Առաջին անգամ ատելության շարժառիթը դրվել է մեղադրանքի հիմքում
2024 թվականի փետրվարի 3-ին մեղադրյալն իր ընկերոջ հետ միասին, ուղղակի դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու նպատակով, հարձակվել է նույնասեռական անձի վրա՝ իմանալով վերջինիս սեռական կողմնորոշման մասին։ Կազմակերպության կողմից արձանագրված դեպքերից առաջինն է, որի շրջանակներում անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տուժողին դանակով մարմնական վնասվածք է պատճառվել՝ նույնասեռական լինելու հանգամանքով պայմանավորված անհանդուրժողականության շարժառիթով։ Այսինքն, իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է, որ հանցագործության շարժառիթը եղել է մեղադրյալի ատելությունը և անհանդուրժողական վերաբերմունքը նույնասեռական անձանց նկատմամբ։ Չնայած նրան, որ մեղադրյալների նկատմամբ ընտրված է եղել խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, սակայն այդ ընթացքում մեղադրյալներից մեկը կատարել է նոր հանցագործություններ։
Մասնավորապես՝ մեկ այլ անձ, ով տուժել է մեղադրյալներից մեկի գործողություններից, «Տիկ-տոկ» սոցիալական կայքում ուղիղ եթերում հայտարարություն է արել, որ ցանկանում է տեսանյութ նկարահանել և դրա համար իրեն անհրաժեշտ են ավտոմեքենա ունեցող անձինք: Այդ նպատակով «Տելեգրամ» հավելվածի միջոցով մեղադրյալը պայմանավորվել է տուժողի հետ, հանդիպել և տեսանյութ է նկարահանել։ Սակայն հանդիպումից հետո բացահայտ հափշտակել է վերջինիս բջջային հեռախոսը։
Այնուհետև, «Տելեգրամ» հավելվածի միջոցով մեղադրյալը շանտաժ է արել տուժողին՝ սպառնալով, որ նրա հարազատների շրջանում կտարածի հափշտակված հեռախոսի մեջ առկա՝ տուժողի անձնական նյութերը։ Դրա մեջ են եղել նաև տուժողի սեռական կյանքին վերաբերող նյութեր։ Այդ տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով մեղադրյալը տուժողից պահանջել է ևս մեկ բջջային հեռախոս, սակայն վերջինս հրաժարվել է տալ հեռախոսը։
Բացի այդ, մեղադրյալը «Գրինդր» սոցիալական հավելվածի միջոցով ծանոթացել է մեկ այլ անձի հետ։ Վերջինիս հետ շփման ընթացքում մի շարք հանդիպումներ ունենալուց հետո, հերթական անգամ առաջարկել է կրկին հանդիպել իր հետ։ Նրանք ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն են ունեցել, որից հետո մեղադրյալը, հափշտակություն անելու նպատակով, տուժողին առաջարկել է դուրս գալ ավտոմեքենայից։ Մեքենայից իջնելուց հետո, մեղադրյալը փախուստի է դիմել, իսկ մեքենայի մեջ են մնացել տուժողի բջջային հեռախոսը, ականջակալները, լիցքավորիչը և գումար։
Բացի այդ, մեղադրյալը «Ինստագրամ» սոցիալական կայքում, տեսնելով մեկ այլ անձի լուսանկարները և ցանկանալով շփվել վերջինիս հետ, կապ է հաստատել տվյալ անձի հետ: Այնուհետև, մեղադրյալը կարևոր տեղեկություն հայտնելու պատրվակով, առաջարկել է հանդիպել և հանդիպման ընթացքում հափշտակել է վերջինիս պատկանող գույքը։
Հափշտակություններն իրականացրած անձին մեղադրանք է առաջադրել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեզ հայտնի տեղեկություններով՝ մեղադրյալը մինչ այս արձանագրված դեպքերն իրականացրել է բազմաթիվ այլ նմանատիպ հանցագործություններ, սակայն տուժողները խուսափում են դիմել ոստիկանություն։
Կարևոր է նշել, որ առաջին անգամ է, որ քննչական մարմինը քրեական վարույթի ընթացքում ատելության շարժառիթը դրվել է հանցագործություն կատարած անձանց մեղադրանքի հիմքում։ Դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատել է և գործը ուղարկվել է Երևան քաղաքի առաջի ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը: