Երթ՝ նվիրված Զարուհի Պետրոսյանի հիշատակին

29-11-2010

Ս.թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի և կտտանքների արդյունքում մահացած Մասիս քաղաքի բնակիչ` քսանամյա Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվեցին և ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինելու գործի արդար քննությանը և հասարակական հնչեղության ապահովմանը:

Կոալիցիան նոյեմբերի 25-ին կազմակերպեց երթ` նվիրված ընտանեկան բռնության զոհերի և Զարուհի Պետրոսյանի հիշատակին, և կոչ արեց հասարակությանը միանալ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին նվիրված 16-օրյակի շրջանակներում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը կոալիցիայի անդամ ՀԿ-ների կողմից կազմակերպված մյուս միջոցառումներին:

Երթի մասնակիցները համապատասխան մարմիններին ուղղեցին բաց նամակ, որի նպատակն է նրանց ուշադրությունը հրավիրել նման դեպքերի և կանանց նկատմամբ բռնության հիմնախնդրի վրա: Նաև կազմակերպվեց ստորագրահավաք կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելող և պատժող օրենքների ու համապատասխան մեխանիզմների ներդնման և պարտադիր կիրառման նպատակով: Երթի ընթացքում կկազմակերպվեց նաև դրամահավաք՝ նախատեսված Զարուհու 1.5 տարեկան դստեր համար:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպություններ.

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» Թուֆենկյան ԲՀԿ
«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ
«Զանգակատուն» ԲՀԿ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ