ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է Սալման Մուկաևին փախստական կարգավիճակ և ապաստան տալ

31-01-2024

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանն աննախադեպ վճիռ է կայացրել։ SK-SOS-ի ջանքերի և Փինքի իրավաբանական աջակցության շնորհիվ 29.01.2023թ-ին Վարչական դատարանը բավարարեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ չեչեն Սալման Մուկաևի հայցն ընդդեմ Միգրացիոն ծառայության, որը մերժել էր անձին ապաստան տրամադրել։ Դատարանի վճռի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունը պարտավորվում է Սալման Մուկաևին ճանաչել փախստական և տրամադրել ապաստան՝ այն հիմնավորմամբ, որ նա, Չեչնիա վերադառնալու պարագայում, իր սեռական կողմնորոշման պատճառով կենթարկվի հետապնդումների։

Հիշեցնենք, որ Սալման Մուկաևը Հայաստանում դիմել էր որպես փախստական ապաստան ստանալու համար՝ հիմնավորելով, որ Չեչնիայում ենթարկվել է խոշտանգումների և հետապնդման իրավապահ մարմինների կողմից՝ շինծու քրեական գործի հարուցման միջոցով։ Դեռևս 2022թ-ին Միգրացիոն ծառայությունն իր որոշմամբ հայտնել էր, թե Սալման Մուկաևը կարող է Ռուսաստանի Դաշնությունում այլ տարածքում բնակություն հաստատել և խուսափել հետապնդումից, և որ ՌԴ իրավակիրառ մարմինները կարող են ապահովել Մուկաևի դեմ հարուցված քրեական գործի արդար քննություն։ Միևնույն ժամանակ Միգրացիոն ծառայությունը արժանահավատ էր համարել Մուկաևի ներկայացրած փաստերը իր նկատմամբ կատարվածի և Չեչնիայում ԼԳԲՏ անձանց իրավիճակի վերաբերյալ։

Իր վճռով Դատարանը նախ փաստել է, որ անվիճելի է հայցվորի՝ սոցիալական որոշակի խմբի պատկանելության համար Չեչնիայի տեղական իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի պատճառով այնտեղ վերադառնալու անհնարինությունը: Դատարանը շեշտել է նաև, որ Մուկաևի կողմից ներկայացված տվյալները, մի կողմից՝ իր սեռական կողմնորոշման, մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնությունում և Չեչնիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, վկայում են, որ նույնիսկ եթե հայցվորի նկատմամբ քրեական հետապնդումը առնչություն չունենա նրա սեռական կողմնորոշման հետ, միևնույն է, հայցվորի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը վտանգված կլինեն։

Միևնույն ժամանակ, Դատարանը գտել է, որ նախկինում Չեչնիայում վատ վերաբերունքից փախած անձանց նկատմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում վերաբերմունքի վերլուծությունը ցույց է տալիս, որ անգամ բնակության վայրը տեղափոխելը չի կարող ապահովել անձի անվտանգությունը, քանի որ նա կրկին կվերադարձվի Չեչնիայի իշխանություններին։

Դատարանը նաև անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունում վերջին տարիների օրենսդրական փոփոխություններին և դատական պրակտիկային, որոնք ԼԳԲՏ հասարակակն շարժումը արգելել են երկրի տարածքում և փաստացի ենթադրում են հետապնդում ԼԳԲՏ անձանց և իրավապաշտպանների նկատմամբ։

Դատարանը, ի վերջո եզրահանգել է, որ Մուկաևին Ռուսաստանի Դաշնությանը վերադարձնելու պարագայում անկախ նրանից՝ նրան կփոխանցեն Չեչնիայի իշխանություններին, թե ոչ, նրա ազատությունը և անձնական անվտանգությունը վտանգված է։

Վճիռը օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց՝ Միգրացիոն ծառայության կողմից վերաքննիչ բողոքի բացակայության պարագայում։

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն ողջունում է Վարչական դատարանի դիրքորոշումն ու իրավական մեկնաբանությունը, որը էական նշանակություն ոնի ոչ միայն անհատական գործի, այլ նաև ԼԳԲՏ անձանց պաշտպանությանն ուղղված միգրացիոն իրավակարգավորումների մեկնաբանման առումով։