(ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդեսի հայտարարություն
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ ս.թ մայիսի 21-ից 28-ը` «Բազմազանության շաբաթվա» ընթացքում համատեղ անցկացնելու են միջոցառումների շարք:
Միջոցառումների շարքում է նաև (ԱՆ)ՆՄԱՆ խորագիրը կրող ցուցահանդեսը, որը տեղի կունենա մայիսի 21-ից 23-ը Հայաստանի նկարիչների միությունում: (ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդեսին մասնակցելու համար բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել իրենց այն աշխատանքները (գեղանկար, լուսանկար, գրաֆիկա, ծաղրանկար, մանրանկար և այլն) և աշխատանքների կարճ մեկնաբանությունը, որտեղ այս կամ այն կերպ արծարծվում է բազմազանության գաղափարը` էթնիկ, սեռական, մշակութային, կրոնական, մասնագիտական, տարիքային և այլ բազմազանություն: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 ստեղծագործություն: Ժյուրիի և հանդիսատեսի կողմից կընտրվեն և կպարգևատրվեն լավագույն աշխատանքները: Ընտրված ստեղծագործությունները տպագրվելու և բազմացվելու են` հեղինակային իրավունքների պահպանմամբ:
Ստեղծագործությունների համար սահմանված պահանջներն են`
- Աշխատանքները չպետք է ունենան խտրական և վիրավորանք պարունակող բովանդակություն,
- Աշխատանքները չպետք է նսեմացնեն մարդու, սոցիալական տարբեր խմբերի արժանապատվությունը կամ տարածեն ատելության և բռնության կոչեր:
- Աշխատանքները պետք է հարգեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Աշխատանքները կարող են բերվել «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, 0001, Նարբանդյան 41/1, բն. 1ա հասցեով կամ ուղարկվել [email protected] էլ. փոստին:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարացված է մինչև ս.թ. մայիսի 16-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 377277 կամ 010 561396 հեռախոսահամարներով, կամ գրել [email protected] էլ. փոստին (կոնտակտային անձ Կոլյա):
Միջոցառումների անցկացման նպատակն է ցույց տալ Հայաստանում առկա բազմազանությունը` շեշտադրելով փոխադարձ հարգանքի, հավասարության և միաժամանակ միասնության գաղափարները: