցումը բաց է մինչև մայիսի 31-ը։