Հայաստանը թերացել է ԼԳԲՏ անձանց պաշտպանել խտրականությունից․ տարեկան զեկույց

17-05-2023

Այսօր` Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, մենք հրապարակում ենք «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2022 թ․ ընթացքում» տարեկան զեկույցը:

2022 թ.-ի ընթացքում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերը չեն նվազել։ Զեկույցում ներկայացված դեպքերը արտահայտում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի ոչ ամբողջական պատկերը, քանի որ խտրականությունից տուժող անձինք մի կողմից հաճախ չեն դիմում իրավապաշտպան կազմակերպություններին, մյուս կողմից էլ ոչ միշտ են ընկալում, որ իրենց նկատմամբ կիրառած դրսևորումը խտրական է եղել։

Սույն զեկույցում ամփոփ ներկայացված են այն իրավախախտումները, որոնց մասին հայտնել են «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի շահառուները, և որոնց պատճառը եղել է տուժող անձանց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։ Ներկայացված են իրավախախտումների միայն այն դեպքերը, որտեղ ատելության շարժառիթը տեսանելի է որոշակի ցուցիչներով, ինչիպիսիք են, օրինակ արտահայտությունները, հանցագործության վայրը, տուժողի ինքնարտահայտումը և այլ հանգամանքներ։

Պետք է նշել, որ բարձրաձայնված մտավախությունները, իրավամբ, տեղին են. ԼԳԲՏ անձինք խտրականության են արժանանում ոստիկանության աշխատակիցների կողմից, նրանց անձնական տվյալները բացահայտվում են այլ աշխատակիցներին, ինչպես նաև դիմողների ընտանիքի անդամներին։ Սույն զեկույցում տեղ գտած իրավախախտումների շարքում կարելի է հանդիպել նաև իրավակիրառ մարմինների կողմից իրենց լիազորությունների անցման դեպքեր։ Խտրականությամբ զուգորդված իրավախախտումների դեմ բողոքները մեծամասամբ ընթացք չեն ստանում. քրեական գործերը կարճվում են կամ գործի քննությունն անպատճառ ձգձգվում է։
Կազմակերպության կողմից արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը թերացել է ԼԳԲՏ անձանց խտրականությունից պաշտպանելու իր պարտականությունները կատարելու գործում. ԼԳԲՏ անձանց իրավունքները խախտվել են թե՛ պետական մարմինների և թե՛ մասնավոր անձանց կողմից, իսկ խախտված իրավունքները հնարավոր չի եղել վերականգնել օրենսդրական բացերի և իրավակիրառ մարմինների կողմնակալ վերաբերմունքի պատճառով։