Ընտանեկան բռնության գործով աննախադեպ որոշում 

12-03-2024

2023 թ․ հունվարի 23-ին ոստիկանություն էր ահազանգել «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի սոցիալական աշխատողը՝ հայտնելով, որ կազմակերպություն դիմած շահառուի հայրը մեկ ամիս է ինչ անմարդկային պայմաններում փակի տակ է պահում և բռնությունների է ենթարկում նրան՝ վերջինիս սեռական կողմնորոշման պատճառով։

Դեպքի առիթով՝ հարուցվել էր քրեական վարույթ, սակայն Արարատի մարզի դատախազության դատախազը որոշում էր կայացրել հոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին։

Չնայած այդ հանգամանքին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն աննախադեպ որոշում է կայացրել։ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբանական աջակցության շնորհիվ 25.01.2024 թ․ դատարանը բավարարել է փաստաբանի բողոքը՝ քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին Արարատի մարզի դատախազների որոշումների դեմ։ Սրանով դատարանը փաստում է, որ չի կատարվել գործի բավարար խորքային քննություն, ինչի արդյունքում խախտվել է հոր կողմից բռնության ենթարկված անձի իրավունքները։ Ավելին, դատարանը պարտավորեցրել է տուժողի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարույթային ակտ կայացնել։

Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ երաշխավորված խտրականության արգելքի հոդվածն ամրագրում է պաշտպանված հատկանիշների բաց ցանկ՝ դրա բովանդակությունում «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» եզրույթի սահմանմամբ։ Հետևաբար, դատարանը գտել է, որ Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի հոդվածում նշված «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները» ենթադրում է նաև սեռական կողմնորոշումը որպես խտրականությունից պաշտպանված հատկանիշ։ Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 12-րդ արձանագրությամբ խտրականության համընդհանուր արգելքի նորմի կիրառման փաստով։ Դատարանի գնահատմամբ տուժողի հոր կողմից իրականացված արարքը պայմանավորված է նաև խտրականությամբ։ Բացի այդ, հոր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելը վկայում է տուժողի սեռական կողմնորոշմամբ պայմանավորված տարբերակված վերաբերմունքի դրսևորման մասին։

Դատարանը նաև անդրադարձել է տուժողի անձնական կյանքի գաղտնիության խախտման հարցին և գտել է, որ վարույթը իրականացնող մարմնի կողմից իրականացվել է թերի քննություն։ Մասնավորապես, նշել է․ «վարույթը իրականացնող մարմնի կողմից ․․․ իրականացվել է մակերեսային քննություն և գնահատականի չի արժանացրել տուժողի հոր կողմից տուժողի սոցիալական ցանցեր մուտք գործելու, տուժողի և վերջինիս զուգընկերոջ անձնական նամակագրությանը հասու դարձնելու ․․․ բողոքով բարձրացված հանգամանքները»։

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն ողջունում է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի դիրքորոշումն ու իրավական մեկնաբանությունը։ Այն էական նշանակություն ունի ոչ միայն անհատական գործի, այլև ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումների մեկնաբանման առումով։