Ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությունը տեղափոխվում է նոր հարթություն

27-10-2025

2025 թ. հոկտեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից միաձայն ընդունվեց Ինտերսեքս անձանց համար հավասար իրավունքների վերաբերյալ թիվ CM/Rec(2025)7 հանձնարարականը, որը կարելի է գնահատել որպես էական առաջընթաց ինտերսեքս անձանց հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման և առօրյա կյանքում կենսական կարիքների հասցեավորման տեսանկյունից։ Այն, մասնավորապես, բացառապես ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող առաջին միջազգային փաստաթուղթն է։ Հատկապես կարևոր ձեռքբերում է առանց անձի տեղեկացված համաձայնության բժշկական միջամտության արգելքը և ստորև ներկայացված խտրականության բացառմանն ուղղված ոլորտային կարգավորումները։ 

Հանձնարարականի միջոցով, մասնավորապես ԵԽ անդամ պետություններին առաջարկվում է միջոցներ ձեռնարկել ինտերսեքս անձանց նկատմամբ խտրականությունը, անհանդուրժողականությունը, ինչպես նաև դրանով պայմանավորված այլ իրավունքների խախտումները կանխելու և վնասակար պրակտիկաները վերացնելու, ինչպես նաև անձանց պաշտպանություն տրամադրելու ուղղությամբ՝ տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ կրթությունը, առողջապահությունը, սոցիալական աջակցությունը, պետական ծառայությունների տրամադրումը և այլն։  

Հանձնարարականը նախ և առաջ անդրադառնում է մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանությանը, ինչպիսիք են՝ կյանքի իրավունքը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, արդար դատաքննության իրավունքը, անձնական ազատությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը և այլն։ Որպես բարձր վտանգավորություն ունեցող արարքներ, պետությունները պարտավորվում են նաև համապատասխանեցնել ատելության հիմքով հանցագործությունները և ատելության խոսքը կարգավորող օրենսդրությունը։  

Այնուհետև մանրակրկիտ անդրադարձ է կատարվում սոցիալ-տնտեսական իրավունքներին, ինչպիսիք են՝ աշխատանքի իրավունքը, առողջության իրավունքը, որը ներառում է ինչպես առողջապահական ծառայությունների ապահովումը, այնպես էլ դրանք հասանելիությունն ու կարիքից բխող առողջապահական խնամքը։   

Որպես հիմնաքարային խնդիր, կարևոր է նաև անդրադարձը գենդերի իրավական ճանաչման խնդրին, որը թե բխում է անձի մասնավոր կյանքի իրավունքից, թե կարող է հանգեցնել սահմանափակումների տարբեր հասարակական հարաբերություններում։ 

Քայլեր են նախատեսվում նաև թե հասարակության, թե ինտերսեքս համայնքի և մասնագետների շրջանում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, որը էական նշանակություն ունի խտրականության կանխարգելման տեսանկյունից։ 

Հանձնարարականը, փաստացի, հիմք է դրել ինտերսեքս անձանց իրավիճակի վերաբերյալ պարբերական հաշվետվողականության մեխանիզմի, որը ենթադրում է անդամ պետությունների կողմից ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից մատնանշված միջոցառումների ներդնում և ընթացիկ իրականացում, ինչպես նաև դրանց ընթացքի շուրջ տեղեկատվություն ներկայացնելու հանձնառություն։ Միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը հանդիսանում է կրկին Նախարարների կոմիտեն, որին պետք է հաշվետու լինեն անդամ պետությունները։ 

Հաշվի առնելով Հայաստանում ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանության բացը և տարիներ շարունակ խնդիրների անտեսումը՝ հույս ենք հայտնում, որ կառավարությունը նախ և առաջ կիրականացնի երկրում ինտերսեքս անձանց իրավիճակի, օրենսդրական բացերի և արատավոր պրակտիկաների համապարփակ գնահատում և կմշակի քաղաքականություն՝ ըստ անհրաժեշտության՝ հերթականությամբ հասցեավորելու համար խորապես արմատացած խնդիրները։ 

Նկատի ունենալով հասարակական կազմակերպությունների փորձագիտական ռեսուրսը՝ ակնկալում ենք կառավարության կողմից համագործակցության պատրաստակամությունը՝ առավել արդյունավետ իրականացնելու համար կարիքի գնահատումն ու մասնագետների հետ աշխատանքը։